Քիչ են սփյուռքում միջազգային իրադարձությունները մեկնաբանող վերլուծաբանները, սակայն այդ քչերին լսելը կարող է խիստ օգտակար լինել մեզ համար: Այդ քչերի թվում է ներկա հոդվածի հեղինակ Դավիթ Բ. Բոյաջյանը, որն ապրում է Նյութոնում (Մասաչուսեթս): Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթից:
Հարավային Հայաստանի Մեղրիի շրջանի մասին ասեկոսեները չեն դադարում: Դրանցից մեկը, որ չափազանց անհավանական է, ենթադրում է ղարաբաղյան ինքնիշխանության դիմաց Մեղրին հանձնել Ադրբեջանին: Անհավանական է, որովհետեւ Մեղրին Հայաստանի նման չորս կողմից փակ (landlocked) երկրի համար հաղորդակցության անհրաժեշտ եւ խիստ կարեւոր միջոց է:
Ավելի հավանական է այն տարբերակը, ըստ վերջին լուրերի, որ Ադրբեջանն ստանա Մեղրու վրայով միջազգայնորեն երաշխավորված անցման իրավունք դեպի Նախիջեւան: Ոչ թե որովհետեւ հայերն են ցանկանում ղարաբաղյան հարցի նման լուծում, այլ պարզապես Ամերիկայի պետքարտուղարությունը, Թուրքիան եւ Ադրբեջանը Մեղրին համարում են ավելի հեռուն գնացող մարտավարական նշանակության ծրագրիՙ պանթուրքական միջանցքի ստեղծման բաղկացուցիչ մի մասը:
Պետքարտուղարության զույգ նպատակները Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հետեւյալներն են. նախ կայսերական Ռուսաստանին մեկուսացնել (այսպես կոչված Ռուսաստանի կարողությունների սահմանափակման (containment) քաղաքականություն) եւ երկրորդՙ տեղադրել նավթի եւ գազի խողովակաշարեր: Այս վերջինիս համար երկու ճանապարհ գոյություն ունի: Մեկը արեւմուտքից Հայաստանի կամ Վրաստանի վրայով, իսկ մյուսը հարավիցՙ Թուրքիայի վրայով: Վրաստանը չնայած բաց, սակայն պառակտված երկիր է (էթնիկական անջատողականությամբ) եւ գտնվում է Ռուսաստանի ճնշման ներքո:
Պետքարտուղարության համար ղարաբաղյան խնդրի լուծման կարեւորությունն այն է, որ դրանով Ամերիկան համարյա ամբողջ Կովկասն է բաց անում, վերացնելով հայ-ադրբեջանական սահմանը: Ծրագիրը հետեւյալն էՙ հայերը Լաչինի միջանցքն են ստանում դեպի Ղարաբաղ, իսկ ադրբեջանցիները Մեղրու միջանցքըՙ դեպի Նախիջեւան:
Բայց եկեք դիտարկենք Թուրքիայի վեց մղոնանոց սահմանը Նախիջեւանի հետ: Այդ գողտրիկ սահմանը, որ Թուրքիան ձեռք է բերել Իրանից խորհրդային ժամանակներում, կարծես թե վերոնշյալ կարգավորումով ձեռք է բերելու իր իսկական նշանակությունը: Եթե Ադրբեջանն իրավունք ստանա անկաշկանդ անցնելու Մեղրու վրայով, ապա Թուրքիան ի վիճակի կլինի ցանկացած ապրանք, այդ թվում նաեւ զինամթերք, տեղափոխել Նախիջեւան: Իսկ Ադրբեջանն այնուհետեւ շատ հեշտությամբ եւ միանգամայն օրինական ճանապարհով այդ ապրանքը կտեղափոխի Ադրբեջան Մեղրու վրայով:
Նորմալ պայմաններում Հայաստանը, իհարկե, չէր թողնի նման բան: Բայց եթե խաղաղության համաձայնագիրը պայման դնի, որ Հայաստանն ու Ղարաբաղը կարող են ազատորեն օգտվել Լաչինի միջանցքից միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն ու Նախիջեւանը (իմաՙ Թուրքիան) կարողանան նույնքան ազատորեն օգտվել Մեղրու միջանցքից, ապա Հայաստանն ստիպված կլինի թույլատրել, որ իր հարավային տարածքն օգտագործվի որպես պանթուրքական մայրուղի: Արեւմուտքի համար նման մի կարգավորման ամենակարեւոր ենթատեքստն այն է, որ Թուրքիան այդ միջանցքն ընդմիշտ օգտագործելու իրավունք է ստանալու նույնիսկ, եթե երբեք դիվանագիտական հարաբերություններ չհաստատի Հայաստանի հետ կամ չվերացնի նրա շրջափակումը:
Մեղրու եւ Լաչինի հարցերը, իմ կարծիքով, ընդհանրապես չպետք է առնչվեին ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Դժբախտաբար նույնիսկ ՀՀ արտգործնախարարությունն է հասկանալ տալիս, որ այդ երկուսը ինչ-որ չափով առնչվում են եւ համանման են: Բայց եկեք համեմատենք. հայկական զորքերը Լաչինի վրա հսկողություն սահմանեցին միայն այն ժամանակ (1990-ական թվերին), երբ ադրբեջանցիները հարձակվեցին Ղարաբաղի վրա: Նախիջեւանը, մյուս կողմից, երբեք հարձակման չի ենթարկվել Հայաստանի կողմից: Մեղրին փակվեց միայն Ադրբեջանի նախահարձակման հետեւանքով: Լաչինը Ղարաբաղի եւ ոչ թե Հայաստանի գոյատեւման երաշխիքն է: Հետեւաբար պետք է խնդրո առարկա հարց դառնա Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ: Մինչդեռ Մեղրին Լաչինի եւ Ղարաբաղի հետ առնչություն չունենալով, լոկ հայ-ադրբեջանական խնդիր է:
Բայց որովհետեւ Մեղրու «պարգեւը» կարելի է բանակցել միայն իր սեփականատիրոջ, այսինքն Հայաստանի հետ, պետքարտուղարությունն ու Ադրբեջանը միասնաբար շահագրգռված են Ղարաբաղին դուրս թողնել բանակցությունների շրջանակից: Քոչարյանն ինքն ակնարկեց նման ճնշման մասին ապրիլին «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցի ընթացքում: Պաշտպանելով հանդերձ հայաստանաղարաբաղյան կեցվածքը բանակցությունների ընթացքում, Քոչարյանն ավելացրեց, որ օտար երկրներն իրեն հասկացրել են, թե «քանի որ Ղարաբաղը ռազմական եւ տնտեսական առումներով մեծապես կախման մեջ է Հայաստանից, վերջինս կարող է ճնշում գործադրել նրա վրա եւ ստիպել, որ Ղարաբաղը համաձայնի...»:
Հայաստանը պետք է կարողանա ասել. «Լուծենք Ղարաբաղի հարցը, հետո կխոսենք Մեղրու մասին»: Սա ի վերջո համազոր կլինի Թուրքիայի կեցվածքին, որը մերժում է իր սահմանները բացել մինչեւ Ղարաբաղի հարցի կարգավորումը:
Ելնելով գերտերությունների եւ տարածաշրջանում վխտացող օտար գործակալությունների շահերից, ղարաբաղյան բանակցություններում ճնշումներ եւ ամեն տեսակի խայծեր են գործադրվում կառավարությունների եւ անհատների վրա: Արդեն գիտենք, օրինակ, մի քանի տարի առաջ տեղի ունեցած Սպիտակ տուն-Ռոժե Թամրազ նավթային խողովակաշարերի սկանդալի եւ Ռուսաստանում Հալիբըրթոն ընկերության (փոխնախագահ Դիկ Չեյնիի գլխավորած բենզինի ծառայությունների հսկան) ծավալած կասկածելի գործունեության մասին: Գիտենք նաեւ տարածաշրջանում գոյություն ունեցող կաշառակերության մեծ ծավալների մասին:
Արեւմուտքը, գրեթե վստահաբար կարելի է ասել, Ռուսաստանին տնտեսապես եւ քաղաքականապես դուրս է մղելու Կովկասից եւ հետագայում նաեւ Կենտրոնական Ասիայից, հենց որ այդ տարածքը մատչելի դառնա ղարաբաղյան կարգավորումից հետո: Պետքարտուղարությունը չափազանց խելամտորեն արեւմտյան գերիշխանություն է ձեռք բերում տարածաշրջանում անհամեմատ ցածր գնովՙ Ղարաբաղի հարցում մի քանի փշրանք գցելով հայերի առաջ:
Բայց իրականություն կարո՞ղ է դառնալ արդյոք Մեղրու պանթուրքական միջանցքը: Հուսով ենքՙ ոչ: Բայց հաստատ չենք կարող ասել: ԵԱՀԿ-ի եւ պետքարտուղարության ծավալած բանակցությունները չափազանց գաղտնի են պահվում: Բայց գիտենք, որ Հայաստանի բանակցային կեցվածքն անհամեմատ թույլ է, քան այն, ինչ պետք է լինի, որովհետեւ, դժբախտաբար, քաղաքականապես ավելի ազդեցիկ սփյուռքը հեռու է պահվում բանակցային գործընթացից: Այս օտարման լավագույն օրինակ է անցյալ հունվարին CNN-TURK TV-ին տված Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նախագահը հրաժարվեց Ցեղասպանության փոխհատուցումներից: Այդ հայտարարությունների համար, ճիշտ է, նախագահին խիստ քննադատեցին ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում: Սակայն մտահոգությունը մնում է: Եթե Հայաստանի ղեկավարությունը հեշտությամբ հրաժարվում է նման կարեւոր խաղաթղթերից եւ ձեռնտու գործարքներ իրականացնելու դրանց ընձեռած հնարավորություններից, ապա ի՞նչ ռեսուրսներից եւ լծակներից է նա հրաժարվում ղարաբաղյան բանակցություններում:
Անցյալ ամսվա քիվեսթյան հանդիպումից հետո նախագահ Քոչարյանը պետք է հանդիպեր սփյուռքահայ հասարակայնության հետՙ նախ համախմբվածություն ցուցաբերելու եւ երկրորդՙ սփյուռքի քաղաքական ներուժից օգտվելու համար: Ի վերջո այդ ներուժն էր, որ իրականություն դարձրեց 907 հոդվածը, որով Ադրբեջանը զրկվեց հարյուրավոր միլիոնների հասնող ամերիկյան օժանդակությունից: Եթե Ադրբեջանն ունենար նման ազդեցիկ մի սփյուռք, Ալիեւը վստահաբար կօգտվեր դրանից: Չպետք է մոռանանք «բաժանի՚ր, որ տիրես» կարգախոսը:
Հաշվի առնելով նիստուկացի եւ դիտարկումներ կատարելու տարբերությունները, ոչ մի երկիրՙ ո՚չ Իռլանդիան, ո՚չ Հունաստանը, ո՚չ իսկ Թուրքիան, չի կարողացել սփյուռքի հետ իր հարաբերություններում խուսափել տարաձայնություններից: Պետք է նշել նաեւ, որ տարաձայնությունները Հայաստանի ներսում ավելի շատ են, քան Հայաստան-սփյուռք հարաբերություններում: Սակայն պետքարտուղարությունն օգտվում է նույնիսկ ամենափոքր տարաձայնությունիցՙ մեկուսացնելու սփյուռքը Հայաստանից եւ դրանով իսկ թուլացնելու վերջինիս:
Ապրիլին Հարվարդում նավթային ընկերությունների աջակցությամբ անցկացված կասպյան ուսումնասիրությունների ծրագրերից մեկում պետքարտուղարության ղարաբաղյան բանագնաց Քերի Քավանոն ընդգծեց, որ «Հայաստանը սփյուռքից մի քայլ առաջ է» ղարաբաղյան կարգավորման հարցում: Չարախինդ ենթատեքստն այն էր, որ սփյուռքը խաղաղություն չի ցանկանում, ուստի պետք է անտեսել նրան: Մի շաբաթ անց Քուինսում (Նյու Յորք) նրա տեղակալ Քենիթ Մաքլին Հիլասը պատասխանելով այն հարցին, թե «Ցեղասպանություն բառի չօգտագործումը նախագահ Բուշի կողմից կարո՞ղ է արդյոք խախտել Հայաստանի ու Ղարաբաղի վստահությունն Ամերիկայի նկատմամբ», ասաց, որ Հայաստանն ինքը չի առարկել Բուշի այդ բառի չօտագործմանը կամ բողոքել դրա դեմ, կարծես հասկացնելով, որ Հայաստանի ժողովուրդն անտարբեր է այդ երեւույթիՙ Ցեղասպանության նկատմամբ: Հիլասի խոսքերի ենթատեքստն այն էր, որ սփյուռքի պարտավորվածությունն ու նվիրվածությունը Ցեղասպանության հարցին անտեղի կամ գործին չվերաբերող երեւույթ է եւ Հայաստանի ու Ղարաբաղի «թեւերը կարելի է ոլորել»ՙ առանց պատժի արժանանալու:
Մի քանի կոնգրեսականների այցելած որոշ ամերիկահայեր վերջերս երեւան հանեցին պետքարտուղարության տարածած սուտը, թե իբր սփյուռքը դեմ է խաղաղությանը: Այս ամբողջ ընթացքում Քավանոն եւ Հիլասը հավատացնում են, թե «Ղարաբաղը եւս բանակցություններին կմասնակցի, երբ հարմար ժամանակը գա», կարծես իրենք եւ ոչ թե Ղարաբաղի ժողովուրդը պետք է վերջնականապես որոշեն երկրի ճակատագիրը: Ամբարտավանության աստիճանը շատ հստակ է:
Ղարաբաղյան եւ Մեղրու հարցերի շուրջ ինտենսիվ բանակցությունների այս օրերին սփյուռքի քաղաքական շրջանակներն, ինչպես նաեւ Հայաստանն ու Ղարաբաղը մի կողմ դնելով իրենց հպարտությունըՙ պետք է ամենաբարձր մակարդակներում իրենց ձայնը լսելի դարձնեն: Մենք պետք է նույն դիրքերում լինենք, եւ քանի ուշ չէ, կանգնեցնենք պետքարտուղարության թափանցիկ ծրագրերըՙ Հայաստանն օգտագործելու որպես ուղելաթ, որի վրա թուրքերին թույլատրվի սրբել ոտքերը:
Այդ ծրագրերը հակասում են նաեւ Ամերիկայի ազգային շահերին եւ արժեքներ գնահատելու նրա չափանիշներին:
Խնդիրն այն չէ, որ Հայաստանն ու սփյուռքն ամեն ինչում համակարծիք լինեն, այլ որ համակարգելով սփյուռքի նշանակալի հնարավորություններն ու ռեսուրսները, փորձեն հասնել խաղաղության ամենալավ տարբերակին: Սփյուռքը կարող է օժանդակել Հայաստանին Կոնգրեսի եւ ամերիկյան զանգվածային լրատվական միջոցների հետ ունեցած իր կապերի միջոցով, մանավանդ որ վերջիններիս մեծամասնությունը չի վստահում պետքարտուղարությանը: Թող սփյուռքը ստանձնի «վատ ոստիկանի» դերը: Միեւնույն է, նրան վնասող չի լինի:
Թերություններն ընդհանրապես հասարակական եւ մասնավորապես սփյուռքի հետ հարաբերություններում ունեն միեւնույն հիմնապատճառները, որոնցից ամենագլխավորը հասկացվելու պակասն է: Սփյուռքը պետք է հասկանա, որ տնտեսական եւ քաղաքական բնագավառներում Հայաստանի վրա հսկայական ճնշում է գործադրվում բոլոր նրանց կողմից, ովքեր պատմականորեն միշտ էլ ցանկացել են սոսկ օգտագործել Հայաստանն իրենց նպատակների համար: Սփյուռքը սխալներ գործել է, սակայն խորապես ցանկանում է օգնել Հայաստանին: Բայց ոչ երբեքՙ թելադրել: Եկեք մենք մեր ամենավատ թշնամին չլինենք: Ժամանակը սպառվում է, եւ օրհասական պահը սարերի հետեւում չէ: