<20019902.jpg>
Կառավարության շենքում երեկ բացված «Արմպրոդէքսպո-2001» միջազգային ցուցահանդեսը, կարելի է ասել, աննախադեպ էր ինչպես տաղավարների շքեղությամբ, այնպես էլ մասնակիցների առատությամբ: Իրենց արտադրանքն էին ներկայացրել գյուղմթերքների վերամշակմամբ զբաղվող ավելի քան 50 ընկերություններ: Գյուղնախարարության, Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի եւ «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության» ծրագրի իրականացման գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառմանը ներկա էին այս ոլորտի բոլոր հայտնի ընկերություններըՙ «Գրեյթ վելլի», Երեւանի կոնյակի գործարան, «Գրանդ տոբակո», «Սարդարապատ», «Շանթ», «Թամարա», «Կոտայք», «Երեւանի գարեջուր», «Դարոյինք», Ավշարի գինու գործարան, «Վեդի ալկո», «Աթենք», «Էտալոն ԳԱՄԱ», «Սիգարոն», ՄԱՊ եւ այլն: Դրանցից մի քանիսի ներկայացուցիչներին խնդրեցինք տեղեկություններ հաղորդել իրենց ընկերությունների գործունեության, հնարավորությունների եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Էմիլ Մարգարյան («Գրեյթ վելլիի» կոմերցիոն տնօրեն). Անցյալ տարվա ընթացքում արտահանել ենք 3 մլն շիշ կոնյակՙ Ռուսաստան, մերձբալթյան երկրներ, Ղազախստան, Ուկրաինա: Այս տարի նախատեսում ենք 4-4,5 մլն շիշ արտահանել բացի վերոնշյալ երկրներից նաեւ Կուբա, ԱՄՆ, Չինաստան: Կարտահանենք նաեւ գինիներ: Ի տարբերություն անցյալ տարվա, երբ գինիներն արտահանում էինք ցիստեռններով, այս տարի կարտահանենք շշալցված:
Մերուժան Մակարյան («Սիգարոնի» փոխտնօրեն). Մեր սպասելիքներն իրականանում են: Լինելով շատ բարձր որակի, մեր արտադրանքն իր ուրույն տեղն է գրավում համաշխարհային շուկայում: Արտադրանքի 97 տոկոսն արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, Հոնկոնգ, Տայվան, Արաբական Էմիրություններ: Շուտով կարտահանենք նաեւ աֆրիկյան եւ լատինամերիկյան երկրներ:
Կարեն Աֆրիկյան («Դարոյինքի» տնօրեն). Մեր արտադրանքն ամբողջությամբ սպառվում է ներքին շուկայում: Անպայման ձգտելու ենք արտահանել: Անընդհատ ավելացնում ենք արտադրանքի ծավալները եւ տեսականին: Օրինակՙ սկսել ենք արտադրել աղի ձողիկներ: Դե, իսկ թխվածքաբլիթներն արդեն հայտնի են սպառողներին:
Արտաշես Գասպարյան («Արտաշեսի» տնօրեն). Ընկերության արտադրանքի սպառման շուկաներն են ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Պայմանագրեր ունենք մի քանի սուպերմարկետների հետ եւ անխափան մատակարարում ենք: Որոշակի քանակ սպառվում է նաեւ ներքին շուկայում: Մեր արտադրությունը գտնվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում:
Աշոտ Մկրտումյան («Սարդարապատի» փոխտնօրեն). Հյութերի արտադրությունը սկսվել է 3 տարի առաջ: 70 տոկոսը սպառվում է ներքին շուկայում, 30 տոկոսըՙ արտերկրում: Արտահանման ծավալներն աստիճանաբար ավելանում են: Արտահանում ենք ԱՄՆ, եվրոպական երկրներ, Ռուսաստան:
Ցուցահանդեսին մասնակցում էին նաեւ փաթեթավորմամբ եւ ձեւավորմամբ զբաղվող ընկերություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ դրսից: Մեր առաջին զրուցակիցը «Մուսալեռ» տպագրատան ներկայացուցիչն էր:
- Երեք տարի տպարանը գործում է: Աշխատում ենք այստեղ ներկայացված բոլոր ընկերությունների հետ: Առաջին անգամ ոսկեպատումով տպագրությունը Հայաստանում մենք ենք կատարել: Ինքներդ եք տեսնում մեր ձեւավորած եւ տպագրած պիտակները կոնյակների, գինիների շշերի վրա:
Մոլդովական FIRST LINE ընկերությունն արտադրում է տարբեր տեսակի խցաններ, փականներ եւ այլ արտադրատեսակներ: Ընկերության ներկայացուցիչ Վլադիսլավ Մունտյանուն հայտնեց, որ ընկերությունն արդեն 5 տարի գործում է եւ, բացի սեփական արտադրանքից, զբաղվում է նաեւ պորտուգալական, իտալական համանման արտադրանքի վաճառքով: Նա նշեց, որ արդեն հայկական կոնյակ, գինի, շամպայն արտադրող ընկերությունները հետաքրքրվել են իրենց արտադրանքով:
«Արմպրոդէքսպո-2001» այցելեց նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Իր կարծիքը հայտնելով ցուցահանդեսի վերաբերյալ, նա ասաց. «Ցուցահանդեսն այս տեսակի երկրորդ միջոցառումն էՙ ոսկերչական եւ ակնագործական իրերի ցուցահանդեսից հետո: Եթե այս ապրանքները դրված լինեին խանութներում, կմտածեինք, որ ներմուծված են: Հասկանալի է դառնում, որ մենք ոչ պակաս պանիր կամ այլ մթերքներ ենք արտադրումՙ չխոսելով արդեն խմիչքների մասին: Մեր գինեգործներն ու կոնյակագործները կարողացան ամբողջությամբ գրավել մեր ներքին շուկան: Նույնը նաեւ բնական հյութերը: Լավ կլիներ, որ մեր ժողովուրդը գուցե փոքր-ինչ թանկ վճարելովՙ նախապատվությունը տար տեղական, բայց որակյալ արտադրանքին: Ես նախընտրում եմ տեղական գինին, օղին, կոնյակը եւ այլ սննդամթերքները:
Գյուղնախարար Զավեն Գեւորգյանը նույնպես լավատեսորեն էր տրամադրված. «Այս ցուցահանդեսը վկայում է, որ մեր գյուղմթերքները սկսում են վերամշակվել մեր հանրապետությունում: Իսկ դա գյուղատնտեսության ապագան է: Գլխավոր խնդիրն արտահանմանն է վերաբերում: Չնայած շրջափակմանը, մեր ապրանքներն իրենց որակի շնորհիվ արդեն գտել են իրենց շուկան ԱՊՀ երկրներում: Այս տարի արտահանման ծավալները կավելանան: Ես չեմ ցանկանում թվեր նշել: Իսկ եթե քաղաքական հարցերը լուծվեն եւ շրջափակումը վերացվի, գյուղատնտեսությունը թռիչքաձեւ կզարգանա: Ցուցահանդեսի կազմակերպիչ «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի» տնօրեն Արմեն Դավթյանը որոշակի մանրամասներ հաղորդեց միջոցառման նպատակների եւ հնարավոր արդյունքների մասին. «Առաջին կարեւոր նպատակն է ցուցադրել Հայաստանում արտադրվող ամենալավագույնը սննդի արդյունաբերության բնագավառում: Կարծում եմ, հաջողվեց: Երկրորդ նպատակն է անմիջական կապ հաստատել արտասահմանյան առեւտրական եւ հայկական արտադրող կազմակերպությունների միջեւ: Դրանով կխթանվի արտահանումը: Եթե ցուցահանդեսի ընթացքում ստորագրվի 2 կամ 3 պայմանագիր, ես կհամարեմ հաջողություն: Միջոցառմանը մասնակցում են նաեւ բուլղարական, մոլդովական, ֆրանսիական, ռուսական եւ այլ երկրների ընկերությունները, որոնք արտադրում են փականներ, պիտակներ եւ այլն:
Մեր կողմից ավելացնենք, որ ցուցահանդեսից ստացված հիմնական տպավորությամբ մեր տնտեսության այս ոլորտը մեկ քայլ առաջ է անցել մնացած ոլորտներից:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ