Տեղի կունենա՞ Պուտին-Քոչարյան-Ալիեւ եռակողմ հանդիպում
Այսօր Մինսկ կմեկնի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակություննՙ Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու համար: Հայկական պատվիրակության կազմում կլինեն նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփչյանը, Բելառուսում Հայաստանի դեսպան Սուրեն Հարությունյանը եւ ուրիշներ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրությունը. ԱՊՀ գագաթաժողովից առաջ տեղի կունենան վարչապետների եւ արտգործնախարարների խորհուրդների նիստեր:
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հունիսի 1-ի նիստում նախատեսվում է քննարկել տարբեր երկրների տնտեսվարող սուբյեկտների միջեւ տնտեսական վեճերի քննարկման դեպքում պետական տուրքի չափի եւ դրա գանձման կարգի վերաբերյալ 1993 թ. դեկտեմբերի 24-ի համաձայնագրի արձանագրությունը, ինչպես նաեւ ընթացակարգային մի շարք կանոններ: Գագաթաժողովի մասնակիցներին տեղեկատվություն կտրամադրվի հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման մասին 2000 թ. դեկտեմբերի 1-ի որոշման կատարման ընթացքի վերաբերյալ: Նախագահները կանդրադառնան նաեւ համակարգչային տեղեկատվության բնագավառում հանցավորության (հաքքերներ) դեմ պայքարում ԱՊՀ երկրների համագործակցության հարցին:
ԱՊՀ գագաթաժողովից մեկ օր առաջ, մայիսի 31-ին, Մինսկում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Մեր կողմից ավելացնենք, որ դեռեւս հստակ չէ գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ եռակողմ հանդիպման հարցը: Ըստ երեւույթին նման հանդիպման նպատակահարմարության հարցը կվճռեն ռուսներըՙ կողմերի միջեւ գործնական խոսակցության հեռանկարի առկայության դեպքում: