«Մենք ձգտում ենք ԼՂՀ իրականում առկա քաղաքական կարգավիճակի ճանաչման» «Դե ֆակտո»-ին տված հարցազրույցում ասաց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, որ նույնը երեկ կրկնեց OPT-ով
- Բաքու այցելելուց հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լավատեսությունը կարծես պակասեց: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներիՙ հունիս ամսին Ժնեւում նախատեսված հանդիպման հետաձգման հավանականության մասին: Քաղաքական դիտորդները կրկին հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը մտել է փակուղի, եւ կողմերը հիմա ավելի են մոտեցել պատերազմի, քան խաղաղության: Ինչպե՞ս կգնահատեիք իրավիճակը:
- Խոստովանում եմ, Ժնեւյան հանդիպման հետաձգումը մեզ հիասթափեցրեց: Մենք կողմ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի երկխոսությանը, դրական գնահատելով դրա դինամիկությունն ու արդյունավետությունը: Արհեստական, թե՞ իրական պատճառներ կան հանդիպման հետաձգման համար, հայտնի կդառնա ավելի ուշ: Բայց այսօր արդեն միջազգային միջնորդները պետք է պատասխանեն այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք կողմերից յուրաքանչյուրի ղեկավարությունը անցնել խաղաղության ճանապարհի իր բաժինը:
Չեմ թաքցնում, մեր կասկածները մնում են Ադրբեջանի անկեղծության հանդեպ եւ մտահոգություններ, որոնց մասին ես բազմիցս ասել եմ միջնորդներին: Մենք շատ լավ ենք ճանաչում մեր ընդդիմախոսներին: Ես խորը հակասություն եմ տեսնում Ադրբեջանի քաղաքականության մեջ. մի կողմիցՙ հիմնախնդրի խաղաղ քաղաքական լուծմանը նվիրվածության հռչակում, մյուս կողմիցՙ ագրեսիվ հակահայկական քարոզչություն: Այս կերպ գործընթացը կարելի է միայն փակուղի մտցնել, բայց չի կարելի հասնել մեր երկու ժողովուրդների պատմական հաշտության: Համոզված եմ, որ մենք պարտավոր ենք փնտրել եւ գտնել գոյություն ունեցող հիմնախնդիրների ողջ համալիրի լուծման տարբերակներ: Այդ հիմնախնդիրները առավել եւս երբեք չեն կարող լուծվել նոր պատերազմով, որից հետո, ցանկացած դեպքում կրկին պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ:
- Վճռականորեն հանդես գալով կամ Լեռնային Ղարաբաղի անկախության կամ Հայաստանին նրա միացման օգտին, ղարաբաղյան կողմը այդպիսով չի՞ կանխորոշում բանակցությունների ելքը, փակելով փոխզիջումների ճանապարհը:
- Մեր դիրքորոշումը շատ հստակ էՙ մենք ձգտում ենք ԼՂՀ իրականում առկա քաղաքական կարգավիճակի ճանաչման: Սակայն կան հարցեր կապված, մասնավորապես, այսպես կոչված հակամարտության հետեւանքների վերացման հետ, որոնք մենք պատրաստ ենք քննարկել եւ գտնել լուծումները փոխզիջումների հիման վրա: Ամեն դեպքում պետք է ելնել այն բանից, որ անհրաժեշտ է պահպանել ստեղծված, իր կենսունակությունն ապացուցած ռազմաքաղաքական ստատուս քվոն եւ ուժերի հավասարակշռությունըՙ որպես տարածաշրջանում խաղաղության պահպանման գործոն: Չի կարելի արհամարհել ձեւավորված եւ ճանաչված իրողությունների ողջ համալիրը եւ օգտվելով հակամարտության արագ լուծմամբ մեր անկեղծ շահագրգռվածությունից, ձգտել օրինականացնել բանակցությունների երկկողմանի ֆորմատը եւ այսպիսով բանակցային գործընթացից դուրս մղել Լեռնային Ղարաբաղը: Կամ էլ Հայաստանի վրա դնել Ադրբեջանի պարտադրած պատերազմի ողջ պատասխանատվությունը:
- Վերջին ժամանակներս հրատապ է դարձել զբաղեցրած տարածքների ապագայի խնդիրը, այս կապակցությամբ բանավեճեր սկսվեցին ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում:
- Դա առավել հրատապ է Լեռնային Ղարաբաղի համար, քանզի ուղղակիորեն կապված է մեր ժողովրդի անվտանգության խնդրի հետ: Այդ տարածքները զբաղեցվել են Ղարաբաղի բանակի կողմից եւ մինչ օրս վերահսկվում են ամենից առաջ որպես հանրապետության սահմանների անձեռնմխելիությունն ապահովող բուֆերային գոտի: Հաշվի առնելով տվյալ գործոնը, այդ տարածքների հետագա ճակատագիրը պետք է եւ կլուծվի Լեռնային Ղարաբաղում: Եվ որպես ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման վճռական եւ հետեւողական կողմնակից, կուզենայի զգուշացնել ադրբեջանական այն գործիչներին, որոնք հարցի ռազմական լուծման կոչ են անում, չանել նման հայտարարություններ եւ թեթեւամտորեն չգնահատել ԼՂՀ զինված ուժերի հզորությունը:
Այնուամենայնիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը մնում է հակամարտության քաղաքական կարգավորման կողմնակից եւ պատրաստ է բոլոր հարցերը լուծել բանակցությունների սեղանի շուրջ: