Ժամանակին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել ԱԺ-ի ընդունած «Հեռահաղորդակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածը, գտնելով, որ այն ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանՙ հավասար մրցակցության պայմաններ ստեղծելու կետին:
ՍԴ-ի եզրակացությամբ 5 տարվա ընթացքում ընդհանրապես երկրում պետք է վերացվեին մոնոպոլ երեւույթները, որին անուղղակիորեն հակասեց կապի համակարգը Արմենտելի մենաշնորհին թողնելը: Դա էր պատճառը, որ պոպուլիստական հարցերում որեւէ առիթ բաց չթողնող «Օրինաց երկիր» կուսակցությանը հաջողվեց Արմենտելի պարտավորություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով արտահերթ նիստ անցկացնելու նախագծի համար անհրաժեշտից ավելի ստորագրություններ հավաքել: Խորհրդարանի այս նախաձեռնության յուրահատկությունն այն է, որ զուգահեռ փորձ է արվում րոպեավճարի ներդրումը կասեցնելՙ «Հեռահաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելով:
Կողմ լինելով հանձնաժողով ստեղծելուն, կառավարությունը սակայն ժամանակավրեպ է համարում օրենքում փոփոխություն կատարելը, քանի որ կապի եւ տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանի բնորոշմամբՙ «րոպեավճարի ներդրումն այլընտրանք չունի»: Բանն այն է, որ թիվ 60 լիցենզիայով, որ տրվել է Արմենտելին, այդ իրավունքը նրան պատկանում է:
Սակայն խնդրին այն է, թե ինչպես է պատահել, որ Հայաստանի կառավարությունը նման պայմաններով պայմանագիր է կնքել հունական ձեռնարկության հետ: Ըստ էության ձեւավորվող հանձնաժողովի բուն գործունեությունը հենց դա բացահայտելն է լինելու: Սակայն փոխանակ հանձնաժողովը փորձի «հանցավոր գործարքի» համահեղինակ կառավարությանն ստուգելու, ողջ ուշադրությունը սեւեռում է Արմենտելին, որն ընդամենն օգտվել է իրեն ընձեռած հնարավորությունից:
Ամեն դեպքում խորհրդարանի պատրաստակամությունըՙ հանձնաժողով ստեղծելու առումով ակնառու էր, ինչն արտահայտվեց առանց բացառության բոլոր ելույթ ունեցողների խոսքում: Նախագծի համահեղինակների եւ կառավարության համատեղ քննարկումների արդյունքում որոշվեց քվեարկության դնել միայն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ որոշման մասին հարցը, իսկ «Հեռահաղորդակցության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումը հետաձգել մինչեւ հանձնաժողովի սեպտեմբերին նախատեսվող եզրակացությունը: Գրեթե միաձայնՙ 72 կողմ, 1 դեմ արդյունքով ԱԺ-ն ընդունեց հանձնաժողով ստեղծելու նախագիծը:
Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ