Սիմոն Գրքաշարյանի թարգմանական գրքերի շնորհանդեսը
«Ես գիտակցել եմ, որ ամբողջ կյանքս ապրել եմ երկյուղածությամբ եւ արդարությամբ, ինչը վերին աստիճանի հաճելի բան է: Այսպիսով, ես ինքս գոհ էի ինձանից եւ գտնում էի, որ իմ շրջապատը եւս իմ մասին նույն կարծիքին էր.»: Այս հատվածը վերցված է դատավորների առաջ Սոկրատեսի պաշտպանական ճառից, եւ որը գրի է առել նրա աշակերտներից մեկըՙ Քսենոփոնը: Հայ ընթերցողն ընդհանրապես առաջին անգամ է կարդում Սոկրատեսին:
Երեւանի պետական պատկերասրահի «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը տպագրել է Քսոնոփոնի «Սոկրատյան երկերը», ապա նաեւՙ Պլուտարքոսի «Կենսագրությունները»: Հին հունարենից թարգմանությունները կատարել, առաջաբանը եւ ծանոթագրությունները գրել է Սիմոն Գրքաշարյանը, մարդ, որը հայ ընթերցողի սեղանին է դրել հին հունական գրականության գլուխգործոցներըՙ սկսած Հոմերոսի «Իլիականից» ու «Ոդիսականից» մինչեւ պատմագիրները: «Այս անգամ անչափ հաճելի անակնկալ եղավ ինձ համար, ասաց Սիմոն Գրքաշարյանը, քանզի իմ երկու գրքերը տպագրվեցին միաժամանակ»:
«Սարգիս Խաչենց» հրատարակչության տնօրեն Սերգեյ Խաչիկօղլյանը գրքերի ներկայացման ժամանակ (որը տեղի ունեցավ երեկ, Ազգային պատկերասրահում) ասաց.
- Տասը տարի առաջ ստեղծված մեր հրատարակչությունն արդեն 26 գիրք է տպագրել, որոնց շնորհիվ հայ ընթերցողը ծանոթացել է Գոգենին, Ռոդենին, Մատիսին, Կոստան Զարյանին. Համաշխարհային միտքն ենք փորձում ներկայացնել: «Իմացություն» գրադարանի գրքաշարով եւս շատ գրքեր սպասում են իրենց տպագրությանը: Կարծում եմ, որ մենք կկարողանանք եւս 30 գիրք տպագրել: Մեզ մեծ օգնություն է ցույց տվել եւ հուսով եմ, որ կշարունակի օգնել Ազգային պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանը: Եթե չլիներ իմ ավագ բարեկամը, ապա 26 գրքի փոխարեն 26 տող էլ չէր տպագրվի:
Գրքերի ներկայացման ժամանակ դժվարությամբ խոսեց գրքերի թարգմանիչ Սիմոն Գրքաշարյանը. «Դժվար է, որովհետեւ երկու դեպքում է այսպես լինում. երբ շատ բան ունես ասելու կամ ոչինչ չկա: Շատ բան է արվել: Իսկ թե արդյունքում ինչ է ստացվելՙ կասի ընթերցողը»:
Գրքերի շնորհանդեսին հավաքված հայ մտավորականների համար հատվածներ կարդաց Կամո Տեր-Պետրոսյանը:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ