<20019803.jpg>
Փոքրիկ նավն էլ ընդդիմանալ գիտի
Մեկ շաբաթ առաջՙ մայիսի 23-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել Եվրախորհրդի քաղաքական եւ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցել է նաեւ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունըՙ ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Մեկշաբաթյա չբացատրվող լռությունից հետո ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Հովհաննիսյանն այդ կապակցությամբ մամլո ասուլիս էր հրավիրել, որից կարելի էր այն եզրակացության հանգել, թե «հյուրընկալ» Թուրքիայի բան ու գործը հայաստանյան պատվիրակության այնտեղ եղած ժամանակ եղել է Հայաստանի գլխին լուտանքներ թափելը:
Ըստ Հովհաննիսյանի, Ստամբուլում եղած եռօրյա ժամանակահատվածում իրենք երեք օր բացարձակապես հնարավորություն չեն ունեցել դուրս գալու հյուրանոցից եւ գտնվել են թուրքական իշխանությունների ուժեղ հսկողության տակ: Ավելինՙ հյուրանոցի առաջ, որտեղ հանգրվանել է պատվիրակությունը, կազմակերպվել է հակահայկական ուղղվածությամբ ցույց, որտեղ քննադատվել է Հայաստանի վարած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը:
Նույն գաղափարն արդեն պետական մակարդակով հնչեցրել է Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմը, որը ոչ ավել, ոչ պակաս հայերին անվանել է ահաբեկչության հրահրիչներ: Այլ կերպ չի կարելի մեկնաբանել նրա շուրթերով հնչած տեսակետը, թե հայերի կողմից միջազգային ասպարեզում եւ տարբեր երկրներում ծավալած լոբբիստական գործունեությունն ահաբեկչություն է Թուրքիայի դեմ: Ընդ որում, արտգործնախարարը նման հայտարարություն է անում Եվրախորհրդի հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում, որը Հովհաննես Հովհաննիսյանի գնահատմամբՙ ոչ կոնստրուկտիվ եւ չոր ելույթ էր: Իսկ մինչ այդ, ցույցի անցկացումը նա որակեց որպես բացահայտ ճնշում հայկական պատվիրակության վրա:
Ջեմի ելույթից հետո նրան տրվել է 15 հարց, որոնցից մեկը հնչեցրել է հայկական պատվիրակությունը մոտավորապես այն բովանդակությամբ, թե ինչպես է պատկերացնում արտգործնախարարը Թուրքիայի ինտեգրումը Եվրամիությանն առանց իր անմիջական հարեւանների հետ հարաբերությունների սերտացման: Ի պատասխան Ջեմը հայտնել է, թե Թուրքիան իր հարաբերությունները փորձել է ջերմացնել Հայաստանի հետ, որը, սակայն, խափանվել է Ֆրանսիայիՙ Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումից հետո: Թե հատկապես ի՞նչ կոնկրետ դրսեւորումներ են ունեցել Ջեմի արտահայտած սերտացման փորձերըՙ ոչինչ չի ասվում:
Չհանդուրժելով Թուրքիայի իշխանությունների նման սանձարձակ վերաբերմունքը, նիստի հաջորդ օրըՙ մայիսի 24-ին, հայկական պատվիրակությունը հրապարակել է հակազդեցիկ հայտարարություն, որտեղ, Հ. Հովհաննիսյանի խոսքերով, Թուրքիայի արտգործնախարարի ելույթը որակվել է որպես կեղծ եւ մտացածին ու պարզապես թյուրիմացության արդյունք: Ըստ Հովհաննիսյանի, դա վկայում է, որ Թուրքիան դեռեւս պատրաստ չէ Հայաստանի հետ նորմալ, քաղաքակիրթ երկխոսություն սկսելունՙ կապված Ցեղասպանությանն առնչվող հիմնահարցերի հետ: Իսկ մյուս կողմից նման քայլերով Թուրքիան ավելին չի անում, քան իրեն շարունակ հեռացնում է իր գլխավոր երազանքիցՙ Եվրամիությանն անդամակցելուց, ինչի մասին հենց Իսմայիլ Ջեմին ուղղված հարցով ակնարկել է հայկական պատվիրակությունը:
Ինչեւէ, Հովհաննես Հովհաննիսյանն առաջին անգամ էր գտնվում Թուրքիայում եւ, նրա տպավորությամբ, այդ երկիրն իրեն ցավով հիշեցրել է, որ մեր փոքրիկ հանրապետությունն այդ երկրի կողքին հիշեցնում է միայն օվկիանոսում լողացող մի փոքրիկ նավի:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ