«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2001-05-26 | #97, 2001-05-29 | #98, 2001-05-30


Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ 250 ԷՋԱՆՈՑ ՆՅՈՒԹԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒՑ

Դատավարության մասնակիցներն ամբաստանյալին բացատրում էին, որ նա դատարանում է գտնվում, ոչ թե Հայդ պարկում

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Հոկտեմբերի 27»-ի քրեական գործով մայիսի 29-ի դատական նիստում դատարանը որոշեց քրեական գործին կցել ամբաստանյալ Նաիրի Հունանյանի 250 էջանոց սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունը, սակայնՙ առանց ընթերցելու: Ն. Հունանյանը կամովին հրաժարվեց ընթերցելուց եւ միջնորդեց կցել քրեական գործին, որը եւ արվեց: Ինչպես տեղեկացրել էինք, վերջին դատական նիստում, երկարատեւ քննարկումից հետո, ամբաստանյալին հնարավորություն տրվեց ընթերցելու այն իբրեւ ցուցմունք: Երեկ նա հայտարարեց, որ ոչ թե կընթերցի, այլ գրառումներից օգտվելով կշարունակի ցուցմունք տալ: Ամբաստանյալը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 2000 թ. համարներից եւ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակագրության տվյալներից որոշ ծաղկաքաղ անելով փորձում էր ներկայացնել այն հիմնավորումները, որոնք, իր ասելով, կործանարար էին հայ ժողովրդի համար, եւ վերահաս վտանգը կանխելու նպատակով գնաց հայտնի գործողություններին:

Հայտնեց, որ 580 հազար մարդ պետական իշխանության կողմից դատապարտված էր ոչնչացման, որոնց տրվող թոշակը բավականացնում է 8_9 հացի (3_7 օր): Կյանքի միջին տեւողությունը ՀՀ-ում այնքան է իջել, որ չի բավականացնում թոշակ ստանալուն եւ այլն: Նախագահողն ընդմիջեց ամբաստանյալին, հիշեցնելով, որ ազատ շարադրանքում ասել էր այդ մասին:

Ամբաստանյալը պնդեց, թե այն ժամանակ տղամարդկանց կյանքի միջին տեւողությունն էր ներկայացրել, հիմա կանանցն է ներկայացնում: Վիճակագրական տվյալներում բնականաբար առաջնային ուշադրության էր արժանացրել արտագաղթի տվյալներին, որից եզրակացրեց, որ այդ ընթացքով մինչեւ 2003 թ. Հայաստանում հազիվ 1 մլն մարդ մնար, որի 50_60 տոկոսըՙ թոշակառուներ: «Ինչպես միգրացիայի վարչության պետն է ասել, Հայաստանը քրոնիկ հիվանդ դառնալու ճանապարհին է», մեջբերեց ամբաստանյալը: Նշեց, որ միջին հաշվարկով ծնունդների թիվը տարեկան նվազել է 3_5 հազարով, որը տեղի է ունեցել նաեւ կանանց հիվանդությունների տարածվածության պատճառով եւ այլն:

Դատական նիստում ամբաստանյալի ամենաակտիվ «հակառակորդները» Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանն է եւ պետական մեղադրողներից Հակոբ Մարտիրոսյանը, որոնք ամբաստանյալին ընդհատելով առաջարկում էին կամ հիմնավորել ասելիքը եւ ցույց տալ դրանց կապակցվածությունը կոնկրետ «Հոկտեմբերի-27»_ի ու այն անձանց հետ, որոնք սպանվել են իր ձեռքով, կամ դադարեցնել «միտինգային ելույթները» եւ անցնել դատավարական հաջորդ գործողություններին: Ամբաստանյալը փորձում էր իր առարկությունները ներկայացնել եւ հիմնավորել ասելիքի անհրաժեշտությունը, ինչը, պետք է ասել, նրան չէր հաջողվում: Ներկայացված նյութը կապակցված չէր, եւ նա չէր կարողանում ցույց տալ ասվածի եւ կատարվածի կապը: Վիճաբանության ընթացքում նախագահողը շատ ավելի հաշտեցնելու առաքելություն էր ստանձնել, փորձում էր միաժամանակ ե՚ւ տուժողների ներկայացուցիչների զայրույթը մեղմել, ե՚ւ ամբաստանյալի ցուցմունք տալու իրավունքը չխախտել: Անընդհատ բացատրում էր, որ ցուցմունք պետք է տա մեղադրանքի ծավալի շրջանակում, ասելիքը պետք է պատճառաբանված լինի: «Դուք տնտեսական վերլուծություն եք անում, այդպես անվերջ չի կարելի շարունակել», խրատեց նախագահողը: Այլ կերպ ասածՙ սա դատարան է, Հայդ պարկ չէ:

Ամբաստանյալը թեւաթափ եղավ եւ հրաժարվեց հիշյալ նյութը ցուցմունք ներկայացնելուց այն ժամանակ, երբ տուժողների իրավահաջորդների փաստաբաններից մի քանիսը հայտնեցին, որ նման ձեւով հիշյալ նյութը դատարանի գնահատությանը չի արժանանա, եւ դրանք զուր ջանքեր են, պարզապես ավելորդ ժամանակ եւ էներգիա կխլեն իրենցից: Այս տեսակետը պաշտպանեց նաեւ Ն. Հունանյանի փաստաբանը, որից հետո, կարծում ենք, ամբաստանյալը լիովին հուսահատվեց եւ բավարարվեց միջնորդությամբ, որ 250 էջանոց նյութը կցվի քրեական գործին: Ամբաստանյալ Ն. Հունանյանի այս վարմունքն արժանացավ Աշոտ Սարգսյանի դրվատանքին, որը քր. դատ. օր.-ին հղում կատարելով հիմնավորեց, որ դա ամբաստանյալի միակ ճիշտ քայլն էր: Նկատենք, որ սա միակ դեպքն է, որտեղ Ա. Սարգսյանը եւ Ն. Հունանյանը, այսպես ասած, համակարծիք էին:

Աշոտ Սարգսյանը հետաքրքրվեց նաեւՙ որտեղի՞ց են ամբաստանյալի ձեռքում հայտնվել սոցիալ-տնտեսական վիճակագրական տվյալները, նախաքննության ո՞ր փուլում է ստացել դրանք, ո՞ւմ կողմից եւ ի՞նչ տեղեկանքների հիման վրա: Ն. Հունանյանը դատարանին հայտնեց, որ նախաքննության առաջին 4_5 ամիսներին իրեն թուղթ ու գրիչ չի տրամադրվել մինչեւ 2000 թ. ապրիլի վերջը, երբ քննիչ Մարսել Մաթեւոսյանը ցուցմունք գրելու համար թուղթ ու գրիչ է տրամադրել: Նախաքննության ողջ ընթացքում օրենսգիրք չեն տրամադրել մինչեւ հուլիսի 11-ըՙ նախաքննության ավարտը: Հուլիսի 11-ից հետո իր խնդրանքին ընդառաջելով քննչական խումբը տրամադրել է քրեական օրենսգիրքը, քր. դատ. օր.-ը եւ ՀՀ Սահմանադրությունը: Միաժամանակ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովն ուղարկել է միջազգային փաստաթղթերի ժողովածուն, մարդու իրավունքների հռչակագիրը եւ 48 թ. ցեղասպանության կոնվենցիան: «Այնուհետեւ դիմել եմ քննչական վարչության պետին, նշելով, որ ուզում եմ տեղեկանքներ հավաքել զանազան պետական հաստատություններից եւ խնդրել եմ տեղեկանքների վերաբերյալ իմ դիմումները փոխանցել քննչական բաժնի պետին, նրա միջոցով պետական հաստատություններին: Իմ այդ միջնորդությունները քննչական բաժնի պետը մերժել է, որից հետո, հավանաբար սեպտեմբեր ամսին, ինձ տվել են սոցիալ-տնտեսական վիճակագրության տեղեկագրերը», հայտնեց ամբաստանյալըՙ այսպիսով բացահայտելով իր տեղեկատվության աղբյուրները: Հիշյալներին ավելացրեց նաեւ «ՀՀ» օրաթերթը, որը նրան տրամադրվել է 2000 թ. հուլիս ամսից:

Երեկվա նիստում ամբաստանյալը երկու միջնորդություն ներկայացրեց. մեկով պահանջելով քրեական գործին կցել իր այն բացարկի դիմումը, որի մասին նախորդ նիստում հայտնեց, թե բռնություններ գործադրելու ժամանակ խցկել է չհրկիզվող պահարանի տակ, հետագայում փոխանցել Ալեքսան Հարությունյանին: Նշեց, որ վերջինս այն հանձնել է քննչական խմբին, սակայն գործին չի կցվել: Միջնորդությունը դատարանի կողմից համարվեց անժամանակ եւ մերժվեց: Մյուս միջնորդությամբ ամբաստանյալը փորձում էր հիմնավորել, որ անհավասար պայմաններում են գտնվում դատավարության մասնակից կողմերը, մասնավորապես դահլիճից հեռացված ամբաստանյալները, եւ նրանց դահլիճ վերադարձնելու հիմնավորումներ էր ներկայացնում, որն այդ պահին դարձյալ մերժվեց: Սակայն երբ ամբաստանյալը հրաժարվեց հետագա ցուցմունքներից եւ հայտարարեց, որ ավարտում է իր դատաքննական ցուցմունքները, դատարանը որոշեց հաջորդ դատական նիստին մասնակից դարձնել մյուս ամբաստանյալներին, որոնց համար Ն. Հունանյանի ցուցմունքներն ընթերցվելու են ամբողջությամբ:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 31-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4