Սոցիալական վիճակը քաղաքում միայն մասամբ է բարելավվել
Պարզվում է, որ բանավեճերը Հայաստանից հեռացած եւ մնացած բնակչության թվի շուրջ տեղի են ունենում նաեւ տեղական մակարդակովՙ տվյալ քաղաքի, ավանի, գյուղի համար: Նույն բանավեճերը բռնկվում են նաեւ Լոռու երկրորդ (Վանաձորից հետո) արդյունաբերական քաղաքումՙ Ալավերդում: Այստեղ բնակվողների պաշտոնական թիվը 1989 թ. եղել է 25 հազար: Կարծիք կա, որ այդ թիվն ուռճացված է, եւ քաղաքում երբեւէ այդքան բնակիչ չի ապրել: Կարծիքների առավել մեծ բեւեռացում կա բնակիչների ներկա թվի վերաբերյալ: Տեղական իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ Ալավերդում այժմ 15-16 հազ. մարդ է ապրում, իսկ իրենց ընդդիմադիր համարող կուսակցությունների ներկայացուցիչներն ու առանձին անհատներ մատնանշում են խիստ հոռետեսական թիվՙ 7-8 հազար: Նրանք նշում են, որ գիշերային քաղաքում ակնառու է դառնում հեռացածների պատկերը: Շենքերից մեկում 6-րդ հարկից մինչեւ 9-րդ հարկ մշտապես լույսը չի վառվում, մեկ այլ շենքում, յուրաքանչյուր հարկում մեկ ընտանիք է ապրում, երրորդում լույսեր են վառվում մեկընդմեջ. Չփորձելով դատավորի կամ պաշտոնական վիճակագրի դեր ստանձնել, այդուհանդերձ հակված ենք հավատալու առավել իրատեսական կարծիք ունեցողների հաղորդած 13-14 հազար թվին, ինչը նույնպես մխիթարական չի կարող համարվել:
Ալավերդին անգամ բնակչության իր ներկա թվակազմով որպես քաղաք գոյատեւելու համար պարտական է «Մանես եւ Վալեքսին»: Չլիներ պղնձաձուլական կոմբինատի վերագործարկումը, քաղաքն աստիճանաբար կմահանար վերածվելով մի քանի հարյուր բնակիչ ունեցող գյուղի: Ներկայումս «Մանես եւ Վալեքսում» աշխատում է 580 մարդ: Ընկերության ղեկավարների տվյալներով, միայն աշխատավարձի տեսքով քաղաք է մտնում ամսական 70 հազ. դոլար, եւ ստանալու օրերին աշխուժանում է առեւտուրը: Այսինքնՙ կարող ենք հստակ արձանագրել եւս մեկ փաստՙ ձեռնարկությունում աշխատողների եւ առեւտրային գործունեության մեջ ընդգրկվածների սոցիալական վիճակը որոշակիորեն բարելավվել է: Սակայն, ցավոք, ալավերդցիների սոցիալական կացությունն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ ծանր, իսկ արտագաղթը շարունակվում է: Բանն այն է, որ պղնձաձուլական գործարանի աշխատելը դեռեւս հույս չի համարվում չարտագաղթելու համար: Բացի նրանից, որ գործազրկությունը զանգվածային է, եւ կոմբինատը, համենայն դեպս, առայժմ չի կարող աշխատանքի ընդունել բոլոր ցանկացողներին, գոյություն ունի նաեւ սուբյեկտիվ գործոն: Այստեղ աշխատանքի ընդունվելը, բացառությամբ տոհմիկ մետալուրգների, առանց որոնց գործարանն ուղղակի չի աշխատի, խիստ բարդ է: «Մանես եւ Վալեքսում» ծանոթների եւ բարեկամների շնորհիվ աշխատանքի են ընդունվում շրջակա գյուղերի (Ակներ, Օձուն եւ այլն) բնակիչներ, ինչն, իհարկե, նույնպես հասկանալի է, սակայն ցանկալի չէ քաղաքի բնակիչների համար:
Ալավերդում որոշակի (մոտ 500) աշխատատեղեր գոյություն ունեն, որովհետեւ քաղաքը ենթաշրջանային կենտրոն է եւ որոշակի վարչական աշխատանքներ է կատարում (սոցապ, կրթական, մշակութային եւ այլն): Այս դեպքում էլ գոյություն ունի այլ խնդիրՙ քաղաքապետարանի եւ վարչական այն աշխատակիցները, որոնց ֆինանսավորումը դրված է համայնքային բյուջեների վրա, ամիսներով աշխատավարձ չեն ստանում: Նրանք խիստ վրդովմունքով են ընդունում կառավարության եւ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության մոտեցումն այս հիմնախնդրին, որից տպավորություն է ստեղծվում, թե «համայնքները կարծես այս երկրից չլինեն»: Իսկ մոտեցումը հետեւյալն էՙ «հավաքեք ձեր հարկերը, մենք այդ չափով գումար կտանք»: Կոնկրետՙ Ալավերդի քաղաքի բյուջեն 150 մլն դրամ է, որից 80 մլն դրամը նախկինում կուտակված պարտքերն են: Դրանց հիմնական մասը երբեք չի վճարվելու, քանի որ այդ գումարները որպես պարտք էլեկտրաէներգիայի, ջրի եւ այլ վարձավճարների դիմաց գրվել են ու գրվում են տարիներ առաջ քաղաքից հեռացած բնակիչների վրա:
Կայուն աշխատանք ունեցողների թվում, բացի կոմբինատի աշխատակիցներից, հարկ է նշել Սանահին երկաթուղային կայարանի շուրջ 180 աշխատակիցներին: Մինչեւ վերջերս կայուն աշխատատեղեր ունեցող միակ ձեռնարկությունը քաղաքում համարվում էր հացի գործարանը, բայց այստեղ եւս կրճատումներ են կատարվել: Թխվող հացի պահանջարկն ընկել է ոչ միայն քաղաքի բնակչության թվի անկման, այլեւ այն պատճառով, որ ալավերդցիները սկսել են իրենց տներում հաց թխել, ինչը թույլ է տալիս գրեթե կրկնակի գումար խնայել: Մյուս բոլոր ձեռնարկությունները վաղուց արդեն չեն աշխատում: Նախկին կարի ֆաբրիկայում, որը ստեղծվել էր կանանց աշխատանքով ապահովելու համար, շուրջ 2000 աշխատատեղ գոյություն ուներ: Ֆաբրիկան իր մասնաճյուղերն ուներ այլ բնակավայրերում: 1988-ին նրա պահեստներն այրվեցին, ինչի պատճառը, ըստ շրջող լուրերի, չարաշահումները ծածկելն էր: Դրանից հետո ֆաբրիկան մի պահ աշխատեց, կատարեց պաշտպանության նախարարության պատվերները, սակայն դրա դիմաց չվճարվեց, սնանկացավ եւ մեկընդմիշտ լռեց: Այժմ քարուքանդ վիճակում է:
Կոնդենսատորների գործարանը ստեղծվել է 1989-ին, պղնձաձուլական կոմբինատի փակումից հետո: Այստեղ աշխատում էր 300-400 մարդ: Այժմ չի աշխատում օբյեկտիվ պատճառովՙ խորհրդային տարիներին արտադրվող կոնդենսատորները ժամանակակից էլեկտրոնային արդյունաբերությանը, մեղմ ասած, անհրաժեշտ չեն: Այս գործարանը սեփականաշնորհվել է: Սեփականատերերը հետագայում այն վաճառեցին «Մանես եւ Վալեքսին»: Վերջինս, ըստ որոշ տեղեկությունների, ցանկանում է այստեղ ոսկու կորզման լեռնահարստացուցիչ ֆաբրիկա կառուցել:
Հույսեր կան, որ մոտ ժամանակներս կսկսի աշխատել Ալավերդու գարեջրի գործարանը, որի արտադրած գարեջրի համբավը ժամանակին տարածված էր ինչպես հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Գործարանի սեփականատերերը մտադիր են արտադրել նաեւ լիմոնադ եւ մակարոնեղեն: Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի վերագործարկման ծրագիրը ռումինական «Մետալ պրինտց» ընկերության հետ համատեղ, եւս ալավերդցիների համար աշխատատեղերի ստեղծման հնարավորություն կտա: Սակայն կարծում ենք, որ Ալավերդի քաղաքը եղել է, կա եւ կլինի միայն պղնձարդյունաբերության զարգացման շնորհիվ: Եթե իրականություն դառնան «Մանես եւ Վալեքսի» մշակած արդյունաբերության այս ճյուղի զարգացման ծրագրերը, ապա Ալավերդում գոնե գործազրկության խնդիր չի լինի, եւ մենք ականատես կլինենք արդյունաբերական անվանված քաղաքի վերածննդին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ