«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2001-05-26 | #97, 2001-05-29 | #98, 2001-05-30


ԱԺ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՍԹԱՓԵՑՆԵԼ ԱՐՄԵՆՏԵԼԻՆ

Նախաձեռնվում է արտահերթ նիստ

Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը պնդում էր, թե Արմենտել ՀՁ-ի կապի համակարգում կատարած ներդրումներն ուսումնասիրելու նպատակով կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ: Մինչեւ հիմա, սակայն, այդ խումբն իրեն հիշեցնելու ոչ մի առիթ չի տվել: Ավելինՙ սկսեցին լուրեր պտտվել, թե շուտով հեռախոսների համար րոպեավճար է մտցվում, ինչն առաջացրեց ազգաբնակչության բուն հակազդեցությունը: Եվ չնայած րոպեավճարը կիրառելու է հուլիսի 1-իցՙ երկու ամսով փորձնական եղանակով, այնուհանդերձ ստեղծված լարվածությունը չի անցնում: Հիշեցնենք, որ Արմենտելին տրված գործունեության լիցենզիայով այդ ձեռնարկությանը թույլատրվում է կիրառել րոպեավճարը, եւ ըստ էության պետությունը ոչինչ անել չի կարող գործընթացը կանխելու նպատակով: Թերեւս միայն բանակցությունների միջոցով կարող է ընկերությանը համոզել առավել ցածր սակագներ ամրագրել, ինչը եւ փորձում է անել:

Ելնելով առաջացած անելանելի իրավիճակից, «Օրինաց երկիր» կուսակցությունն իր անհանգստությունն է արտահայտում եւ Արմենտելի կողմից րոպեավճարի ներդրման գործընթացը կասեցնելու միակ քիչ թե շատ լուրջ ճանապարհը տեսնում է այդ ընկերության պարտավորություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մեջ: Այդ նպատակով «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցությունն «Արմենտել ՀՁ-ի պայմանագրային պարտավորությունների կատարումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու» օրակարգով այսօր ԱԺ արտահերթ նիստ է փորձում հրավիրել: Որոշման նախագիծը 10 կետ է պարունակում, որոնք առնչվում են ժամանակավոր հանձնաժողովի նպատակին, խնդիրներին, լիազորություններին եւ աշխատանքային կարգին: Ըստ դրանց, ժամանակավոր հանձնաժողովն ուսումնասիրությունների հիման վրա եզրակացություն է ներկայացնելու խորհրդարանին: Գլխավոր խնդիրը լինելու է պայմանագրային պարտավորություններին Արմենտելի փաստացի ներդրումների ժամանակագրական համապատասխանության ուսումնասիրությունը: Հիշեցնենք, որ դեռեւս մեկ ամիս առաջ այս առումով ընկերության պարտավորությունների թերացման կասկածներ էր հայտնել կապի եւ տրանսպորտի նախարարը, իսկ կատարված ներդրումները պիտի զգալիորեն բարեփոխեին կապի համակարգը, ինչն առկա չէ:

4 ամիս ժամկետով ձեւավորվող հանձնաժողովին իրավունք է տրվում ազատորեն ծանոթանալ բոլոր փաստաթղթերի հետ, որոնք առնչվում են կատարվելիք ներդրումներին:

Սակայն կկայանա՞ արտահերթ նիստըՙ կորոշի ԱԺ քաղաքական մեծամասնությունը միայնՙ դեմ կամ կողմ արտահայտվելով էլեկտրոնային քվեարկության ընթացքում:

Գ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4