Գլխատված ծառեր
Աստված գիտի, թե ինչ պատճառով են հանրապետության բնակավայրերի շատ մայթերի ծառերը գլխատելՙ թողնելով միայն ծառերի բունը: Սա հավանաբար ծառ էտել է նշանակում: Մայթերին տնկված ծառերը մարդկանց նաեւ պատսպարում են արեւից, իսկ Երեւանի Աբովյան, Խանջյան, Կոմիտասի, Վանաձորի Վարդանանց փողոցներով քայլող մարդիկ զրկված են ծառերի ստվերներից, որովհետեւ դրանք ոչ մի ճյուղ չունեն: Ավելին, շատ ծառեր այնպես են գլխատվել, որ ոչ մի շիվ չեն արձակել: Իսկ քրիստոնեության 1700-ամյակի առթիվ մեծ-մեծ խոսել սիրող պաշտոնյաներին գլխի գցենք, որ գլխատված ծառերը շատ լավ եւ հետաքրքիր «տեսարժան վայրեր» կարող են դառնալ Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար, նրանք կտպավորվեն ոչ այնքան Գառնի-Գեղարդով, որքան գլխատված ծառերով:
Սովորեցնում են «լվանալ մեր մարմինները»
Այժմ մեզ ամենից շատ պակասում է ոչ թե արտասահմանցիների ֆինանսական օգնությունը, այլ արժանապատվությունը: Ով ասես չեկավ մեր երկիր ու մեզ «խելք» չսովորեցրեցՙ արժանանալով լավ վերաբերմունքի: «Խելք» սովորեցնողները Հայաստանում մի շատ լավ բարեկամ ունենՙ «Հայլուրը»: Վերջինս սիրալիր ընդառաջում է նրանց եւ չէր կարող աչքաթող անել խաղաղության կորպուսի մարտիկներին, որոնք «մեր գեղեցիկ աչքերի համար» հայերեն են սովորել, եւ որ ամենակարեւորն էՙ մեզ սովորեցնում են լվանալ մեր ատամները, ինչպես նաեւ մարմինները: Հավանաբար սկսել են հենց «Հայլուրից»:
Տանը նորից մոմ ու նավթ պահենք
Մի օր հանրապետության բնակավայրերից մեկում հոսանքը մի քանի ժամով անջատվեց: Շենքերի բնակիչները խառնվել էին: Ոչ ոքի տանը մոմ ու նավթ չկար, քչերի տանը հնուց մնացած որոշ բաներ կային: Պատճա՞ռը: Մարդիկ արդեն սովորել են մշտական էլեկտրաէներգիա ունենալուն եւ «հաճույքով» մոռացել ցուրտ ու մութ տարիները: Սակայն իզուր... Շուտով էլցանցերը կսեփականաշնորհվեն «սրտացավ եւ բարի արտասահմանցիներին», որոնք լույսը կուզեն կմիացնեն, կուզեն կանջատեն, կուզեն վարձը կէժանացնեն, կուզեն կթանկացնեն: Չէ՞ որ իրենց լույսն է: Մեզ մնում է պատրաստ լինել եւ մոմ ու նավթ գնել, կամ էլ, ասենք, «դվիժոկ»...
Մեր լեզուն էլ է անուշ
«Գրանդ քենդիի» կոնֆետների անունները շատ հաճախ զարմանք են առաջացնում: Արտադրվում են Հայաստանում, սակայն օտար եւ երբեմն տարօրինակ անուններ ունեն: Թղթերի տուփերի վրա ռուսերեն գրված են «Զոլոտայա ռոզա», «Ռակովիե շեյկի», «Կոֆեյնայա», «Ռոմովայա», «Կրոկոդիլ Գենա», «Դրուժոկ», «Վզլյոտնայա», «Լիմոն», «Ռոմաշկա» անունները: Վերջին երկուսն իրենց հայերեն համարժեքն էլ ունենՙ «Կիտրոն» եւ «Երիցուկ», որոնք արդեն ուրիշ կոնֆետներ են: Նախ, սա հայերենի նկատմամբ քամահրական վերաբերմունք է, եւ բացի այդ, վնասում է «Գրանդ քենդիի» մեծ հեղինակությանը: Կոնֆետների անունները պակաս կարեւոր չեն, որքան դիզայնը եւ համը: Հայերեն լավ ընտրված անունները նույնպես կնպաստեն բիզնեսին: Բացի այդ, տրամաբանական կլինի, եթե Հայաստանում արտադրված կոնֆետների անունները լինեն հայերեն եւ հայատառ: Միայն այդ դեպքում մերն իսկապես անուշ կլինի: Չէ՞ որ մեր լեզուն էլ է անուշ:
Ա. Ա.