Կինոնկար-ծրագիր 1700-ամյակի առիթով
Բիբլիական լեռան արծաթափայլ գագաթները լողում են նախալուսաբացի ծիրանագույն մշուշում: Լեռան լանջերով դեպի ստորոտն են իջնում մարդիկ: Նրանք գալիս են ուղիղ դեպի մեզ, դեպի մեր ժամանակները:
Խայտաբղետ է նրանց հագուստըՙ հնամյա եւ ժամանակակից միաժամանակՙ նախնադարյան թիկնոցներ, ջինսեր, խիտոններ, միջնադարյան աբաներ, սվիտերներ. Ովքե՞ր են նրանք: Ու երբ տեսնում ենք մարդկանց այդ հոծ խմբի առջեւից քայլող պատկառելի արտաքինով ճերմակամորուս ծերունուն, նոր միայն հասկանում ենք, որ դա համաշխարհային ջրհեղեղից փրկված մարդկությունն էՙ նախահայր Նոյի գլխավորությամբ:
Այո, այստեղ, այս հողի վրա, այս լեռան ստորոտին ոտք դրեցին փրկվածները եւ ցրվեցին երկրով մեկ: Բազմացան, բնակություն հաստատեցին աշխարհի զանազան վայրերում, ցեղեր, ազգեր, ժողովուրդներ կազմեցին: Իսկ լեռան շուրջ մնացին նրանք, որոնց սերունդներն իրենց հայ անվանեցին: Աստված ներեց մեղքերի մեջ թաղված մարդկությանը, նրա ճակատագրի տերը դարձավ, մինչեւ որ կատարեց իր խոստումը եւ աշխարհ ուղարկեց Փրկչին.
Այսպես կսկսվի «Խոստովանանք» կինոնկարը, որի իրագործումը հնարավորություն կտա ցուցադրելու Հայաստանըՙ որպես քրիստոնեություն պետականորեն ընդունած առաջին երկիրը, իսկ հայ ժողովրդինՙ այդ անմահ ուսմունքի հավատարիմ ջատագովը:
Ինքնըստինքյան պատմական փաստ լինելովՙ դա հնարավորություն է տալիս բացատրելու մեր ժողովրդի վիթխարի ավանդը համաշխարհային քաղաքականության մեջ:
Կինոնկարն իր սյուժեով եւ գեղարվեստական լուծումներով կլուսաբանի քրիստոնեության դերը հայ ժողովրդի գոյատեւման հարցում: Այն կփորձի բնութագրել ազգային բնավորությունը, բացատրել ժողովրդի փիլիսոփայական, մարդաբանական հայացքները, աշխարհըմբռնումը, պատմությունը: Եվ այդ ամենըՙ ժամանակների կապի, սերունդների ժառանգորդության մեջ: Ֆիլմում փիլիսոփայական այդ խնդրի լուծմանը մեծապես նպաստելու է Տարեգիր-Մատենագրի կերպարը, որը, թերթելով մագաղաթե էջերը, բացում է մեր պատմության ծալքերը: Գլխավոր հերոսներն են Գրիգորն ու Տրդատը: Նրանց փոխհարաբերությունները, հայացքների բախումը զարգանալու է գունեղ պատկերների, այլաբանական (Տրդատի վարազի դիմակը), ինչպես նաեւ պատմական (հռովմեացի սուրբ կույսերը), ժամանակակից (նկարչի արվեստանոց) բնույթ ունեցող դրվագների շնորհիվ: Կրքոտ, այժմեական հնչեղություն ունեցող վեճերի միջոցով շատ բան է ասվելու: Այս կինոնկարը պատմական չէ բառիս բուն իմաստով: Այն առաջին հերթին ուղղված է այսօրվա հանդիսատեսին, մեր ժամանակակցին: Քրիստոնեությունը որպես հավատք նախ եւ առաջ հոգու պայծառացում է, եւ կինոնկարի հեղինակները փորձելու են ապացուցել հենց դա, ապացուցել Աստվածաշնչի, Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Գրիգոր Նարեկացու, մեր հնագույն եւ միջնադարյան երաժշտության, մանրանկարչության, պոեզիայի օգնությամբ:
Կինոնկարի սցենարի հեղինակներն են Ալեքսանդր Քաջվորյանը եւ Տավրոս Դաշտենցը, բեմադրող ռեժիսորըՙ Ալեքսանդր Քաջվորյանը, օպերատորըՙ Ռոբերտ Բալասանյանը, տնօրենըՙ Աշոտ Խաչատրյանը: Սցենարի գիտական խորհրդատուն է եղել ակադեմիկոս Գագիկ Սարգսյանը: Ժամանակին հատուկ այս ֆիլմի համար երաժշտություն է գրել Ավետ Տերտերյանը:
Մեր մտավորականության ներկայացուցիչները բարձր են գնահատել կինոնկարի սցենարը: «Ես գերագույն հաճույքով ծանոթացա Ալ. Քաջվորյանի ստեղծագործական նախագծին: Դա հիրավի վիթխարի ծրագիր է, որի հաջող իրագործումը կարող է ցանկացած արվեստագետի համար կյանքի գործ դառնալ» (Սերգեյ Իսրայելյան): «Խոստովանանք» խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծագործական ծրագրի իրագործումն, իմ խորին համոզմամբ, կդառնա Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակին նվիրված տոնակատարությունների գուցեեւ գագաթնակետը» (Էդվարդ Միրզոյան): «Սերիալի ստեղծագործական ծրագիրը կարող է հուսալի հիմք դառնալ յոթ ֆիլմերի ծավալուն սցենարներ նախապատրաստելու համար. Մտահղացմանը համարժեք գեղարվեստական իրագործումը հույս է ներշնչում, որ այն մեծագույն հետաքրքրությամբ կընկալվի ինչպես հոբելյանական հանդիսությունների մասնակիցների, այնպես էլ հանդիսատեսի կողմից» (Սեն Արեւշատյան).
Ֆիլմի բեմադրող ռեժիսոր Ալեքսանդր Քաջվորյանը հայ կինոյի համար մնայուն աշխատանքների հեղինակ է: Աշխարհի բազմաթիվ երկրներում են ցուցադրվել նրա «Վերջին ֆայտոնը», «Ավետ Տերտերյան», «Լուսինե» եւ հատկապես վերջինՙ «Հին աստվածներ» կինոնկարները:
_ Կինոնկարի սցենարի վրա աշխատանքներն ավարտվել են դեռեւս 1996 թ., ասում է Ալեքսանդր Քաջվորյանը: Ամեն ինչ պատրաստ է նկարահանումների համար: Ընտրված են ոչ միայն արտիստները, նկարիչները, մյուս մարդիկ.
Սակայն ֆիլմը կհասցնե՞ն ժամանակին ավարտել: Դժվար է ասել, որովհետեւ ծախսվելիք նվազագույն գումարը դեռ չկա:
Անշուշտ, «Խոստովանանքը» հետաքրքրում է նաեւ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կազմակերպիչ պետական հանձնաժողովին: Հանձնաժողովի փոխնախագահ Խոսրով Հարությունյանը բարձր է գնահատում այս գործն ընդհանրապես եւ ամեն ջանք գործադրում է ֆինանսական օգնություն կազմակերպելու համար: Հույս ունենանք, որ միահամուռ ջանքերով ի վերջո կիրականացվի այս կարեւոր ու հետաքրքիր ծրագիրը: Համենայն դեպս, այդպես է համոզված կինոնկարի բեմադրող ռեժիսոր Ալեքսանդր Քաջվորյանը:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ