Այսպես է կոչվում բանաստեղծ Սիմոն Ներսիսյանի անդրանիկ ժողովածուն, որը լույս տեսավ վերջերս:
Բանաստեղծը ծնվել է Թբիլիսիում: Գրել սկսել է դպրոցական տարիքից: Պատանի ստեղծագործողի ոտանավորներն արժանանում են ճանաչված գրողներ Բենիկ Սեյրանյանի, Գեւորգ Գրիգի, գրականագետ Արտաշես Մխիթարյանի ուշադրությանը: Նրանք քաջալերում են պատանուն եւ ընդգրկում նրան Գրողների միության գրական խմբակում:
Սիմոն Ներսիսյանն այսօր ապրում եւ ստեղծագործում է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում: Առաջին ժողովածուն լույս է տեսել «Վերնատուն» հրատարակչության ջանքերովՙ Սերգեյ Գալուստյանի խմբագրությամբ: Գիրքը թարգմանվել է ռուսերեն (թարգմանիչՙ Գեորգի Կուբատյան) եւ շուտով լույս կտեսնի դարձյալ վերոհիշյալ հրատարակչության կողմից:
Այս օրերին Սիմոն Ներսիսյանը Երեւանում է. մեր թղթակիցը հանդիպեց նրան եւ զրույց ունեցավ:
_ Ձեր բանաստեղծությունների մի մասի տակ թվագրված են 1972, 73 թվականներ.
_ Երեւի ուզում եք հարցնելՙ հին չե՞ն արդյոք դրանք. պատասխանեմՙ ոչ, քանի որ այդ գործերը թեեւ գրվել են դպրոցական տարիներին, բայց արծարծում են հավերժական թեմաներՙ սեր հայրենիքի հանդեպ, առաջին սեր, իսկ դրանք երբեք չեն հնանում, այստեղ կարեւորն էՙ ստեղծագործությունը ստացվել է, թե ոչ.
_ Կարդալով Ձեր գիրքը, համոզվում ենք, որ Ձեր սրտի եւ կարոտի ամենամեծ թալիսմանն Արարատ լեռն է, որին Դուք ձոնել եք բանաստեղծությունների մի ամբողջ շարք եւ ուզում եք նշել, որ դրանք ստացվել են, հաջողված գործեր են, սակայն եկեք խոսենք ձեր քաղաքի հայկական համայնքի մասին: Դուք ունե՞ք որոշակի դեր այդ համայնքում.
_ Տուապսե քաղաքի բնակչության շուրջ 30 տոկոսը հայեր են: Վերջին տարիներին շատ ընտանիքներ տեղափոխվել են Հայաստանից ոչ միայն քաղաք, այլեւ ամբողջ Տուապսեի շրջան: Համայնքը մեծանում է, բայց չկան հայկական դպրոցներ: Բնական է, որ մտահոգվում ենք: Կարծում եմ, գալիք տարի ինձ կհաջողվի ստեղծել կրթամշակութային հայկական մի կենտրոն, որը կունենա իր գրադարանը, թերթը, կիրակնօրյա դպրոցը:
_ Մաղթենք հաջողություն Ձեր այդքան կարեւոր ծրագրերի իրականացմանը:
_ Առանց Հայաստանի օգնության հազիվ թե գլուխ գան իմ ծրագրերը, սակայն այստեղ եմ եւ իմ կապերն ամրապնդում եմ, որը հուսադրում է.
Ն. ԴԱՆԻԵԼՅԱՆ