«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2001-05-26 | #97, 2001-05-29 | #98, 2001-05-30


ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԿԱՐՄԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Այսօր, երբ հայերի կողմից քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության օրերն են, եւ այդ առթիվ Երեւանի կենտրոնում վեր է խոյանում Գրիգոր Լուսավորչի հոյակապ եկեղեցին, վատ չի լինի հիշել Լուսավորչի մեկ ուրիշ եկեղեցի, որն ավելի քան 5 դար կանգնած է Մոսկվայի Կարմիր հրապարակում:

Ոչ թե հրապարակի մի ինչ-որ աննկատելի անկյունում, այլ աչքի ընկնող մի տեղում, հրապարակի կենտրոնում եւ մտնում է Վասիլի Երանելու տաճարի հոյակերտ համալիրի մեջ, եւ նրա գմբեթը վեր է խոյանում Երանելու եկեղեցու գմբեթին կիպ-կպած: Եթե մտնելու լինեք Երանելու տաճարը, հարցրեք, թե որտե՞ղ է Հայկական եկեղեցին: Եկեղեցու ծառայողը ձեզ կուղեկցի դեպի ձախ եւ ցույց կտա «Ցերկով Գրիգորիսա Արմյանսկովո», որն ամբողջովին պատած է որմնանկարներով եւ սրբապատկերներով:

Արժե իմանալ, թե ինչպես է գոյացել Լուսավորչի եկեղեցին մի այդպիսի պատվավոր տեղում:

Նախ ասենք, Գրիգոր Լուսավորչի պաշտամունքը Ռուսաստանում վաղուց է եղել: Նրա սրբապատկերները կան Պսկովի, Ռոստովի, Կոլոմնիայի եկեղեցիներում: Լուսավորչի հոյակապ սրբապատկերները կան նաեւ Կրեմլի Ավետման եւ Սպասկու տաճարներում: Իսկ Նովգորոդի Ներեդիցա եկեղեցու պատերին կան Լուսավորչի որմնանկարները:

Ժամանակին Կրեմլի շրջապատում բազմաթիվ փայտաշեն շինություններ են եղել, այդ թվում նաեւ մոտ մեկ տասնյակ եկեղեցիներՙ նույնպես փայտաշեն, որոնք նվիրված են եղել ռուսական սրբերին: Այդ շինությունները կպած են եղել իրար եւ բազմաթիվ հրդեհների պատճառ են դարձել: Իվան Ահեղի հրամանով այդ շինությունները քանդել են, որպեսզի տեղը քարից կառուցեն: Երբ ռուսական սրբերին նվիրված եկեղեցիների նախագծերը բերում են Իվան Ահեղի մոտ, նա ավելացնում է նաեւ Գրիգոր Լուսավորչի անունը: Սակայն նույն Ահեղը շուտով իր մոտ է կանչում ճարտարապետներին եւ առաջարկում մեջտեղում կանգնեցնել Վասիլի Երանելու տաճարը, իսկ շուրջը կիպ-կպցնել մյուս սրբերի եկեղեցիները, ունենալով միայն մի ընդհանուր մուտք: Այդպես գոյանում է այն բազմագմբեթ կառույցը, որը կանգնած է մինչեւ այսօր եւ հիացնում է բոլորին:

Հետաքրքիր է, թե ինչն է դրդել Իվան Ահեղին, որ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին դրել է ռուսական եկեղեցիների կողքին: 15-րդ դարի վերջերին Ռուսաստանը պատերազմում էր Կազանի թաթարների դեմ: Կազանի տակ մղվող պատերազմում կային նաեւ հայկական դրուժինաներ: Հայերը հատկապես հմուտ էին թնդանոթաձգության մեջ: Եվ ահա թաթարները գիշերով հանկարծակի գրոհելով, մի քանի թնդանոթ են ավարառում, նրանց հետ նաեւ թնդանոթաձիգներին: Եվ որովհետեւ մինչ այդ թաթարները թնդանոթներ չէին ունեցելՙ հայերին ստիպում են կրակել ռուսների վրա: Հայերը հրաժարվում են: Թաթարները նրանց կապում են թնդանոթներին, թրերը հանած մահվան սպառնալիքով ստիպում են կրակել, հայերը դարձյալ հրաժարվում են եւ զոհվում պարիսպների վրաՙ առանց կրակելու:

Այս լուրը հասնում է Իվան Ահեղին, եւ նա հատուկ հրովարտակով հայերին մեծ արտոնություն է շնորհում: Գրիգոր Լուսավորչի եկեղեցին պատում են Սուրբ Գրիգորի կյանքին նվիրված սրբապատկերներով: Հատկապես աչքի է ընկնում մի մեծ սրբապատկեր, որի շուրջը տասնվեց պատկերներ կան: Այդ պատկերներն արտահայտում են Լուսավորչի կյանքըՙ սկսած Տրդատի հետ առաջին հանդիպման պահից, Խոր Վիրապի տանջանքները, վերջացրած Տրդատի հետ նոր հանդիպումով, որտեղ թագավորը ներում է շնորհում Սուրբ Գրիգորին եւ ընդունում քրիստոնեություն: Ուրիշ որմնանկարներ եւ սրբապատկերներ էլ կան եկեղեցում. տանջամահ արված Գայանեի ու Հռիփսիմեի եւ այլ պատկերներՙ նվիրված քրիստոնեության ընդունմանը:

Սաղաթել Հարությունյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4