«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2001-05-29 | #98, 2001-05-30 | #99, 2001-05-31


ԶՈՐԱՎԻԳՙ ՀԱՅ ՏԱՂԱՆԴՆԵՐԻՆ

«Նոր անուններ» հիմնադրամի առաքելությունը

Վաղուց արդեն մեր ժողովուրդն ապացուցել է, որ իր հարատեւման ուժը պայմանավորվել է նաեւ ստեղծագործական կարողություններով: Եվ դա հատկապես արտահայտվել է ժողովրդի կյանքի դժվարագույն ժամանակներում:

Այսօր նույնպես մենք վերապրում ենք այդ ժամանակաշրջանը: Ամեն անգամ, երբ ներկա ես գտնվում պատանի, երիտասարդ տաղանդավոր երաժիշտների համերգատվությանը, հիանում ես, զարմանում, էությունդ լցվում է հպարտությամբ եւ հավատով դեպի գալիքը: Զարմանում ես, թե դժվար այս ժամանակներն ինչպե՞ս են ծնում այդչափ տաղանդավոր հայորդիներ ու հայորդուհիներ:

Բայց տաղանդը, շնորհվածությունը հովանավորություն է պահանջումՙ բառի լայն հասկացողությամբ: Անհրաժեշտ է հոգ տանել նրանց մասին, գուրգուրել, պահպանել նրանց կարողությունները, զորավիգ լինել պատանի տաղանդներին:

Հայաստանում գտնվեցին այդ մարդիկ: Կազմակերպչական հմուտ փորձ ունեցող Սիլվա Մեքինյանը եւ բարեգործության զգացմունքներով տոգորված Ռոմեն Կոզմոյանը, որը «Գեւորգ Ա. Մոմջյան» հիմնադրամի նախագահն է: Նրանց համատեղ ջանքերով ստեղծվեց «Նոր անուններ» բարեգործական ծրագիրը: «Մեր կյանքի այս դժվար ժամանակներում երբեք չպետք է կորցնել վաղվա օրվա, նաեւ հոգեւորի հավատը: Այդ հավատն ու հույսը շարունակաբար հաստատում է «Նոր անուններ» ծրագիրն իր գործունեությամբ, գրեց կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը: Տաղանդաշատ պատանիների յուրաքանչյուր համերգ հիացմունք եւ մեծ ուրախություն է պատճառում ինձ: Ամեն անգամ նրանց հետ հանդիպելիս մտածում եմ, որ անսպառ է մեր ժողովրդի ստեղծագործ ուժը»:

Ծրագիրը կազմավորվել է 1989 թ.: Եվ ահա 10-ից ավելի տարի է, որ այն իրագործում է իր բազմաբնույթ նպատակները. շարունակաբար հայտնաբերել եւ հովանավորել տաղանդավոր կատարողների, կազմակերպել համերգներ պատանի երաժիշտների մասնակցությամբ, կազմակերպել փառատոներ, մրցույթներ, անցկացնել վարպետության կատարելագործման դասընթացներՙ «Master-class»-ներ, սահմանել կրթաթոշակներ առավել շնորհալի պատանի երաժիշտներին, խրախուսել եւ օգնել պատանի տաղանդների հետ աշխատող մանկավարժներին եւ այլն:

Հիրավի, այս ծրագրի գործունեության մեջ հույժ կարեւոր է պատանի երաժիշտների, մանկավարժների տքնաջան գործը, որոնք սոցիալական անբարենպաստ ներկա պայմաններում ջանք չեն խնայում հաղորդել նրանց անհրաժեշտ գիտելիքներ, զարգացնել յուրաքանչյուրի անհատականությունը: Այստեղ հարկ է հիշատակել Պ. Հայկազյանի, Ռ. եւ Է. Թանդիլյանների, Արք. Հարությունյանի, Ալ. Մանուկյանի, Ս. Քեչեկի եւ այլոց անունները:

«Նոր անուններ» բարեգործական ծրագրին անդամագրված են 10-16 տարեկան շուրջ 50 շնորհալի պատանի երաժիշտ կատարողներ, որոնք ընտրվել են ամենամյա մասնագիտական ունկնդրումների արդյունքում, փորձագիտակ հանձնաժողովի կողմից:

Ծրագրի պարբերաբար կազմակերպած համերգների շնորհիվ պատանի շատ երաժիշտներ արդեն հանրահայտ են Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում: Նրանք հանդես են եկել Գյումրիում, Վանաձորում, Աշտարակում, Ստեփանավանում: Այդ անուններից են Լիլիթ Զաքարյան, Լիլիթ Գրիգորյան, Գրիգոր Ասմարյան, Կորյուն Ասատրյան, Նարե Աղրամանյան, Արաքս Մուխսի-Հովեյան, Մհեր Մնացականյան, Տիգրան Մուրադյան եւ ուրիշներ: Նրանցից մի քանիսն այսօր ուսանում են արտերկրների հեղինակավոր երաժշտական հաստատություններում. Միքայել Հախնազարյանն ու Կորյուն Ասատրյանըՙ Գերմանիայում, Ելենա Եգորյանն ու Գագիկ Բադալյանըՙ ԱՄՆ-ում, Արմեն Քեչեկըՙ Լիբանանում, Աստղիկ Վարդանյանը վերջերս վերադարձավ Մարսելից:

Այս եւ բոլոր մյուս պատանի երաժիշտների ելույթները ունկնդիրների մոտ առաջացնում են գեղեցիկի ամենատարբեր զգացումներ:

«Նոր անուններ» բարեգործական ծրագիրն ինձ ուրախացնում է կրկնակի: Այսօրվա պայմաններում դա շատ կարեւոր գործ է, քանզի մեր մշակույթի երաշխավորների երազանքն է, որպեսզի ունենան իրենց արժանի եւ, ինչու չէ, իրենց գերազանցող մշակութային սերունդ: Իսկ «Նոր անունները» ասվածի առհավատչյան է: Նրանց անսպառ եռանդը, կատարողական բարձր պրոֆեսիոնալիզմը, անմնացորդ նվիրումը երաժշտության աշխարհին ոչ միայն հիացնում, այլեւ հույս է ներշնչում, որ կապրի հոգեւոր Հայաստանը, հիացումով գրում է Էդվարդ Միրզոյանը:

Այս եւ այլազան բարձր զգացումներով են ուղեկցվում «Նոր անուններ» ծրագրի համերգներն արտասահմանյան երկրներում: Իսկ այդ երկրները շատ են: Նշածս պատանի երաժիշտներն արդեն հանդես են եկել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Սիրիայում, Լիբանանում, Ուրուգվայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Հունաստանում: Վերջերս նրանք եղան Պարսկաստանում, նորից Ռուսաստանում:

«Երաժշտությունն աշխարհ է, տուն, ուր միավորվում է համայն մարդկությունը: Օրերս Շվեյցարիայում կայացած այդ իսկապես զարմանահրաշ համերգ-ակցիայի մասնակիցներիՙ Հայաստանից ժամանած պատանի երաժիշտների բարձր պրոֆեսիոնալիզմն ապրեցրեց բոլորիս: Հրաշք կատարվեց... այն ոչ միայն տոն էր, այլ գեղեցիկի, ամենահաղթ բարության ու աշխարհի միասնության խորհրդանիշ, միասնություն, որն այժմ ավելի քան երբեք փրկության կարիքն ունի», Ցյուրիխ, փիլիսոփայական համաժողով:

Այս եւ նման այլ կարծիքները բազմաթիվ են արտերկրյա մամուլում:

«Ծրագրի նպատակներն արտասահմանյան երկրներում միայն համերգատվությունը չէ: Մենք ձգտում ենք պատանի երաժիշտներին ծանոթացնել յուրաքանչյուր երկրի հոգեւոր մշակույթին, հոգեւոր արժեքներին, ասում է Սիլվա Մեքինյանը, աշխատում ենք այցելել թանգարաններ, հիշարժան վայրեր: Դա մեծապես նպաստելու է ապագա արտիստների աշխարհընկալման ընդլայնմանը, գեղարվեստի ընդգրկման խորացմանը:

Ընդգրկումների ընդլայնմանը նպաստում են նաեւ այլ երկրների նման կազմակերպությունների հետ ստեղծված կապերը, փոխադարձ համերգները: Վերջերս դա տեղի ունեցավ Թբիլիսիում եւ Մոսկվայում: Սա, հիրավի, ստեղծագործական այն կապերի իրականացումն է, որի կարիքը վերջին տարիներին շատ զգալի է: Ըստ որում Թբիլիսիում մեր պատանիների համերգը տեղի ունեցավ մայրաքաղաքի կենցաղային ճգնաժամի դժվար պայմաններում, իսկ Մոսկվայում հայ երաժիշտների համար նշանակալի եղան ճանաչված մանկավարժների մոտ ստացած «Master-class»-ի պարապմունքները»:

Ժամանակները փոխվել են, եւ ծրագրի կազմակերպիչները ճշմարտացիորեն մտածում են տաղանդավոր պատանիներին հաղորդակից դարձնել ժամանակի թելադրանքին:

«Նոր անուններ» ծրագրի գործունեության հաջողությունները առաջադրում են նոր գաղափարներ, նոր նպատակներ: Վերջերս ծրագիրն ընդգրկեց նաեւ Ուլիխանյան (ղեկավարի անունով) ջազ-կվինտետը, որն արդեն հանդես է եկել Լիբանանում եւ Ֆրանսիայում:

Այսօր Սիլվա Մեքինյանի ուշադրության կենտրոնում է զոհված ազատամարտիկների երեխաների երգչախումբը: Այն ղեկավարում է իր գործին անմնացորդ նվիրված, զոհված ազատամարտիկի այրի, արցախցի խմբավար Մարինա Ավդալբեկյանը: Նա Երեւանի կոնսերվատորիայի շնորհալի շրջանավարտներից է եւ ստեղծել է յուրօրինակ նկարագրով գեղեցիկ մանկական կոլեկտիվ:

Ծրագրի գործունեությունը, հիրավի, բարձրագնա է: Եվ այս ամենը ոչ միայն իրենցն էՙ պատանի երաժիշտներինը եւ նրանց հովանավորներինը, այլ նաեւ մերը, բոլոր նրանցը, ում համար մեծ արժեք է հոգեւորը:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4