«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2001-05-26 | #97, 2001-05-29 | #98, 2001-05-30


ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Թեքեյան մշակութային միության Լոս Անջելեսի մասնաճյուղի կազմակերպությամբ Գլենդեյլի հանրային գրադարանի դահլիճում մայիսի 16-ին տեղի է ունեցել անվանի թատերագիր Պերճ Զեյթունցյանի վերջերս անգլերենով նոր հրատարակված երկու թատերախաղեր («Ծնվել է ու մահացել» եւ «Ամենատխուր մարդը») ընդգրկող հատորյակի շնորհանդեսը, հաղորդում է ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի պաշտոնաթերթ «Նոր օրը»: Ելույթ են ունեցել գրքի թարգմանիչներից պրոֆ. Պիտեր Քաուին, որ նաեւ գրել է առաջաբանը, պրոֆ. Ռազմիկ Մադոյանը, Օշին Քեշիշյանը եւ հեղինակ Պերճ Զեյթունցյանը:

«Ապրիլ» հրատարակչատան լույս ընծայած հատորի մյուս թարգմանիչն է Այովա համալսարանի համեմատական գրականության դասախոս, պրոֆ. Դանիել Ուեսպորդը:

Ավելացնենք, որ անցյալ տարի Փարիզում ֆրանսերենով լույս էր տեսել անվանի թատերագրի Մեծ եղեռնին նվիրված «Վերջին արեւագալը» ծավալուն վեպը, եւ որ Պիտեր Քաուին մինչ ներկա հատորը թարգմանել եւ ծանոթագրել էր Զեյթունցյանի մեկ ուրիշ թատերախաղըՙ «Անավարտ մենախոսությունը», Կոլումբիա համալսարանի հրատարակած «Ժամանակակից հայկական դրամա» հավաքածուի համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4