«Միկա» (Աշտարակ)-«Արարատ» (ԵրեՎան)ՙ 1-1, 11 մ հարվածներովՙ 4-3: Երեւան, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ, 27 մայիսի:
«Միկա»ՙ Տիգրան Ասլանյան, Արսեն Դալլաքյան, Արմեն Պետիկյան, Արամ Ավանեսյան, Կարեն Գրիգորյան, Արմեն Մարկոսյան, Գրիգոր Մկրտչյան, Կարեն Մուրադյան, Սամվել Նիկոլյան, Դավիթ Գրիգորյան (Կարեն Եղիազարյան, 69՚), Հակոբ Մամուլյան (Էդուարդ Մանուչարյան, 79՚): «Արարատ»ՙ Մայիս Ազիզյան, Կարեն Բարսեղյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Արմեն Առաքելյան (Արսեն Այվազյան, 52՚), Աղվան Մկրտչյան, Տիգրան Եսայան, Արթուր Մինասյան, Հովակիմ Հովակիմյան, Էմիլ Մեսրոպյան (Ռոբերտ Մխիթարյան, 66՚), Էդգար Սաֆարյան, Համլետ Մխիթարյան (Արա Նիգոյան, 86՚): Մրցավարներՙ Սլավա Ղազարյան, Արմեն Մանուչարյան, Վարդան Անդրեասյան:
Զգուշացվեցին Պետիկյանը, Կ. Գրիգորյանը, Առաքելյանը, Հովակիմյանը, Մխիթարյանը:
Գոլերը խփեցին Նիկոլյանը (54՚), Եսայանը (57՚): 11 մ հարվածներով գոլերը խփեցին Նիկոլյանը, Մարկոսյանը, Գ. Մկրտչյանը, Պետիկյանը, Եսայանը, Նիգոյանը, Բարսեղյանը, չխփեցին Մուրադյանը, Թադեւոսյանը, Հովակիմյանը:
Հայաստանի գավաթի 10-րդ խաղարկության եզրափակիչը չափազանց լարված ստացվեց: Հիմնական ու լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, եւ միայն լրացուցիչ նշանակված 11 մետրանոց հարվածները որոշեցին հաղթողին:
Հանդիպման առաջին կեսում երկու թիմերի ֆուտբոլիստներին էլ լարվածությունը խանգարեց հետաքրքիր, բովանդակալից խաղ ցուցադրել: Պայքարելու, արդյունքի հասնելու ցանկությունը կար, բայց կաշկանդավածությունն էր պատճառը, որ հարվածներ, փոխանցումներ կատարելիս շատ էին սխալները:
Շատ բուռն ու ակտիվ գործողություններ ծավալվեցին երկրորդ խաղակեսի սկզբում: Երկու կողմերի խաղացողները փոխնիփոխ գրոհում էին մրցակից թիմի դարպասըՙ բավականին սուր պահեր ստեղծելով: Դա տվեց իր արդյունքը. ընդմիջումից 10 րոպե անց, հերթական գրոհի ժամանակ «Արարատի» դարպասին հարված կատարեց «Միկայի» խաղացող Արմեն Մարկոսյանը: Իսկ նրա թիմակից Սամվել Նիկոլյանը շեղեց գնդակի ուղղությունը, եւ գնդակը պարզապես մխրճվեց դարպասի հեռավոր անկյունը: Սակայն 1-0 հաշիվը երկար չմնաց: Ընդամենը 3 րոպե անց բարձր վարպետությամբ փայլեց արարատցի Տիրգան Եսայանը: Խաբս տալով մրցակցի մի քանի պաշտպանների եւ դարպասապահինՙ նա խփեց պատասխան գոլը: «Արարատի» արագաշարժ խաղացողը դրանից հետո եւս 3-4 անգամ կարող էր գրավել մրցակցի դարպասը, բայց ամեն անգամ նրա հարվածները շեղ էին ստացվում: Մեկ անգամ էլ Եսայանի հարվածից հետո գնդակը ետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Իհարկե, «Միկայի» ֆուտբոլիստներն էլ «պարտքի տակ» չէին մնում. նրանք եւս ակտիվորեն գրոհում էին եւ «Արարատի» դարպասը գոլ խփելու մի շարք հնարավորություններ ունեցան: Բայց այդպես էլ դարպասների գրավում այլեւս չարձանագրվեց, եւ գավաթակրին որոշելու համար հարկ եղավ դիմել 11 մ հարվածների օգնությանը: Շատերն այս հարկադրական միջոցը ֆուտբոլային վիճակախաղ են անվանում, որտեղ բախտը ժպտում է ավելի քիչ սխալվողին: Իրոք, եզրափակիչը ցույց տվեց, որ թե՚ «Միկան», թե՚ «Արարատը» արժանի են գավաթակրի կոչմանը, բայց հաղթողը մեկն է լինելու. Եվ 120 րոպե տեւած մրցապայքարը եզրափակվեց մեկ այլ հուզիչ «արարով»: Այդ պայքարում ավելի սառնասիրտ գտնվեցին «Միկայի» ֆուտբոլիստները: 11 մ 5 հարվածներից նրանք դիպուկ իրացրին 4-ը, մրցակիցներըՙ 3-ը: Այսպիսով, «Միկան» նվաճեց հանրապետության գավաթը:
Հիշեցնենք, որ սա թիմի նմանատիպ երկրորդ անընդմեջ հաջողությունն է: Շնորհավորո՚ւմ ենք «Միկա» ակումբի ֆուտբոլիստներին, մարզիչներին, ղեկավարներին:
Բոլոր գավաթակիրները
1992 թ.ՙ «Բանանց» (Աբովյան)
1993 թ.ՙ «Արարատ» (Երեւան)
1994 թ.ՙ «Արարատ» (Երեւան)
1995 թ.ՙ «Արարատ» (Երեւան)
1996 թ.ՙ «Փյունիկ» (Երեւան)
1997 թ.ՙ «Արարատ» (Երեւան)
1998 թ.ՙ «Ցեմենտ» (Արարատ)
1999 թ.ՙ «Ցեմենտ» (Արարատ)
2000 թ.ՙ «Միկա» (Աշտարակ)
2001 թ.ՙ «Միկա» (Աշտարակ)