«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2001-05-26 | #97, 2001-05-29 | #98, 2001-05-30


«ԱՊՐԻԼԻ 24-Ի ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲՆ» ԱՆՎԱՆԱՓՈԽՎԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու նպատակով 1993 թ. Ֆրանսիայի հայկական կազմակերպություններին համախմբած «Ապրիլի 24-ի հանձնախումբը» ս. թ. փետրվարի 17-ին կայացած ընդհանուր ժողովում անվանափոխվեց եւ այժմ կոչվում է «Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման հանձնախումբ» (ՖՀԿՀՀ):

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո կատարված այս անվանափոխությունը ժամանակավոր է. մի քանի ամիս հետո հավանաբար հայտնի կդառնա ֆրանսահայ համայնքի ներկայացուցչական կառույցի նոր անունը: Իսկ առայժմ համայնքի ներսում վիճաբանություններ են ծավալվել ՀՅԴ ներկայացրած նախագծի շուրջը: Դրանով առաջարկվում է ստեղծել «Ֆրանսահայերի ժողովրդավարական եւ ներկայացուցչական ժողով» (ՖԺՆԺ): ՀՅԴ-ն տարածել է (մասնավորապես ինտերնետ ցանցում) 48 հոդվածից կազմված համապատասխան խարտիա եւ 76 կետանոց ներքին կանոնադրություն: 2000 թ. հունիսից մշակված այդ երկու փաստաթղթերի հեղինակներն են քաղաքագիտության դոկտոր Կայծ Մինասյանը եւ ՀՅԴ կենտկոմի անդամ Շառլի Փափազյանը: «Ֆրանս-Արմենի» հանդեսի վկայությամբ, փաստաթղթերը հավակնոտ են, խրթին եւ շատ են հիշեցնում 1958 թ. ընդունված Ֆրանսիայի 5-րդ հանրապետության սահմանադրությունը: Խարտիայի որոշ ձեւակերպումներ եւ դրույթներ էլ փոխ են առնված ամերիկացիներից, օրինակՙ պատվիրակների 4-ամյա մանդատի սկզբունքը: Ճիշտ է, Ֆրանսիայի սահմանադրության բառապաշարը փոփոխվել է եւ ՖԺՆԺ-ի համար առաջարկվում է «ժողով» (եւ ոչ թե «խորհրդարան») անվանումը: Համայնքի ներկայացուցչական նոր կառույցը, ըստ ՀՅԴ նախագծի, պետք է ունենա ոչ թե պատգամավորներ, այլ պատվիրակներ, որոնք կառաջարկեն ոչ թե օրինագծեր, այլ բանաձեւեր: Այդուհանդերձ նախագիծը հիշեցնում է Ֆրանսիայի պետական հաստատությունների կառուցվածքը: Սա ակնհայտ չափազանցություն է ընդամենը 400 հազարանոց հայ համայնքի համար:

ՖԺՆԺ խարտիայի նախաբանում շեշտվում է հայ համայնքի ապագա ներկայացուցչական կառույցի հանրապետական բնույթը, հավատարմությունը «Ֆրանսիայի սահմանադրությանը, հանրապետական օրենքներին եւ միաքաղաքացիությանը», որոնք ժառանգված են 1789 թ. ֆրանսիական հեղափոխությունից: Հատկանշական է, որ իբրեւ ՖԺՆԺ խորհրդանշան առաջարկվում է ֆրանսիական կապույտ-սպիտակ-կարմիր դրոշը, իսկ որպես օրհներգՙ «Մարսելյեզը»: Դժվար է պատկերացնել, թե հայապահպանության նախանձնախնդիր եւ ձուլման հակառակորդ գործիչները հայերի մի ժողովի ժամանակ ինչպես են «Մարսելյեզի» հնչյունների ներքո պատվի առնում Ֆրանսիայի դրոշի առջեւ:

ՀՅԴ նախագծի առթիվ հրապարակային ելույթները դեռեւս քիչ են: Ի դեպ, կուսակցության եվրոպական վարչությունն անգամ լիովին չի հարում նախագծին: ՖՀԿՀՀ-ն պետք է քննարկման առնի իր կազմակերպական բարեփոխմանն ուղղված բոլոր առաջարկությունները, մասնավորապես համայնքի ընդհանուր ընտրություններ անցկացնելու առաջարկությունը: Առաջիկայում կանդրադառնանք այս առնչությամբ տարբեր գործիչների արտահայտած տեսակետներին:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4