«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2001-05-25 | #96, 2001-05-26 | #97, 2001-05-29


ՎԱԶՔԱՐՇԱՎՙ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԻՆ

Ավելի քան 10 տարի առաջ սկիզբ դրվեց մարզական մի գեղեցիկ ավանդույթիՙ Հայաստանի պետականության վերականգնման օրըՙ մայիսի 28-ը, նշել մասսայական վազքարշավներով: Դրանք ամեն անգամ մեծաթիվ մասնակիցներ էին ունենում եւ ընթանում տոնական մթնոլորտում: Ցավոք, վերջին երեք տարիներին դրանց փայլը խամրել էր:

Այս տարի տոնական վազքարշավը, կարելի է ասել, վերածնվեց, եւ դրա «մեղավորը» ֆրանսահայ Ալեքսան Մանուկյանն է: Նա իր համագործակցությունն ու հովանավորությունն առաջարկեց մեր մարզական պատասխանատուներին, եւ երեկ անցկացվեց հերթական վազքարշավը, որը նվիրված էր Հայոց պետականության վերականգնմանը եւ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700-ամյակին: ՀԱՕԿ-ի եւ Լիոնում բնակվող մեր հայրենակցի համատեղ ջանքերով անցկացվող մարզական միջոցառումն այս անգամ եւս գրավել էր հազարավոր մասնակիցների: Դեռ մեկնարկից շատ առաջ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում էին մարզազգեստներ հագած բազմաթիվ դպրոցականներ, ուսանողներ, զինծառայողներ, տարբեր զբաղմունքի տեր մարդիկ, վետերան վազորդներ. Շատերն այստեղ են եկել խմբերով: Իհարկե, այստեղ էին նաեւ Երեւանի վազքասերների ակումբի անդամներըՙ Վլադիմիր Մակարյանի գլխավորությամբ: Վազքարշավին տոնականություն էին հաղորդում զինվորական նվագախումբը, գույնզգույն պաստառները, փուչիկները: Օրհներգի հնչյունների տակ բարձրացվում է մեր եռագույնը, օդ են ճախրում բազմաթիվ աղավնիներն ու բազմագույն փուչիկները: Տրվում է մեկնարկը, եւ վազորդներն ուղղություն են վերցնում դեպի «Հրազդան» մարզադաշտ: 3 կիլոմետրանոց մրցուղին անցնում է Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Հաղթանակի կամրջով: ...Վազորդները մտնում են մարզադաշտ, կատարում վերջին շրջանն ու հատում եզրագիծը: Իհարկե, սա զուտ մարզական միջոցառում չէ, այդուհանդերձՙ նշենք բոլոր հաղթողներին ըստ տարիքային խմբերի. 14-18 տտ.ՙ Իզաբելա Նազարյան, Ավետիք Առաքելյան, 19-35 տտ.ՙ Քրիստինե Միկոյան, Ռոբերտ Միկոյան, 36-50 տտ.ՙ Մարտին Մարտիրոսյան, 51-60 տտ.ՙ Շուշան Պողոսյան, Գրիշա Մկրտչյան, 61-70 տտ.ՙ Ալբերտ Շուշոյան, 71 տ.-ից բարձրՙ Արարատ Ղուկասյան: Բոլոր տարիքային խմբերում առաջին 6 տեղերը գրաված մասնակիցները նվերներ եւ դրամական պարգեւներ ստացան, որոնք սահմանել էր հովանավորըՙ Ալեքսան Մանուկյանը:

Վերջում նրան խնդրեցին կարծիք հայտնել վազքարշավի մասին: «Շատ ուրախ եմ, որ կարողացանք կրկին մեծաթիվ մասնակիցներով այսպիսի վազք անցկացնել, ասաց պրն Մանուկյանը: Այս գործին մեծապես աջակցեց հին բարեկամսՙ մարզական գործիչ Գեորգի Շանոյանը: Շնորհակալ եմ նրանից եւ մյուսներից, բոլորից: Հույս ունեմ, որ հաջորդ տարիներին ամեն ինչ ավելի հաջող կընթանա»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4