SPFA ֆրանս-հայկական բարեգործական կազմակերպության Գյումրու երիտասարդ ֆրանսախոսների ակումբում ընդգրկված են տեղի մանկավարժական ինստիտուտի համանուն բաժնի տարբեր կուրսերի ուսանողներ: Այնտեղ նրանք օգտվում են ֆրանսերեն հարուստ գրադարանից ու տեսադարանից, համակարգիչներից ու ինտերնետ կապի հնարավորություններից, ապրում հետաքրքիր մշակութային առօրյայով եւ հաճելի հանգստանումՙ կտրվելով Գյումրու հոգսերից. 1997 թվականից ակումբին իր հյուրընկալ հարկի տակ տարածք տրամադրած Արտյոմ Պետրոսյանի անվան ֆրանսիական թեքումով միջնակարգ դպրոցի լեցուն դահլիճում երիտասարդ ֆրանսախոսներն օրերս ներկայացրին իրենց մշակութային նոր ձեռնարկումըՙ «Անուշի» դրամատիկական բեմադրությունը ֆրանսերեն:
Սա այն դեպքն էր, երբ լեզվական պատնեշը չկար: Իսկ բեմադրական արհեստավարժության պակասը զգալիորեն փոխհատուցվում էր ուսանող արտիստների խաղի պարզ անմիջականությամբ ու կերպարներին հարազատ լինելու խանդավառ ջանքերով: Դրանում իր դերն էր ունեցել Վարդան Աճեմյանի անվան թատրոնի դերասան եւ թատերարվեստի հանրապետական ինստիտուտի քաղաքային մասնաճյուղի ղեկավար Սամվել Գրիգորյանի մասնագիտական օգնությունը: Տպավորիչ էին հատկապես Սոնա Մահտեսյանի մարմնավորած դրամատիկ, բայց ներշնչուն ու սրտահույզ Անուշը, Իրինա Սարգսյանի խոնարհ ու բարի Նանին, Սարինե Խաչատրյանի ոգեշունչ ու գորովալից հեղինակային խոսքը եւ այլ դերակատարումներ, որոնք արժանացան դահլիճի ջերմ ծափողջույններին:
«Այս ներկայացումը մեզ հիացմունք պատճառեց», «Ազգի» թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի բաժնի աշխատակից Ժան Ֆրանսուա Բեսեն: Ըստ հյուրի, Թումանյանի գործը դժվարություն է ներկայացնում ե՚ւ թարգմանության, ե՚ւ բեմադրության տեսակետից, սակայն գյումրեցի ուսանողներն այդ ամբողջ բարդ աշխատանքը հաջողությամբ են կատարել: Իսկ ինչպիսի՞ն էր հայ Անուշը ֆրանսիացու աչքերով: Մեր այս հարցին պրն Բեսեն պատասխանեց. «Սա համամարդկային պատմություն է, սիրո պատմություն, որ սահմաններ ու ժամանակ չի ճանաչում: Դրանով այն հասկանալի ու մոտ է յուրաքանչյուր մարդուՙ լինի ֆրանսիացի, ամերիկացի թե աֆրիկացի»:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ