ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի վերջերից մայրաքաղաքում հեղուկ գազի գինը նկատելիորեն էժանացել է: «Հայռուսգազարդ» ՀՁ «Բուտան» ընկերության տնօրեն Սեյրան Ակլունցի մեկնաբանությամբ, սա պայմանավորված է Վրաստանից ներկրված համեմատաբար էժան գազով, որի հաշվին էլ ներքին շուկայում գինը նվազել է 20-30 դրամովՙ կազմելով 230 դրամ:
Ըստ Ս. Ակլունցի, տարվա ընթացքում լինում են երկու-երեք գնային տատանումներՙ կապված պահածոյացման շրջանում պահանջարկի մեծացման, տարեվերջյան ամիսների, նաեւՙ ներկրումների հետ: Տնօրենի խոսքերով, այսպիսի «թռիչքները» չհաշված, հանրապետությունում միշտ էլ պահպանվել է հեղուկ գազի կայուն գին, որի մեկ կիլոգրամի ամենաբարձր արժեքը չի անցնել 300 դրամից: Նա հավելեց, որ սակագնային տարբերություն է առաջանում նաեւ այն պատճառով, որ հանրապետություն հեղուկ գազի ներկրմամբ զբաղվող անհատ ձեռներեցները համեմատաբար թանկ գներ են սահմանում:
Տարվա միջին հաշվարկով հանրապետությունում ամիսն իրացվում է 1000-1200 տոննա հեղուկ գազ: