«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2001-05-29 | #98, 2001-05-30 | #99, 2001-05-31


ԻՆՏԵՐՆԵՏ-ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՐՄԵՆՏԵԼԻ ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿԻՑԸ

Այդ հեռախոսակապի շուկայի կանոնակարգումը կարող է վերջ դնել Արմենտելի մենաշնորհին

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ

Արմենտելի կողմից մի քանի անգամ պաշտոնապես հայտարարվել է Հայաստանում իր մենաշնորհային իրավունքների ոտնահարման ու դրանք վերականգնելու ընկերության պատրաստակամության մասին («Ազգը» եւս անդրադարձել է դրան): Ըստ Արմենտելի, Հայաստանում այսօր կան ընկերություններ, որոնք գողանում են իրենց միջազգային տրաֆիկը (զանգերի ծավալը): Ակնհայտ է, թե ում են ուղղված Արմենտելի «նետերը»ՙ ինտերնետ-հեռախոսային ծառայություն իրականացնողներին: Եթե մոտ մեկ տարի առաջ Հայաստանում այս հեռակապի մասին շատ քչերը գիտեին, ապա այսօր Երեւանում նման ծառայությունների կարելի է հանդիպել գրեթե ամեն քայլափոխի, հատկապես քաղաքի կենտրոնում: Ինչո՞ւ այդքան արագ տարածվեց ինտերնետ-հեռախոսը Հայաստանում եւ ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել ավանդական հեռախոսակապի ու Հայաստանում դրա իրականացման մենաշնորհին տիրապետող Արմենտելի համար: Փաստորեն ինտերնետ-հեռախոսային ծառայություն մատուցող ընկերություններն, ունենալով այդ ծառայության մատուցման իրավունքՙ լիցենզիա, անարգել իրականացնում են նաեւ ինտերնետ-հեռախոսային կապ: Օրինակա՞ն է այդ գործունեությունը, եւ ունի՞ արդյոք Արմենտելը իրավական հիմքեր պայքարելու դրանց դեմ, վիճելի հարց է: Ընդ որում, այդ խնդիրն առկա է գրեթե բոլոր երկրներում: Մի շարք երկրներ հարցն արդեն լուծել են հօգուտ ինտերնետ-հեռախոսների, իսկ երկրների գերակշիռ մասում շուկան դեռ կանոնակարգված չէ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ակնհայտ է, որ եթե դաշտը չկանոնակարգվի, թե՚ ինտերնետ-ծառայություն մատուցող ընկերությունները, եւ թե՚ նույն Արմենտելը, կարող են լուրջ խնդիրներ ունենալ հեռախոսային շուկայում:

IP-հեռախոսը «գրոհում» է ավանդական հեռախոսակապի դիրքերը

Ինտերնետ-հեռախոսներն արդեն վաղուց know how չգիտեն հեռակապի բնագավառում: 1998 թ.-ից սկսած ինտերնետային ծառայությունների զարգացմանը զուգահեռ սկսեց լայն տարածում գտնել ինտերնետ-հեռախոսը, միջազգային լեզվովՙ IP-Telephon: Դա ինտերնետի տարատեսակներից է, երբ ինտերնետային ցանցով տեղի է ունենում տվյալների փոխանցում ոչ թե խոսքաշարի տեսքով, այլՙ ձայնի: Պարզ ասածՙ այնտեղ, որտեղ կա ինտերնետ-կապ, հաղորդիչ-ընդունիչ սարք, այնտեղ կարող է լինել նաեւ ինտերնետ-հեռախոս: Օրինակ, ԱՄՆ-ում այս հեռախոսակապը արդեն գրավել է շուկայի մոտ 40 տոկոսը: Ճիշտ է, հեռախոսակապի այս տեսակը իր որակով զիջում է ավանդական հեռախոսին, սակայն սպառողի համար ունի մի մեծ գայթակղությունՙ մի քանի, երբեմն տասնյակ անգամ էժան է ավանդականից: Ընդհանուր առմամբ հաշվարկված է, որ 5-րոպեանոց ինտերնետային խոսակցության ժամանակ, կախված հեռախոսից ու ցանցի որակից, խնայվում է 6-7,5 դոլար: ԱՄՆ-ից, օրինակ, Մոսկվա ավանդական հեռախոսով 1 րոպեն արժե 1,5-2,3 ցենտ, իսկ ինտերնետովՙ 0,25-0,8 ցենտ:

Ինչ վերաբերում է որակին, ինտերնետի զարգացմանը զուգահեռ տարեցտարի լավանում է նաեւ IP-հեռախոսների որակը: Պատճառը ոչ միայն ավանդական հեռախոսակապի հետ մրցակցությունն է, այլեւՙ մրցակցությունը նույն ITS-պրովայդերների միջեւ (ITS-Internet-Telephony Service Provider):

Տարեցտարի ավանդական եւ IP-հեռախոսների հետ մրցակցությունը բերում է առաջինի դիրքերի զիջման: Խնդիրն իսկապես գլոբալ է, որին ամեն մի երկիր տալիս է յուրահատուկ լուծում: Առանձին երկրներ արդեն ընդունել են օրենքՙ ինտերնետ-հեռախոսների լեգալացման մասին: Օրինակ, Չինաստանում ինտերնետ-հեռախոսների լեգալացումը լիովին վերացրել է China Telecom-ի մենաշնորհն այդ երկրում: Որոշ երկրներ խնդիրը լուծել են հեռակապի ծառայությունների դասակարգման ճանապարհով: Ամենաթարմ օրինակը, թերեւս, Ռուսաստանն է, որտեղ ընդունված «Կապի մասին» ֆեդերալ օրենքով ինտերնետ-հեռախոսային ծառայությունը դասակարգվում է տելեմատիկ ծառայությունների մեջ, իսկ ավանդական հեռախոսակապը չի մտնում դրանց մեջ: Այսինքն ֆիրմաները, որոնք տելեմատիկ ծառայություններ են մատուցում, այդ օրենքով, առանց որեւէ խնդրի մատուցում են նաեւ IP-ծառայություն: Հայաստանում եւս խնդիրը հասունացել է եւ լուծում է պահանջում:

Ո՞րն է հարցի լուծման ճանապարհը Հայաստանում

Հայաստանում խնդիրը մի փոքր այլ է: Արմենտել հայ-հունական ՀՁ-ն, որը կազմավորվեց 1998 թ.-ին, ՀՀ հեռախոսացանցը մոտ 142 մլն դոլարով հունական OTE ընկերությանը վաճառելու արդյունքում, վաճառքի պայմանագրով ստացել է Հայաստանում ինտերնետ-ծառայության մատուցման մենաշնորհըՙ հայտնի 60ա լիցենզիայով: Ըստ այդմ, փաստորեն, հայաստանյան բոլոր ինտերնետ-պրովայդերները (կամ ինտերնետ-ծառայություն մատուցողները) օգտվում են «Արմենտելի» կցակետից, կամ, պատկերավոր ասածՙ գտնվում են նրա ազդեցության տիրույթում: Դրանից ելնելով, Արմենտելի հայտարարություններըՙ իր տրաֆիկը «փախցնողների» մասին, ինչ-որ տեղ արդարացված են, բայց... մինչեւ դաշտի կանոնակարգումը: Մեզ հասած հավաստի տեղեկություններով, այդ հարցի լուծումն ընթացքի մեջ է:

Տեղեկատվության հավաստիությունը ճշտելու նպատակով դիմեցինք ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարություն: Ի պատասխան լիցենզավորման վարչության պետ Հայկանուշ Բարոյանը նշեց. «Ցանկացած ծառայություն ենթադրում է որակի չափանիշներ: Հեռախոսակապի համար սահմանված են հեռախոսակապի որակի չափանիշներ: Ինչ վերաբերում է տելեմատիկ ծառայություններին, ապա դրանց որակական չափանիշների սահմանումը ընթացքի մեջ է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում»: Վարչությունում պարզաբանեցին, որ քննարկման փուլում է տելեմատիկ ծառայությունների շարքում մի առանձին ենթակետով IP ձայնային ծառայությունների մատուցման լիցենզավորման հարցը: Նախարարությունից տեղեկացանք, որ մինչ օրս ինտերնետային ծառայությունների մատուցման լիցենզիա է տրամադրվել մոտ 60 ընկերության: Թե դրանցից քանի՞սն են զբաղվում ինտերնետ-հեռախոսակապով, հնարավոր չեղավ պարզել: Տիկին Բարոյանը տեղեկացրեց, որ դրանց վերահսկողությունը իրականացվում է լիցենզիայի մի կետով սահմանված հաշվետվությունների տեսքով: Ամեն դեպքում, մասնագետների կարծիքով, ինտերնետ-հեռախոսային ծառայությունը օրինական է մինչեւ այն պահը, երբ ընկերությունն իր բաժանորդներին հատուկ քարտերով հնարավորություն է տալիս տնից (օգտվելով արդեն Արմենտելի ցանցային հեռախոսներից) զանգել ուզած վայրը: Մի քանի ընկերություններ այցելելուց հետո պարզեցինք, որ գրեթե բոլորում կա հատուկ քարտային համակարգ, որը զգալիորեն էժան է: Ընդ որում, գրեթե բոլոր ընկերություններն ունեն զեղչերի համակարգ: Ընկերություններից մեկում, օրինակ, կան ցերեկային ու գիշերային հատուկ ժամեր (14-18-ը եւ 2-6-ը), որոնց ընթացքում, օրինակ, ԱՊՀ երկրներ զանգելիս 1 րոպեի համար վճարում են ոչ թե 100 դրամ կամ մոտ 0,18 ցենտ (ինչպես սահմանված է), այլՙ 40 դրամ կամ մոտ 0,08 ցենտ: Համեմատելու համար Արմենտելի ներկայիս գների հետ, նշենք, որ նույն ԱՊՀ ուղղություններով (բացիՙ Ղազախստան, Տաջիկստան ու Ուզբեկստան, որտեղ 1 րոպեն 96 ցենտ է) Արմենտելը սահմանել է 1 րոպեի համար 48 ցենտ: Համարյա նույն վիճակն է (այսինքնՙ գների հարյուրապատիկի տարբերություններ) նաեւ այլ ուղղություններով: Ինչպես ասում ենՙ թվերն ամեն ինչ ասում են, խոսքերն ավելորդ են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4