Ավարտվեց Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացվող «Օլիմպիական մայրաքաղաք» մրցաշարը, որին աշխարհի 12 ուժեղագույն պատանի շախմատիստներ էին մասնակցում: Հիշեցնենք, որ մրցաշարի հովանավորներն էին ՄՕԿ-ի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Պատանի տաղանդների ստուգատեսում լավ հանդես եկավ երեւանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Առաջին շրջանում շվեյցարացի Ժեննիին հաղթելուց հետո նա մրցեց ֆրանսիացի Բաքրոյի հետ ու համառ պայքարում 3-4 հաշվով զիջեց, բայց հաջորդ երկու մրցախաղերում հաղթեց Հարիկրիշնային (Հնդկաստան), Պոնոմարյովին (Ուկրաինա) եւ գրավեց 5-րդ տեղը:
Մրցաշարի հաղթող դարձավ Բրուզոնը (Կուբա), որը պայքարն սկսեց երկրորդ շրջանից: Նա հերթով պարտության մատնեց Բուին (Չինաստան), Վոլոկիտինին (Ռուսաստան), Բաքրոյին եւ նվաճեց գլխավոր մրցանակը:
Բոլոր մրցախաղերն անցկացնելուց հետո առաջին ութնյակն այսպիսի տեսք ստացավ. 1. Բրուզոն, 2. Բաքրո, 3. Սաշիկիրան, 4. Վոլոկիտին, 5. Արոնյան, 6. Պոնոմարյով, 7. Բու, 8. Հարիկրիշնա:
9-12-րդ տեղերը բաժանեցին Ժեննին, Կոստենյուկը, Ժաոն, Մահամին: