<20019801.jpg>
Ռոբերտ Քոչարյանը երեկ Լոռու մարզում էր
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երկրի նախագահի Լոռու մարզ երեկ կատարած այցելությունը սկսվեց 1988 թ. աղետից ամենից շատ տուժած քաղաքիցՙ Սպիտակից: Վերջին տարիներին այստեղ նկատելի է շինարարական աշխատանքների աշխուժացումը: Ռոբերտ Քոչարյանը կանգ առավ Սպիտակի կենտրոնական հատվածի հրապարակում, որի կառուցման եւ բարեկարգման համար 2001 թ. պետական բյուջեից հատկացվել է 183 մլն դրամ: Ավանդական ճարտարապետական ոճով կառուցվող բնակելի շենքերի նախագծերի հեղինակն է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը: Սպիտակի կենտրոնում կառուցվող բնակելի շենքերից մեկն էլ առաջին անգամը լինելով կառուցվում է Հայաստանի գործարարների նվիրատվությամբ (50 մլն դրամ), որ նրանք կատարել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:
Վանաձոր քաղաքում, որը նախկինում Հայաստանի երկրորդ խոշոր արդյունաբերական կենտրոնն էր մայրաքաղաքից հետո, նախագահի այցելության առաջին վայրը «Պրոմեթեւս-Քիմպրոմ» համալիրն էր: Համալիրի երեք ձեռնարկություններից (քիմիական, քիմիական մանրաթելերի գործարաններ եւ ՋԷԿ), մայրաքաղաքից ժամանած պատվիրակությունը եղավ միայն քիմիական մանրաթելերի գործարանում եւ ջերմաէլեկտրակենտրոնում: Երկու ձեռնարկություններում էլ զգացվում էր այն մեծածավալ աշխատանքը, որ կատարվել էր սեփականաշնորհումից հետո:
Այստեղ կատարված ներդրումները գերազանցել են 10 մլն դոլարը: Համալիրը պատրաստ է գործարկման: Դրան խոչընդոտող հիմնական խնդիրն այսօր գազի բարձր գինն է: Վանաձորում կարճատեւ մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը եւս ընդգծեց այս հանգամանքը եւ նշեց, որ պետությունն այստեղ նույնպես կձգտի օգնել ընկերությանը: Առաջ անցնելով տեղեկացնենք, որ մամուլի ասուլիսում նախագահն անդրադարձավ Լոռու մարզի տնտեսական կացության եւ իրականացվող շինարարական աշխատանքներին: Նա նշեց, որ արդյունաբերության աճն այս տարվա առաջին ամիսներին մարզում կազմել է 68 տոկոս: Սկսել են արտադրանք տալ նախկինում չաշխատած 13 ձեռնարկություններ: Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ճակատագիր է սպասում քաղաքի մյուս սեփականաշնորհված, բայց պարապուրդի ենթարկված ձեռնարկություններին, նախագահն ասաց, որ ցանկալի կլինի, որպեսզի դրանց սեփականատերերը, եթե չեն կարողանում գործարկել, ապա գոնե վաճառեն այդ գործարանները նրանց, ովքեր ի վիճակի են դա կատարել: Որպես օրինակ բերվեց Երեւանի հրուշակեղենի-մակարոնի գործարանը, որի «Գրանդ քենդի» անվանումը կրող արտադրանքը, գործարանի նոր սեփականատիրոջն անցնելուց հետո, հայտնի է բոլորին:
Աղետի գոտին, Ռոբերտ Քոչարյանի հավաստմամբ, շարունակում է մնալ որպես գերակայություն կառավարության համար: Լոռու մարզում, բացի Սպիտակից, նախագահի կարծիքով, կհաջողվի կատարել այն, ինչ նախատեսված է: Այսինքնՙ բնակշինարարության ծրագրերը կավարտվեն մինչեւ եկող տարվա մայիս, հունիս ամիսները, իսկ Սպիտակումՙ 2003 թ. ընթացքում:
Իր հերթին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը լրագրողների հետ զրուցելիս կարեւորեց շինարարական աշխատանքներըՙ որպես նաեւ աշխատատեղերի ստեղծում: Դրանց մեջ այժմ ընդգրկված է 5000 մարդ: Մարզում նախատեսված են իրականացնել 65 կմ երկարությամբ ճանապարհաշինական ծրագրեր, ինչի շնորհիվ լրացուցիչ աշխատատեղեր կբացվեն:
Վանաձորում նախագահն այցելեց քաղաքի վերականգնվող երկուՙ թիվ 3 եւ թիվ 1 դպրոցները: Մասնավորապես վերջինս Վանաձորի հնագույն կրթօջախն է եւ վերակառուցվում է «Հայաստան» հիմնադրամի կողմից: Մյուսՙ թիվ 3 դպրոցի շինարարության գումարները հատկացվել են պետական բյուջեից եւ սոցիալական ներդրումների հիմնադրամից: Ավարտին է մոտենում նաեւ Վանաձորի «Գուգարք» պոլիկլինիկայի շինարարությունը, որի շահագործման հանձնվելուց հետո տնակներում գործող 2 պոլիկլինիկաներ կտեղափոխվեն այդ մասնաշենք:
Առավել ջերմ էր ընդունելությունը Վանաձորի մշակույթի պալատի շինարարության սկսման արարողության ժամանակ: Ավանդական երգ ու պարի հնչյուններով քաղաքի բնակիչները դիմավորեցին նախագահին եւ իրենց շնորհակալությունը հայտնեցին, որ Վանաձորի խորհրդանիշ համարվող մշակույթի կիսաքանդ պալատի համար աղետից 13 տարի անց վերջապես միջոցներ են հատկացվել: Ինչպես տեղեկացանք, ընդհանուր վերականգնման համար պահանջվող գումարը կազմում է 440 մլն դրամ: Սակայն այս տարի կհատկացվի այդ գումարի մոտ մեկ երրորդը:
Եվ վերջապեսՙ վերջին կանգառը «Գլորիա» (նախկին «Լոռե») կարի ձեռնարկությունն էր: Այն Վանաձորի հաջող գործունեություն ծավալած թեթեւ արդյունաբերական գործարաններից է, որն աշխատում է ամերիկյան «Ամերեքս» ընկերության պատվերները կատարելով: Արտադրական կապեր են հաստատվել նաեւ ռուսական ընկերությունների հետ: Այս ձեռնարկությունում աշխատում են 400, հիմնականում կին աշխատակիցներՙ 18_23 հազար դրամ աշխատավարձով: Ընդ որում, մոտ 150 աշխատատեղ ստեղծվել է վերջին 4 ամսվա ընթացքում: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ գործարկել եւս 100 աշխատատեղ: Այնպես որ, «Գլորիան» իսկապես ընդօրինակման արժանի ընկերություն է եւ ոչ միայն Վանաձորի համար: