Մոսկվայում ավարտվեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղը
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի երիտասարդ եւ շնորհաշատ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ջանքերով 15 տարվա ընդմիջումից հետո հնարավոր եղավ իրականացնել նվագախմբի համերգը Մոսկվայում: Վերջին անգամ դա եղել է 1984 թվականինՙ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ: Այս անգամ համերգը կայացավ Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ համերգասրահում եւ նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: Նվագախումբը կատարեց Պ. Ի. Չայկովսկու «Փոթորիկ» սիմֆոնիկ ֆանտազիան, Ա. Խաչատրյանի Ջութակի եւ նվագախմբի կոնցերտը (մենակատարՙ Սիբիլլե Չոփփ (Շվեյցարիա), Հ. Բեռլիոզի «Ֆանտաստիկ սիմֆոնիան»: ՀՖ նվագախմբի համերգը մեծ խանդավառություն էր առաջացրել մոսկովյան երաժշտասեր հանրության, հատկապես մոսկվաբնակ հայ մտավորականության շրջանակներում: Ահա ինչպիսին էր Արամ Խաչատրյանի որդուՙ Կարեն Խաչատրյանի կարծիքը համերգի մասին. «Մոսկվացիներն այսքան երկար շատ հազվադեպ են ծափահարում: Սա մեծ հաղթանակ է...»: Հայ արվեստագետների ելույթը բարձր են գնահատել եւ բազմաթիվ հիացական կարծիքներ են արտահայտել նաեւ մոսկովյան երաժշտական քննադատներն ու մեկնաբանները: ՀՖ նվագախմբի համերգին ներկա էին նաեւ Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ, արք. Եզրաս Ներսիսյանը, որը նշել է. «Ոգեւորիչ է, տոնական է, եւ այս բոլորը մեծ ցնծություն է, որ Ռուսիայի մայրաքաղաք Մոսկվայում, ՀՖ նվագախմբի մասնակցությամբ տոնախմբվում է 1700-ամյակըՙ մեր հավատքի, մեր քրիստոնեական եւ կենարար հավատքի, մեր հաղթական, փրկարար եւ մեզ միավորող հավատքի, որը գալիս է ասելուՙ ապրեք հավատքով, հավատքը մեր կյանքն է, եւ այդ կյանքը ստեղծագործություն է, արարում է բարի գործերի, անանց արժեքների, որոնցով պետք է հարստացնենք մեր ազգային գանձարանը եւ դրանով մասնակիցը լինենք մարդկության արժեքների հարստացման»:
ՀՖՆ-ի մոսկովյան համերգը իրականացավ շնորհիվ ՀԲԸՄ հովանավորության, ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության պետական հանձնաժողովի, Ռուսաստանում ՀՀ դեսպանության, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի եւ Ռուսաստանի հայերի միության մոսկովյան տարածաշրջանային բաժանմունքի աջակցությամբ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ