«Մանես եւ Վալեքսը» գումարներ է տրամադրելու թոքախտով հիվանդներին
Ալավերդի քաղաքի երիտասարդ բնակիչներից մեկը, որը բախտակիցն է քաղաքում բնակվող ավելի քան 300 թոքախտով հիվանդների, պարզապես ի վիճակի չէ ապրել հարազատ քաղաքում: Անգամ մթնոլորտի աղտոտվածությամբ առաջատար համարվող մայրաքաղաքում նրա ինքնազգացողությունն ավելի լավ է լինում:
Ինչպես հայտնի է, թոքախտն աղքատների հիվանդություն է, որի բուժման համար անհրաժեշտ է լիարժեք սնունդ եւ մաքուր օդ: Առաջինը թոքախտով հիվանդ ալավերդցիները չեն կարող ստանալ սոցիալական ծանր վիճակի պատճառով, իսկ երկրորդն առայժմ անհնար է ակնկալել, քանզի պղնձաձուլական կոմբինատը նոր-նոր է գործարկվել, եւ արտանետումների խնդիրը դեռեւս առաջնահերթությունների շարքում չէ: «Մանես եւ Վալեքս» կոմբինատը 10-ամյա նիրհից հետո վերագործարկվել է հին, պապենական մեթոդով: Այսինքնՙ վառարանի վրա պղինձը հալեցնում են այնպես, ինչպես հալեցրել են 100 տարի առաջ: Նախապես ծրագրված տարեկան 5 հազ. տոննա արտադրողականությունն այստեղ անցյալ տարի աճել էր եւ ստացվել 12 հազ. տոննա պղինձ: Դա բազմաթիվ առումներով դրական եւ ողջունելի լինելով, այնուամենայնիվ մթնոլորտ արտանետումների, հետեւաբար նաեւ նախ եւ առաջ թոքախտով հիվանդների առողջական վիճակի վատթարացում է նշանակում: Այս խնդիրը բնապահպանության խնդիրների լուծմանը հետամուտ մարդկանց համար այսօր ամենաառաջնայինն է, որն արդեն որոշակիորեն կարգավորվում է:
Ինչպես մեզ հետ զրուցելիս հայտնեց քաղաքի «Անկյուն+3» հեռուստաստուդիայի խմբագիր Հրաչիկ Պապինյանը, «Մանես եւ Վալեքսի» ղեկավարությանն առաջարկվել է որոշակի օժանդակություն ցուցաբերել թոքախտով հիվանդներին: Ճիշտ է, մասնագետների կարծիքով, դրանց առկայությունը կոմբինատի գործունեության հետեւանքով չէ, սակայն միանշանակ է, որ այդ գործունեությունը հնարավորություն չի տալիս հիվանդներին առողջանալ: Հիվանդության բուժման առաջին փուլն Աբովյանի մասնագիտացված հիվանդանոցում հաջողությամբ անցնելուց հետո մարդիկ չեն կարողանում վերջնականապես բուժվել: Քաղաքի հասարակայնության ներկայացուցիչների եւ «Մանես եւ Վալեքսի» ղեկավարների մի քանի հանդիպումներից հետո ընկերությունը համաձայնվեց ամսական 500 հազ. դրամ տրամադրել թոքախտով հիվանդների բուժման համար: Սա, անշուշտ, եւս ողջունելի է:
Ընդհանրապես չի կարելի ուրանալ, որ «Մանես եւ Վալեքսը», բացի զուտ արտադրական գործունեությունից եւ սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծելուց, բազմաթիվ բարեգործական եւ այլ ծրագրեր է իրականացնում ոչ միայն Ալավերդում, այլեւ ընդհանրապես մարզում: Բարեգործական ամենօրյա ճաշարան Ալավերդում, քաղաքի տոնին նվիրված մշակութային միջոցառումների ֆինանսավորում, Սպիտակի մշակույթի տան կառուցում, Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային թիմի ֆինանսավորում եւ այլն: Սակայն բնապահպանական խնդիրն այժմ շարունակում է համարվել մտահոգության արժանի թեմա: «Մանես եւ Վալեքսի» նախագահ Վալերի Մեջլումյանը խոստանում է այդ խնդիրը կարգավորել 4 տարի հետո: Բնապահպանական շարժման ակտիվիստները, սակայն, համոզված չեն դրանում: «Դեռեւս երկու տարի առաջ նա ասում էրՙ 4 տարի հետո, այժմ էլ նույնն է ասում, գուցե 4 տարի հետո էլ նույնն ասի», ասում են նրանքՙ առաջարկելով ներկայացնել թեկուզ 5, 10 տարի հետո լուծվելիք, բայց հիմնավորված ծրագիր:
Վալերի Մեջլումյանն այդ առթիվ հատկապես նյույորքյան համաժողովից հետո վստահեցրել է, որ այժմ արդեն խոսքը նորՙ տարեկան 30 հազ. տոննա արտադրողականությամբ գործարանի շինարարության մասին է, որտեղ նկատի են առնվելու նաեւ բնապահպանական խնդիրները: Բնականաբար հասկանալի է, որ առանց արտադրության զարգացման, լրացուցիչ ներդրումների եւ ակնկալվող շահույթների դրանք չեն լուծվի: Եվ այս հանգամանքը մշտապես պետք է նկատի ունենան բնապահպանները: Մյուս կողմից, «Մանես եւ Վալեքսը», որ իր համար շահութաբեր բիզնեսից բացի օգտակար գործ է կատարում ինչպես Ալավերդու, այնպես էլ ամբողջ երկրի համար, չպետք է մոռանա քաղաքի բնակչության համար կոմբինատի գործունեության բացասական հետեւանքների մասին: Բնապահպանական խնդիրների անտեսման դեպքում չի կարող պահպանել նաեւ միջազգային ճանաչում ունեցող ընկերության իր վարկանիշը եւ իրականացնել պղնձարդյունաբերության զարգացման իր մշակած ծրագիրը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Ալավերդի