Միջազգային Հայ սեւ գոտիների միությունը այս հոբելյանական տարում մեծ շուքով տոնելու է իր հիմնադրման 25-ամյակը սփյուռքում եւ հայրենիքում: Մասնավորապես, ինչպես գիտենք, հոկտեմբերին քաղաքամայր Երեւանում տեղի է ունենալու ուշուի աշխարհի առաջնությունը: Մինչ այդ, օգտվելով մայր հայրենիքում գտնվելու առիթից, արեւելյան մարտարվեստի Մեծ վարպետ Կարո Քեբաբջյանն իրեն ընկերակցող պատվիրակության հետ, որի կազմում էին հայր Ներսեսը (ԱՄՆ), Հայ գործարարների միության նախագահ Հովսեփ Սեֆերյանը, ֆրանսահայ գործիչ Գեւորգ Շահինյանը, ՀՍԳՄ-ի Հայաստանի նախագահ Սեյրան Սարոյանը, մասնակցեցին մի շարք միջոցառումների եւ նոր մասնաճյուղերի բացման հանդիսություններին:
Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում ՀՍԳՄ-ի նոր կենտրոնի բացման առիթով 80 մարզիկ-մարզուհիներ ուշուի ցուցադրական ելույթներ ունեցան: Այս կենտրոնը հովանավորում է ամերիկահայ բժիշկ Նուբար Ժանոյանը: Բացման հանդիսությանը հայրենասիրական խոսքերով ելույթ ունեցավ Հայ գործարարների միության նախագահ Հովսեփ Սեֆերյանը, որը կոչ արեց ապրել ու գործել միայն հայկական ոգով:
Պատվիրակության հաջորդ կանգառը Շիրակի մարզն էր: Գյումրիում հյուրերին ընդունեցին քաղաքապետն ու առաջնորդ սրբազանը: Ապա Ղուկասյան, Թավշուտ գյուղերում տեղի ունեցան նոր մասնաճյուղերի բացման հանդիսությունները:
18-րդ դարի հայ ազգային-ազատագրական պայքարի օրրանըՙ Սյունիքի Դավիթ Բեկ գյուղը, նույնպես հյուրընկալեց ՀՍԳՄ-ի պատվիրակությանը: 200 մարզիկ-մարզուհիներ մասնակցեցին հայրենասիրական մեծ տոնախմբությանըՙ պաշտոնապես բացված հայտարարելով արեւելյան մարտարվեստի նոր կենտրոնը: Այն հովանավորում է փարիզահայ Վահե Շահինյանը: Սփյուռք-Հայաստան համագործակցության այս վառ ցույցը, հուսով ենք, շարունակվելու է 2001 թ. բոլոր կարեւոր իրադարձությունների ընթացքում:
Նախքան Բեյրութ վերադառնալը Մեծ վարպետ Կարո Քեբաբջյանը հանդիպեց Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանինՙ աշխարհի առաջնության կազմակերպչական հարցերի առնչությամբ:
ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ