«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2001-05-26 | #97, 2001-05-29 | #98, 2001-05-30


ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ՚ ԼԻՆԻ

ԼՂՀ նախագահի հանդիպումը լրագրողների հետ

ԵՂԻՇԵ ԱՐՇԱԿՅԱՆ, Ստեփանակերտ

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հերթական հանդիպումը լրագրողների հետ Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ էր եւ երեկ տեղի ունեցավ ԳՄ «Իրիկնաժամ» դահլիճում:

Ժուռնալիստների միության ղեկավարության խնդրանքով Ա. Ղուկասյանը պատմեց մայիսին Ֆրանսիա կատարած իր այցի մասին, անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիՙ տարածաշրջան կատարած այցի արդյունքներին:

Համառոտակի ներկայացնելով Ֆրանսիայում ունեցած հանդիպումները, որոնց մասին ժամանակին իրազեկել է հայկական մամուլը, ԼՂՀ նախագահն առանձնացրեց դրանց արդյունքների կարեւոր նշանակությունը: Դրանցից մեկն, ըստ նախագահի, ֆրանսահայ լոբբիինգի արդյունավետ ջանքերն ենՙ Ֆրանսիայի կառավարությունից արցախանպաստ նյութական աջակցություն ստանալու համար: Ուշագրավ է այն հանգամանքը, որ սեպտեմբերին Մարսել քաղաքում կայանալիք բիզնես-համաժողովին պիտի ներկայանա նաեւ ԼՂՀ-ն:

Քաղաքական հանդիպումների շրջանակներում Ա. Ղուկասյանը կարեւորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիական հին եւ նոր համանախագահների հետ հանդիպումները:

Համանախագահության այցին եւ դրան առնչվող հարցերին Ա. Ղուկասյանն ավելի տարողունակ ձեւով անդրադարձավ: Մասնավորապես նա բացառեց, որ մինչեւ տարեվերջ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ կարող է ստորագրվել: Քաղաքական հանդիպումները եւ բանակցությունները դեռեւս չեն նշանակում հարցի վերջնական հանգուցալուծում: Կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք լրիվ չեն համաձայնեցված, իսկ դիվանագիտական փաստաթղթերում թեկուզ մեկ չհամաձայնեցված կետը կասեցնում է մյուս համաձայնեցված կետերի վավերականությունը: Բացի այդ, հնարավոր չի լինի ընդունել մի այնպիսի փաստաթուղթ, որը ժողովրդի կողմից չի ընդունվել:

ԼՂՀ-ի միջազգային ճանաչման խնդրին անդրադառնալով, ԼՂՀ նախագահը նշեց, որ ներկա պայմաններում մերկապարանոց մոտեցումը ճիշտ չէ, քանի դեռ բանակցությունները շարունակվում են: Միջազգային ճանաչումը ենթադրում է նաեւ ԼՂՀ-ի անվտանգության ապահովում, իսկ, ասենք, մի քանի երկրների ճանաչելը չի կարող դեռեւս անվտանգության երաշխիքներ ստեղծել: Ճանաչումը նույնպես պետք է լինի բանակցությունների արդյունքում:

Միեւնույն ժամանակ, Ա. Ղուկասյանը չբացառեց հետագայում դրա անհրաժեշտությունը: Եթե Ադրբեջանը շարունակի իր ապակառուցողական դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի հարցում, ապա գուցե թե կգա մի պահ, երբ կծառանա ԼՂՀ-ն ճանաչելու հարցը: Եվ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության կողմից, նշեց նախագահը:

Տարածքների փոխանակման խնդրին Ա. Ղուկասյանը հետեւյալ մեկնաբանումը տվեց: Այսօր գլխավոր խնդիրը ԼՂՀ կարգավիճակն է: Տարածքների հարցը պատերազմի հետեւանք է, սկզբնապես գոյություն չուներ, ուստի առայժմ դրանց մասին խոսելն անիմաստ է: Տարածքների խնդիրը կապված է քաղաքական երաշխիքների հետ, որոնք եւ պիտի տան բանակցությունները:

Ինչ մնում է Մեղրիի փոխանակման խնդրին, ապա, ԼՂՀ նախագահի կարծիքով, անթույլատրելի է Ղարաբաղի հարցի լուծումը Հայաստանի տարածքի հաշվին: Մեղրին ավելի շատ աշխարհաքաղաքական խնդիր է, Իրանի հետ Հայաստանի սահմանը պիտի մնա:

Ա. Ղուկասյանը պատասխանեց նաեւ լրագրողների տարաբնույթ հարցերին: Դրանք ներառում էին ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական ոլորտները:

«Ազգի» թղթակցի հարցին, թե ԼՂՀ-ի ներքաղաքական վիճակը, մասնավորապես մարտի 22-ի դատավարությունը, որոշակի ազդեցություն ունի՞ սփյուռքահայության վրաՙ Արցախի նկատմամբ դրսեւորվող վերաբերմունքում, Ա. Ղուկասյանը պատասխանեց, որ ընդհակառակը, սփյուռքում, կոնկրետ Ֆրանսիայում, ոգեւորված են ԼՂՀ-ում իրականացվող բարեփոխումներով: Նույնիսկ ավելինՙ այդ գործընթացներն ամրապնդում են սփյուռքի վստահությունը Արցախի նկատմամբ:

Վերջում ԼՂՀ նախագահը կրկին ողջունելով Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությունը, հույս հայտնեց, որ այդ հանդիպումը լավ նախադեպ կդառնաՙ հանրապետության մյուս պետական այրերի հետ եւս նպատակասլաց հանդիպումներ կազմակերպելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4