«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2001-05-29 | #98, 2001-05-30 | #99, 2001-05-31


«ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՆ» ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ ՕԲՆԻՆՍԿ ՔԱՂԱՔՈՒՄ

ՄՈՍԿՎԱ, 30 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 26-ին Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքում տեղի ունեցավ «Հայկական տուն» մշակութային կենտրոնի հանդիսավոր բացումը, որն ստեղծվել է տեղի «Մշակութային ժառանգություն» հայկական հասարակական կազմակերպության կողմից: Բացման արարողությանը մասնակցում էին Օբնինսկի քաղաքագլուխ Ի. Մ. Միրոնովը եւ Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ, Եզրաս վարդապետի ներկայացուցիչ հայր Մարկոսը, «Ռուսաստանի հայերի միության» պատվիրակությունը, զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներ, ռուս հասարակայնության բազմաթիվ ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:

Հայր Մարկոսի կողմից «Հայկական տան» օծումից հետո հյուրերին ողջունեցին «Մշակութային ժառանգություն» կազմակերպության վարչության նախագահ Հովհաննես Բաղումյանը, որը նշեց տան բացման կարեւորությունը Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի տոնակատարության տարում:

Օբնինսկի քաղաքագլուխ Միրոնովը խոսեց այն մեծ դերի մասին, որ հայ համայնքը կատարում է քաղաքի տնտեսական ու հասարակական կյանքում, եւ նշեց այն լավ վերաբերմունքը, որ ստեղծվել է քաղաքի ղեկավարության եւ հայ համայնքի միջեւ:

«Ռուսաստանի հայերի միության» եւ նրա նախագահ Ա. Աբրահամյանի անունից մշակութային կենտրոնի բացման կապակցությամբ ներկաներին շնորհավորեց «Միության» մշակույթի եւ կրթության հանձնաժողովի նախագահ Կ. Զուրաբյանը:

Քաղաքի լավագույնՙ մշակույթի պալատի մեծ դահլիճում տոնական համերգ տրվեց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4