«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2001-05-25 | #96, 2001-05-26 | #97, 2001-05-29


ՎԱՌՈԴԻ ՏԱԿԱՌ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Ադրբեջանը 1992 թ. հուլիսից խախտել է Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագիրը

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը ստորագրվել է 1990 թ. նոյեմբերին: Երբ 1991 թ. դեկտեմբերին ԽՍՀՄ փլուզումը ստացավ իրավաբանական բնույթ, արդեն 1992 թ. մայիսի 15-ին նախկին խորհրդային, այդժամ նորանկախ հանրապետությունները Տաշքենդում ստորագրեցին եւ միացան Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրին, ինչն անդամ երկրներին պարտավորեցնում էր չգերազանցել յուրաքանչյուր երկրի համար առանձին սահմանված սպառազինության քվոտաները: Այսպես, վերոնշյալ պայմանագրով Հայաստանին եւ Ադրբեջանին թույլատրվում էր ունենալ ոչ ավելի, քան 285-ական հրետանային կայանքներ, 220-ական տանկեր, 220-ական զրահամեքենաներ, 100-ական ռազմական ինքնաթիռներ եւ 50-ական ուղղաթիռներ:

2000 թ. սեպտեմբերի տվյալներով, ընդ որում պաշտոնական, Հայաստանն ուներ 225 հրետանային կայանքներ, 102 տանկ, 218 զրահամեքենա, 6 ռազմական ինքնաթիռ եւ 7 ուղղաթիռ: Ճիշտ է, 2000 թ. աշնանը Վրաստանի Ախալքալաքի 62-րդ ռուսական ռազմակայանից Հայաստանի Գյումրիի ռուսական 102-րդ ռուսական ռազմակայան փոխադրվեց որոշակի քանակությամբ սպառազինություն, սակայն այդ ամենը կատարվեց Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի տառին համապատասխան, ասել է թե առանց գերազանցելու միջազգայնորեն ընդունված համընդհանուր կանոնները: Պատահական չէ, որ Արեւմուտքը, որին բոլորովին էլ չի ոգեւորում ո՚չ հայ-ռուսական ռազմական համագործակցությունը եւ ո՚չ էլ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը, անհանգստություն կամ բողոք չներկայացրեց պաշտոնական Երեւանին եւ Մոսկվային: Իրականությունը հետեւյալն է. ռուսական 102-րդ ռազմակայանի եւ Հայաստանի սպառազինությունը միասին չի գերազանցում Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրով սահմանված քվոտաները:

Այժմ տեսնենք, թե ինչպես է Ադրբեջանը կատարում իր պարտավորությունները: Առանց մեկնաբանությունների եւ սուբյեկտիվ վերաբերմունքի ներկայացնենք ռուսական, ամերիկյան եւ ադրբեջանական պաշտոնական տվյալները:

ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի գնդապետ, մամուլի հարցերով նախկին պատասխանատու Վիկտոր Բարանեցն իր «Գլխավոր շտաբի գնդապետի գրառումները» գրքում գրում է. «1991 թ. վերջին ՊՆ ղեկավարությունը բազմիցս դիմել էր Գորբաչովին եւ Ելցինինՙ խնդրելով շտապ լուծել ԽՍՀՄ զինված ուժերի բաժանման հասունացած խնդիրները: Նախքան Միության լուծարումը անհրաժեշտ էր հանրապետությունների հետ հանգամանալի մշակել սպառազինությունների, տեխնիկայի, ռազմամթերքի եւ անշարժ գույքի ազգայնացման բոլոր նախապայմանները: Բայց 1991 թ. դեկտեմբերին Գորբաչովն արդեն ոչինչ չէր կարող որոշել, իսկ Ելցինը չէր որոշել ամբողջ հարցերը միասին: Սկսվեց խորհրդային ռազմական զինանոցի բաշխումը հանրապետությունների միջեւ: Անդրկովկասում զգալի չափով շահեց Ադրբեջանը, քանզի նրա տարածքում ավելի շատ խորհրդային զորքեր կային տեղաբաշխված, քան Վրաստանում եւ Հայաստանում: Օրինակ, ծանր տեխնիկայի քանակը 15 տոկոսով գերազանցում էր Հայաստանում եղածին եւ 27 տոկոսով Վրաստանի ունեցվածքին: ՌԴ ՊՆ արխիվներում պահվող մի շարք փաստաթղթեր արտացոլում են Ադրբեջանում տեղակայված զորամասերում տիրող մթնոլորտը: Ահա դրանցից մեկը: Ադրբեջանի տարածքում տեղակայված 4-րդ բանակի շտաբի զեկույցիցՙ ուղղված ՌԴ ՊՆ-ին: 20 հուլիսի, 1992 թվական. «Հունիսի 20-ին զինված կազմավորումները եւ բնակչությունը շրջափակել են Գյանջայի թիվ 23 մոտոհրաձգային դիվիզիանՙ պահանջելով անհապաղ ադրբեջանական բանակին հանձնել ռազմական տեխնիկան եւ սպառազինությունը: Անհարկի կորուստներից խուսափելու նպատակով դիվիզիայի հրամանատարությունը տեղի է տվել, եւ տեխնիկան հանձնվել է ադրբեջանցիներին»: Այդպիսի զեկույցներ այն ժամանակ Մոսկվա էին ուղարկվում գրեթե ամեն օր: Ադրբեջանում գտնվող խորհրդային բանակի պահեստներում կար 11 հազար վագոնից ավելի ռազմամթերք եւ սպառազինություն: Ադրբեջանի բանակին կբավարարեր նույնիսկ հազար վագոնը, որպեսզի մեկ տարվա ընթացքում ամեն օր տեղի ունենային միջին ինտենսիվության ռազմական գործողություններ: Այդ տարիներին Անդրկովկասում ծառայած որոշ ռուս սպաների կարծիքով, ադրբեջանական բանակը նման ժառանգության արժանացավ «ոչ գեղեցիկ աչքերի համար»: Օրինակ, Գյանջայի օդադեսանտային դիվիզիայում զինվում էին խռովարար գնդապետ Սուրաթ Հուսեյնովի ջոկատները: Մոսկվան իր ծրագրերում մեծ տեղ էր հատկացրել այս առաջնորդին այն նպատակով, որպեսզի հնարավորինս թուլացներ նավթային հարցերում կոշտ դիրքորոշում ցուցաբերող Հեյդար Ալիեւի դիրքերը»:

Ըստ գլխավոր շտաբի գնդապետիՙ «Անդրկովկասյան մյուս հանրապետությունների համեմատ ոչ բարենպաստ իրավիճակում էր հայտնվել Հայաստանը, որի տարածքում էր գտնվում 500 վագոն տարողությամբ 3 դիվիզիոնային պահեստ: Այսինքնՙ 20 անգամ պակաս Ադրբեջանի ունեցածից»:

Ադրբեջանի ԱԳՆ-իՙ երկրում ռազմական տեխնիկայի առկայության մասին 1993 թ. նոյեմբերի 3-ի եւ 6-ի թիվ 174 եւ 175 նամակներում գրված է. «1992 թ. հուլիս-օգոստոսին Ադրբեջանն ստացել է 286 տանկ, 842 զրահամեքենա, 345 հրետանային համակարգ: 1993 թ. մայիսին Ադրբեջանը լրացուցիչ ստացել է 105 զրահամեքենա, 42 հրետանային համակարգ, 1993 թ. սեպտեմբերին Ուկրաինայից գնել է 50 տանկ»:

1993 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ի զենքերի հսկողության եւ զինաթափման գործակալությունը խորհրդակցելով Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի կատարման պատասխանատու կոմիտեի հետ, ներկայացրել է ադրբեջանական բանակի հաշվեկշռում գտնվող սպառազինությունների քանակը: Ըստ դրա, Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է 286 տանկ, 388 հրետանային կայանք, 947 զրահամեքենա, 53 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, ինչպես նաեւ Ուկրաինայից գնել է 50 տանկ:

Ահա նման սպառազինությամբ Ադրբեջանը պատերազմում պարտվեց Լեռնային Ղարաբաղի բանակից: Ադրբեջանը 1992 թ. հուլիսից խախտել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, սակայն Արեւմուտքը որեւէ անգամ չի դատապարտել կամ մտահոգություն հայտնել: Փոխարենը նույն Արեւմուտքում փորձում են հասկանալ, թե ինչպես «7 միլիոնանոց Ադրբեջանը փառահեղ պարտություն կրեց 100 հազար բնակչություն ունեցող Ղարաբաղից»: Ամենաուշագրավը ԱՄՆ «Ատլանտյան խորհուրդ» հետազոտական կենտրոնի եւ Ջոն Հոպկինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի վերլուծաբանների զեկույցն է, ուր մասնավորապես գրված է. «Ղարաբաղցիներին բնորոշ է երկաթյա կարգապահությունը եւ ջերմեռանդ հայրենասիրությունը: Նրանք հարյուրամյա ռազմական ավանդույթ ունեն... Ադրբեջանական բանակը վստահություն չունի սեփական ուժերի նկատմամբ, իսկ երկրի հասարակությունն էլ չի վստահում բանակին: Պարտվելով ռազմադաշտում ավելի փոքրաթիվ ուժից, ադրբեջանցիները ներկայումս ավելի ու ավելի են հավատում, որ իրենք պատերազմող ժողովուրդ չեն, այլՙ առեւտրով զբաղվող»:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4