Տեղի է ունեցել Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչության հերթական նիստը, որը վարում էր ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը:
Վարչությունը լսեց կուսակցության ակումբների անդամական ժողովների ընթացքի մասին հարցը, որը ներկայացրեց վարչության անդամ Գառնիկ Հովակիմյանը: Արձանագրվեց, որ ակումբների մեծամասնությունում գումարել են ժողովներ, որոնց ընթացքում լսվել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում ՀՌԱԿ դիրքորոշման մասին» օրակարգային հարցը: Վարչությունն անհրաժեշտ գտավ առաջիկա օրերին նշված օրակարգով ժողովներ գումարել նաեւ Արմավիրում, Եղեգնաձորում, Գորիսում, Երեւանի «Զարթոնք» ակումբում եւ այն կազմակերպություններում, որտեղ կազմակերպական պատճառներով հարցի քննարկումը տեղի չի ունեցել, ապա ընդունել ՀՌԱԿ Հանրապետական վարչության համապատասխան հայտարարությունը:
Ընդունվեց թիվ 7 շրջաբերականը, ըստ որի ենթադրվում է հունիսին գումարել ՀՌԱԿ վարչականների ժողովՙ քննարկելու համար կուսակցության խնդիրներն արդի պայմաններում, շարքերի ընդլայնման, նոր ակումբների ստեղծման, ինչպես նաեւ ակումբների կազմակերպական եւ քարոզչական գործունեության մի շարք խնդիրներ:
Հանրապետական վարչությունն անդրադարձավ ներկուսակցական մի շարք այլ հարցերի: