«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2001-05-29 | #98, 2001-05-30 | #99, 2001-05-31


ՍՊԱՌՈՂՆԵՐԸ ՊԱՐՏՔ ԵՆ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻՆ» ԱՎԵԼԻ ՔԱՆ 30 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ՄՈՍԿՎԱ, 30 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գազի դիմաց հայ սպառողների պարտքը 2001 թ. մայիսի 29-ի դրությամբ կազմել է 30,140 մլն. դոլար, ըստ որում պետական հատվածի ձեռնարկությունների բաժինը գերազանցում է 75%-ը: Այս մասին, համաձայն CNA գործակալության հաղորդման, հաղորդվել է «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետերերի տարեկան ժողովում, որ կայացել է մայիսի 30-ին Մոսկվայում: Ընկերության հիմնադիրներն են Հայաստանի էներգետիկայի նախարարությունը, ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ն եւ ԻՏԵՌԱ ընկերությունը:

Պարտքերի պատճառով ՓԲԸ-ն իր հերթին պարտք է մնացել 18,3 մլն. դոլար գազամատակարար ԻՏԵՌԱ ընկերությանը: Որպես պարտքերի կարգավորման միջոց ընկերությունն առաջարկում է վերաձեւակերպել ժամկետանց պարտքի արժութային մասը տոկոսների ամենամսյա վճարմամբՙ ընթացիկ գազամատակարարումների լիակատար վճարման պայմանով: Ընդ որումՙ ժողովում նշվել է, որ վերաձեւակերպման համաձայնություն ԻՏԵՌԱ ընկերության եւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ միջեւ կարող է ստորագրվել միայն Հայաստանի կառավարության կողմից էկոնոմիկայի պետական հատվածի ձեռնարկությունների պարտքերի մարման նպատակով վճարումների աղբյուրների որոշման դեպքում:

2001 թ. «ՀայՌուսգազարդը» իր գլխավոր խնդիրներն է համարում բնական գազով հայ սպառողների անխափան ապահովումը գազամատակարարման կայունացման եւ անհրաժեշտ պաշարների ստեղծման հիման վրա, 16 հազար միավորով բաժանորդների թվի մեծացումը, գազի տնտեսության անվտանգ շահագործման ապահովումը եւ վառելիքի կորուստի նվազումը: Գազահամալիրի վերականգնման ծրագրով 2001 թվականին նախատեսվում է ծախսել ավելի քան 6 մլն. դոլար: Օրակարգում է եւ Իրան-Հայաստան ստրատեգիապես կարեւոր գազամուղի շինարարության նախագծի գործնական իրականացումը, ասվում է «Հայռուսգազարդի» մամլո հաղորդագրության մեջ:

2000 թվականին «Հայռուսգազարդը» մատակարարել է 882,7 մլն. խոր. մետր գազ, իրացրել 2375.4 տոննա հեղուկ գազ եւ 28356.1 հազար խոր.մետր խտացրած (շարժիչային) գազ: Ավարտվել են նորոգման-վերականգնողական աշխատանքները Ղազախ-Երեւան, Մարտունի-Վարդենիս եւ Երեւան-Արմավիր տեղամասերում: Ընդամենը վերականգնվել է 245,3 կմ բաշխիչ գազատար, բաժանորդների թիվը մեծացել է 12 հազարով: Ընդամենը գազահամալիրի վերականգնման ծրագրով 2000 թվականին ծախսվել է ավելի քան 4,5 մլն. դոլար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4