Ուսանողական առօրյա
Գարունը ծաղիկներով է լցրել աշխարհը: Լցրել է ջերմությամբ ու սիրով: Կյանքը սեր է դարձել, դարձել է երգ: Ուսանողական երգ, որ հնչում է ամեն գարնան ու... Ու դառնում տոն, մի փառատոն մշտնջենական: Փառատոն, որին այնքան սիրով սպասում է մեզնից յուրաքանչյուրը, վերապրելով այն գարունները, որոնք անցել-գնացել ենՙ թողնելով սերը: Սեր, որ պահում է ողջ աշխարհը:
Պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողները եւս տարիներ անց կհիշեն այս գարուն-փառատոնը: Գարունը շուտով կանցնի կգնա, սակայն նրա վառած սիրո հուրը կմնա: Ռոմանագերմանական ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Վիկտորյան, ողջունելով հյուրերին, բոլոր ներկա գտնվողներին, բեմահարթակ է հրավիրում Հերացու անվան բժշկական համալսարանի «Սասուն» ազգագրական համույթին: Համույթն իր ներկայացրած «Մայրոկե» եւ ավանդական մեր հաղթական «Քոչարի»-ով ուրույն, ազգային կոլորիտ ու տրամադրություն է հաղորդում, ու ներկաներից յուրաքանչյուրն իր ակունքներին է անդրադառնում:
Այնուհետեւ բեմահարթակում տանտերերն են: Արմինեն, Նունեն ու Անին կատարում են «Can՜t fight the moonlight» երգը, որը մոտավորապես հնչում է այսպես. «Ինչքան էլ փախչես, մեկ է, բռնելու եմ, պաչեմ»: Հետո բեմահարթակում «Սոված Գոհարն ու «պրծած» Կիմն են» («When I fall in love») երգի կատարումով: Լիլիթն ու Հարությունը շուտով հայտարարում են հեղինակային երգի վարպետ կատարողներ Հենրիկի եւ Հայկի մուտքը: Իսկ նրանց հաջորդում է Աննանՙ իրեն բնորոշ քնքշանքով ու նազանքով կատարած հայկական պարով:
Փառատոնը եզրափակող «Love story» («Սիրո պատմություն») երգի անզուգական, պրոֆեսիոնալ կատարումը դեռեւս երկար կհնչի մեր ունկերում, իսկ փառատոնին մասնակցելու հրավիրված Գեւորգի անունըՙ մեր շուրթերին:
Մի խոսքով, տոն էր համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում: Ֆակուլտետի դեկան Կարո Կարապետյանը շնորհավորեց բոլոր-բոլորինՙ այսքան կայացած ուսանողական միություն, ուսխորհուրդ ունենալու առիթով: Ու ցանկացավ նման կայացած ուսխորհուրդներ տեսնել համալսարանի բոլոր ֆակուլտետներում:
- Պահենք գարունը մեր սրտերում, քանզի այն սեր է: Սեր, որ կպահի ողջ աշխարհը, մաղթեց ֆակուլտետի դեկան պրն Կարապետյանը:
ՀԱՍՄԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ