Խորհրդարանը չընդունեց 2000-ի բյուջեի կատարողականը
Դեռեւս երեքշաբթի օրվա քննարկումներից ակնհայտ էր, որ խորհրդարանին չեն բավարարում Անդրանիկ Մարգարյանի կառավարության մեկնաբանությունները, որոնք փորձում էին բացատրել նախորդ տարվա բյուջեի չկատարումը: Սակայն ցանկացած նախորդ նման դեպքերում օրենսդիրն իր վրա երբեւէ պատասխանատվություն չէր վերցրել թեկուզ անուղղակիորեն անվստահություն հայտնելու այն կառավարություններին, որոնք շարունակաբար խախտում էին «Բյուջեի մասին» օրենքը եւ անպատիժ մնում: Մինչդեռ ԱԺ երեկվա պահվածքն առաջին հայացքից սթափման գործընթացի սկիզբ էր հիշեցնում, սակայն... ընդամեննՙ առաջին հայացքից:
52 կողմ, 15 դեմ եւ 20 ձեռնպահ քվեարկության արդյունքներով խորհրդարանը չընդունեց կառավարության 2000 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը: ԱԺ կանոնակարգ-օրենքի 144 հոդվածի համաձայնՙ նման դեպքում 24-ժամյա ընթացքում խորհրդարանն անվստահություն է հայտնում կառավարությանըՙ այդ կապակցությամբ 2-3 օրվա ընթացքում պատգամավորների առնվազն մեկ երրորդի ձայներով արտահերթ նիստ հրավիրելով: Եթե նման նախաձեռնություն նշված ժամանակահատվածում չի ձեռնարկվում, մեխանիկորեն հաշվետվությունը համարվում է ընդունվածՙ անկախ քվեարկության արդյունքներից: Ուշադրություն դարձնենք, որ հոդվածը որեւէ ակնարկ անգամ չի անում կառավարության կողմից իր հրաժարականի հարցի բարձրացման կապակցությամբ, ինչը հենց այն ծղոտն էր, որից կախվեց գործադիրըՙ չներկայացնելով նման որեւէ նախագիծ: Մինչդեռ ցանկացած նորմալ երկրում նման հանգամանքներում գործադիրն ինքն է բարձրացնում հրաժարականի հարցըՙ քաղաքական ուժերին թողնելով խնդրի կարգավորումը: Սակայն Հայաստանի համար դա նույնիսկ բանական է: Հիշենք, որ վերջին կառավարությունը ձեւավորվեց միայն հանգամանքների բերումով ուղիղ մեկ տարի առաջ, քաղաքական անկայունության մթնոլորտում եւ դարձավ նախորդՙ Արամ Սարգսյանի կառավարության հետեւորդը:
Եվ երբ տարվա վերջում ֆիքսվեց, որ բյուջեն չի կատարվելՙ երկու հիմնական գործոն առաջ քաշվեց. կառավարությունը զրկվել էր արտաքին ֆինանսական հոսքերից, առաջին հինգ ամսվա ընթացքում գտնվում էր քաղաքական ցնցումների թատերաբեմում: Սակայն այդ հանգամանքները հաշվի չէ՞ր առնում խորհրդարանում ներկայացված քաղաքական մեծամասնությունը, երբ կատարյալ անտարբերությամբ ականատես էր, թե ինչպես է ԱԺ-ի ընդդիմություն կոչվածը ձեռնամուխ եղել իրենց իսկ պատասխանատվությամբ գործող կառավարության տապալմանը: Նման գործընթաց թույլ տալու խելքին մոտ միայն երկու պատճառ կարող է լինել. կամ «Միասնությունը», ավելի կոնկրետՙ Հանրապետական կուսակցությունը լիովին վստահ է, որ կառավարությանն անվստահության գործընթացը շարունակություն չի ունենա, կամ պարզապես վայր է դնում զենքերըՙ հայտարարելով իր անզորության մասին: Դատելով նույն ուժը ներկայացնող վարչապետի կեցվածքից, վերջինը քիչ հավաքական կարող է լինել: Բացառելով խորհրդարանում կատարվածը, նա պարզապես ասաց հետեւյալը. «Ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակներում: Ուղղակի դա միայն հնարավոր եղավ տեխնիկական պատճառներով»: ԱԺ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը թերեւս հենց այդ «տեխնիկական պատճառները» նկատի ուներ, երբ հայտարարեց, թե «այստեղ որեւէ խնդիր չկար, այլ ըստ երեւույթին պատճառը որոշակի թափթփվածությունն էր»: Հիշեցնենք, որ կառավարության համար կարեւոր նախորդ մի քանի օրենսդրական նախաձեռնությունների տապալումը Գ. Սահակյանը դարձյալ կապում էր խորհրդարանական թափթփվածության հետ, ինչպես «Լիցենզիայի մասին» օրենքի ընդունումը, ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի ընտրության առաջին փուլը եւ այլն: Եթե իսկապես խորհրդարանական մեծամասնությունն այդքան թափթփված է, ապա մնում է միայն եզրակացնել, որ հետեւողականորեն շարունակում է հաստատել իր անգործունակությունն ու սպառված լինելը: Այլապես ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ կառավարության հանդեպ պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժը կարող է նրա ապագայի հանդեպ «թափթփվածություն» դրսեւորել:
Սակայն հանրապետականները վստահ են, որ խորհրդարանական ուժերից ոչ ոք անվստահություն հայտնելուն ընթացք չի տա: Այդ մասին վստահեցրեց նաեւ Կոմկուսի ներկայացուցիչ Գագիկ Թադեւոսյանը, ասելով, թե անլուրջ կլիներ, եթե իրենք իբրեւ փոքրամասնություն նման հարց բարձրացնեն:
Ինչեւէ, անկախ նրանիցՙ ստեղծված իրավիճակն ընթացք կունենա՞, թե՞ ոչ, վերստին խարխլվում է կարկատված կայունությունը: Անհանգստացնողն այն է, որ նման գործընթացները տեղի են ունենում մինսկյան համաժողովի հենց նախորդ օրը, որն էապես կարող է անդրադառնալ երկրի վարկի վրա: Եվ պատահական չէ, որ քաղաքական շրջանակներն ակնհայտ անհանգստություն են դրսեւորում կառավարության շուրջ ստեղծված մթնոլորտի կապակցությամբ: Եթե քաղաքական մեծամասնությունը չվերանայի իր գործունեությունը, երկիրը կարող է ավելորդ խնդիրների առջեւ կանգնել:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ