<20019901.jpg>
Աստղերը բալիկ ունենո՞ւմ են: Երեքամյա դստերս դժվար է համոզել, թեՙ չէ, դրանք պարզապես փոքր աստղեր են, ասենքՙ Աստղ եւ Աստղիկ: Երեւի նա է ճիշտը, մանավանդ որ մայիսի 27-ին համաշխարհային օպերային բեմի մեր փայլուն աստղից փոքրիկ Սիրանուշ ծնվեց:
Չգիտեմՙ Հասմիկ Պապյանից առատ սեւ մազերից ու բաց մաշկից բացի փոքրիկն էլ ի՞նչ է ժառանգել, բայց դրամատուրգ հոր ու երգչուհի մոր տաղանդն որպես ավիշ հաստատ հոսում է նրա մեջ: «Ազգը» ջերմորեն շնորհավորում է մեր շատ-շատ սիրելի երգչուհունՙ Հասմիկ Պապյանին եւ Կոնրադ Կուհնին, նրանց ծնողներին ու հարազատներին, նաեւ Պապյանի արվեստի բոլոր երկրպագուներին ու դեռեւս Վիեննայի հիվանդանոցում գտնվող մորն ու դստրիկին մաղթում ամենաանհրաժեշտըՙ ամուր առողջություն:
Ա. Հ.