Արցախյան ազատամարտը
Այս տարվա մայիս ամսին հերթական անգամ սրվեց Լիբանանի Բեքաայի հովտում նախկին մուսալեռցիներով բնակեցված Այնճար գյուղաքաղաքի հողերի մի մասի սեփականության հարցը: «Անծանոթները» գիշերով կտրեցին հայերին պատկանող այգիների հարյուրավոր պտղատու ծառերը: Լիբանանյան ոստիկանությունն այս հանցագործության մեջ կասկածելով սուննի մուսուլմաններով բնակեցված մոտակա Մաջդալ Այնճար գյուղի մի շարք բնակիչներիՙ բերման ենթարկեց նրանց, ապա ազատ արձակեցՙ անբավարար հիմքերի պատճառով:
Այս ձերբակալություններն է՚լ ավելի սրեցին իրադրությունը Այնճարում եւ նրա շուրջ: Մաջդալ Այնճարի դպրոցի արաբական գրականության ուսուցիչը, որը բերման ենթարկվածների մեջ էր, հայերի մասին հայտարարեց. «Նրանք սարսափելի հարեւաններ են եւ ոչ մեկին թույլ չեն տալիս իրենց հետ ապրել» (լիբանանյան «Դեյլի ստար» անգլերեն օրաթերթ, 21 մայիսի):
Հարցի էությունը հետեւյալն է.
- 1939 թ. Ալեքսանդրետի սանջաքը դավադրաբար Թուրքիային նվիրաբերելուց հետո, Սիրիա-Լիբանանի ֆրանսիական մանդատային իշխանությունները մուսալեռցի գաղթականներին տեղավորեցին Լիբանան-Սիրիա սահմանի անմիջական մոտակայքում գտնվող Այնճար կոչվող անջրդի, կիսաանապատային, հակասանիտարական պայմաններ ունեցող տարածքում: Տեղավորման համար մանդատային իշխանությունները թուրք Ռաշիդ բեկից գնեցին երկու կալվածքՙ նրան 410 հազար ֆրանսիական ֆրանկ վճարելով: 1946-48 թթ. հայրենադարձության ժամանակ Այնճարում հաստատված մուսալեռցիների շուրջ կեսը ներգաղթեց Խորհրդային Հայաստան. հայրենադարձների թողած կալվածքները լիբանանյան կառավարությունը 1963-ին վերաբաժանեց տեղում մնացած նախկին մուսալեռցիներին:
Այս բոլոր իրադարձությունների ավարտին, ըստ Այնճարի քաղաքապետ Սեպուհ Սագայանի ու քաղաքապետության խորհրդի 15 անդամների (բոլորըՙ հայեր), Այնճարի շուրջ 18 մլն քմ հողերից ընդամենը կես միլիոն քմ իրավատերի կարգավիճակը չհստակեցվեց:
Սակայն Լիբանանի սուննի համայնքների կալվածային վարչության (աուկաֆ) Բեքաայի նահանգի պատասխանատուները հարցն այլ կերպ են ներկայացնում: Աուկաֆի Բեքաայի գրասենյակի վարիչ շեյխ Մուհամեդ Աբդուլ Ռահմանը եւ քարտուղար շեյխ Ասեմ Ջարրահը հայտարարում են, որ Այնճարի հողերի հետ նախկին տասնամյակներին կատարվածն ապօրինի է եղել: Նրանց փաստարկները հետեւյալներն են.
- Ըստ 1923 թ. Լոզանի դաշնագրի, Օսմանյան կայսրության արաբաբնակ տարածքները որպես մանդատ ստացած պետությունները (Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան) իրավունք չունեին այդ պետություններում հողեր գնելու, վաճառելու կամ ուրիշին փոխանցելու:
- Այնճարի հողերը սկզբունքորեն չէին կարող օտարվել այն պարզ պատճառով, որ աուկաֆի հողեր էին, որոնք երբեք օտարման ենթակա չեն: Շեյխերը հայտնում են, որ Այնճարի հողերի շուրջ 400 տարի վակֆային լինելը հաստատող փաստաթղթերը գտնվում են «Ալ Զահիրիյյա» գրադարանում, Դամասկոսի պատմության փաստաթղթերի կենտրոնում, ինչպես նաեւ Ստամբուլի օսմանյան կայսերական արխիվներում:
- Ռաշիդ բեկը Այնճարի հողերի սեփականատերը չէր, այլՙ վակֆի կողմից նշանակված վերահսկիչ, որի իրավասությունների մեջ չէր մտնում այդ հողերի որեւէ ձեւի օտարումն աուկաֆի վարչությունից: Այսուհանդերձ, 1925 թ. Դրուզների հակաֆրանսիական ապստամբությունից անմիջապես հետո, օգտվելով ստեղծված խառնակ իրադրությունից, այս թուրքը փորձել է սեփականացնել Այնճարի հողերը, սակայն, ըստ վերոնշյալ սուննի կրոնավորների, Բեքաայի նահանգային կենտրոն Զահլե քաղաքի դատարանը մերժել է այս խարդախ գործարքը գրանցել:
- Լիբանանի կառավարությունը երբեւէ չի վերաբաշխել հայրենադարձների հողերը, այլ 1963 թ. ընդամենը ցանկություն է հայտնել վերաբաշխման որոշում ընդունելու, որը երբեք չի ընդունվել:
Բացի վերոհիշյալներից, Աբդուլ Ռահմանն ու Ջարրահը պնդում են, որ «վիճելի» հողերի մակերեսը ոչ թե 500 հազար, այլՙ 5 մլն քմ է: Մեղմելու համար պայթյունավտանգ իրադրությունը Այնճարում ու նրա շուրջ, նրանք հայտարարում են, որ իրենց հարցը ո՚չ թե հայերի հետ է, այլՙ լիբանանյան պետության: Նրանք չեն ընդունում պտղատու ծառերի հանցավոր հատման մասին հարեւան սուննիաբնակ գյուղերի բնակիչներին ուղղված մեղադրանքը, այլ, ընդհակառակը, ամբաստանում են հայերին, թե իբր նրանք են կտրել իրենց իսկ ծառերըՙ հարեւաններին դրանում մեղադրելու եւ վակֆային հողերին վերջնականապես տիրելու նպատակով:
Բացառված չէ, որ Այնճարի հողերի շուրջ այս գրգռությունները հրահրվում են Լիբանանի վարչապետ, սուննի համայնքի ամենահարուստ անձ Ռաֆիկ Հարիրիի կողմից, որը դրանով փորձում է վրեժ առնել անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններում իր դեմ ՀՅԴ-ի դիրքորոշումից ու վարկաբեկման քարոզարշավից: Մեր այս ենթադրության տեղիք է տալիս Աբդուլ Ռահմանի եւ Ջարրահի կողմից ՀՅԴ-ին (որը Այնճարի քաղաքապետարանի մենատերն է) ուղղված ամբաստանությունը, թե այս կուսակցությունն է «խնդիրներ հարուցողը», եւ թե կուսակցությունը տարեկան 3 մլրդ լիբանանյան լիրա (շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար) ապօրինի եկամուտ է ստանումՙ Այնճարի համանուն եւ Շամսին աղբյուրների ջուրը հարեւան սուննիաբնակ գյուղերին ապօրինի վաճառելով:
Այս ամբողջ «աջաբսանդալում», պղտոր ջրում իրենց ձուկն են փորձում որսալ նաեւ թուրքերն ու ադրբեջանցիները: Այնճարում ՀՅԴ-ի պատասխանատուներից մեկը հայտնում է, որ սուննի հարեւան գյուղերում տարաձայնություններ են շրջում, թե կուսակցությունն ապօրինի եկամուտներ է ապահովումՙ Արցախում իսլամների դեմ կռվելու համար զենքեր գնելու նպատակով: «Այդ ամենը հերյուրանք է, անհիմն ապատեղեկատվություն», ավելացրել է դաշնակցական պատասխանատուն:
Եվ այսպես, ֆրանսիական գաղութարար իշխանությունների լարած «ժամանակի ականը» հնարավոր է, որ ամբողջ ուժգնությամբ պայթի վեց տասնամյակ անց: Հուսով լինենք, որ լիբանանյան իշխանությունները կկանխարգելեն այդ պայթյունը եւ բազմաչարչար երկիրը զերծ կպահեն նոր ցնցումներից:
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ