ՄՈՍԿՎԱ, 29 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լրատվա-վերլուծական «ԳազետաՍՆԳ.ռու»-ն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեղինակային նախագծերի հատուկ մրցույթ:
Այդ առնչությամբ տարածված տեղեկատվությամբ, մասնավորապես, նշվում է, որ «չնայած կանխավ հունիսի 15-ին Ժնեւում նախատեսվող Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը կարող է կամ առհասարակ չկայանալ, կամ հետաձգվել ավելի ուշ ժամկետի», խմբագրությունը որոշել է հունիսի 15-ը վերածել յուրատեսակ «ղարաբաղյան մոմենտումի»: Այդ օրը, ինչպես ասվում է "www.gazetasng.ru" սայթի հատուկ հրապարակման մեջ, կհայտարարվեն մրցույթի հաղթողներըՙ այդ բազմամյա խնդրի լուծմանն ուղղված առավել օրիգինալ եւ պրոֆեսիոնալ պատրաստված առաջարկների հեղինակները: Ըստ մրցույթի պայմանների, կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, որոնք մինչեւ 2001 թվականի հունիսի 10-ը "sng@df.ru" հասցեով կուղարկեն իրենց տարբերակները: Դրանցից ամենահետաքրքրականները կհրապարակվեն «Տեսակետ» խորագրի ներքո, ինչպես նաեւ կտարածվեն զանգվածային առաջատար լրատվամիջոցներով: Համաձայն CNA գործակալության հաղորդման, մրցույթի հաղթողը կստանա դրամական պարգեւատրում: Խմբագրությունում ստացված բոլոր տարբերակները կհրապարակվեն «ԳազետաՍՆԳ.ռու» հատուկ վերտառությամբ: