«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2001-05-30 | #99, 2001-05-31 | #100, 2001-06-01


«ԱՍՏՎԱԾ ԸՆԴ ՄԵԶ Է», ԳՐՎԱԾ Է ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 50 ՀԱԶԱՐԱՆՈՑԻ ՎՐԱ

«Դրանց ներդրումը չի հանգեցնի ազգային արժույթի արժեզրկման ու սղաճի», հավատացնում է ՀՀ ԿԲ-ն

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ

Հունիսի 4-ից շրջանառության մեջ կմտնի ՀՀ ամենամեծ անվանական արժեքով թղթադրամըՙ 50 հազարանոցը, որը նվիրված է Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակին: Նոր թղթադրամն անձամբ օրհնել ու նրա առաջին նմուշը ստորագրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը: Թղթադրամի արտաքին տեսքն ամբողջովին ներդաշնակեցված է էությանըՙ դիմերեսին պատկերված է Ս. Էջմիածնի մայր տաճարը, իսկ դարձերեսինՙ Արարատ լեռան ֆոնի վրա Ս. Գրիգոր Լուսավորիչը եւ Տրդատ թագավորը, որոնք ձեռքերի վրա բարձրացնում են հայ եկեղեցին:

Որքանո՞վ էր անհետաձգելի այդքան մեծ անվանական արժեքով թղթադրամի տպագրությունը եւ չի՞ հանգեցնի արդյոք արժեզրկման ու սղաճի: «Դրա սուր անհրաժեշտությունը չկար: Եթե չլիներ հոբելյանը, միգուցե չտպագրվեր:

«Նոր թղթադրամի ներդրումը չի հանգեցնի դրամի արժեզրկման ու չի նպաստի սղաճի աճին», երեկվա ասուլիսում հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) դրամական պահուստների ու էմիսիոն գործառնությունների վարչության պետ Գեւորգ Թումանյանը: Ըստ նրա, 50 հազարանոցներն ընդհանուր առմամբ չեն ավելացնելու երկրի դրամական զանգվածը, փոխարինելու են շրջանառությունից դուրս եկող այլ թղթադրամներին: Այն կարծիքն արտահայտվեց նաեւ, որ 50 հազարանոցները կհեշտացնեն կանխիկ դրամաշրջանառությունը, երբ խոշոր գործարքները կատարվում են խոշոր դոլարներով: 50 հազարանոցը, ըստ պրն Թումանյանի, հաջողությամբ կարող է փոխարինել 100 դոլարանոցին: ՀՀ կենտրոնական դրամատունը հաշվարկել է նաեւ, որ ինչպես 20 հազարանոցը, այնպես էլ 50 հազարանոցը կգտնի իր գործունեության ոլորտները եւ սպառողին ու օգտագործողին: Բերվեց գերմանական 1000 մարկի օրինակը, որը շատ գերմանացիներ նույնիսկ չեն էլ տեսել ու շոշափել, բայց պահանջարկ ունի խոշոր գործառնություններում: Պարզ է, որ 50 հազարանոց թղթադրամով մի քանի կապ կանաչի չես գնի: Կախված պահանջարկիցՙ կմեծանա նաեւ թղթադրամի ծավալն ընդհանուր դրամաշրջանառության մեջ: Ի վերջո կա մի տարբերակ էլՙ թղթադրամը շատ հաջողությամբ կարող են ձեռք բերել այս տարվա այդքան սպասված տուրիստները, սփյուռքի մեր հայրենակիցներըՙ իբրեւ հուշադրամ: Ի դեպ, այս տարի ԿԲ-ն պատրաստվում է թողարկել երեք արծաթե հուշադրամներՙ նվիրված Գ. Նժդեհին, ՀՀ անկախության 10-ամյակին եւ ՀՀ-ի անդամակցությանը Եվրախորհրդին:

50 հազարանոցներըՙ գլխացավանք դրամանենգների համար

Յուրաքանչյուր նոր, բարձր անվանական արժեքով թղթադրամի թողարկումից հետո անմիջապես սկսվում է դրամանենգների «սեւ գործը»: Ու թեեւ, Գ. Թումանյանի հավաստմամբ, Հայաստանը ԱՊՀ մյուս երկրների շարքում աչքի է ընկնում կեղծված դրամների ցածր ցուցանիշներով, այնուամենայնիվ, ՀՀ ԿԲ-ն ջանք, ինչո՞ւ չէ, նաեւ գումարներ չի խնայել թղթադրամների պաշտպանական հատկանիշները առավելագույնին հասցնելու համար («Խնայել, կնշանակեր թանկ վճարել հետագայում», բնորոշեց պրն Թումանյանը): Թե ի՞նչ է արժենում մեր պետության վրա նոր թղթադրամների տպագրությունը, մեր հարցին հստակ պատասխան չտրվեցՙ պատճառաբանելով կոմերցիոն գաղտնիքը, միայն նշվեց, որ մեկ թղթադրամի համար ծախսված գումարի ինքնարժեքը մոտ է իր նոմինալ արժեքին, ինչն այլ թղթադրամների համեմատ բավական բարձր է: Մի խոսքով, դա այնքան էլ մեծ չէ, որ շռայլություն համարվի մեր պետության համար: Թղթադրամը տպագրվել է գերմանական «Գիզեկե ընդ Դեվիենթ» ընկերությունում, որն, ի դեպ, ՀՀ ազգային արժույթի առաջին «տպագրիչն» է:

Իր չափերով նախորդներին գերազանցող նոր թղթադրամը (160x79 մմ) աչքի է ընկնում նաեւ հոգեւոր-քրիստոնեական պատկերների այլ նրբերանգներով ու մանրամասներով: Եթե ամերիկյան դոլարի վրա գրված է «Մենք հավատում ենք Աստծուն» (In God we trust), հայկական թղթադրամի վրա այդ հայտնի արտահայտությունը վերաձեւակերպվել էՙ «Աստված ընդ մեզ է»ՙ ավելի ընդգծելով թղթադրամի հոբելյանական լինելն ու տալով նրան յուրահատուկ փիլիսոփայություն: Ընդհանրապես, թողարկողները թղթադրամը համարում են յուրահատուկ բազմաթիվ առումներով. բացի ավանդական պաշտպանական հատկանիշներից, դրանցում առավել բարդ տեխնոլոգիաների համադրմամբ կիրառվել են դժվար կեղծելի պաշտպանական հատկանիշներ: Դրամը, ինչպես նոր հինգ հազարանոցները, լաքապատված է, գունավորված (ընդհանուր առմամբ նրա հիմնական գույներն են դարչնագույնն ու շագանակագույնը) հատուկ ներկով, որը տարբեր դիրքերում տարբեր նրբերանգներ է ստանում, թղթադրամում քիչ չեն նաեւ թաքնված պատկերները: Մի խոսքով դրամանենգներին սպասում է բավական բարդ գործ, իսկ դրամն օգտագործողները կամ ձեռք բերողները ստիպված են լինելու զննել ու շոշափել դրամի բոլոր հատկանիշներն ու մանրամասները կամ խոշորացույցի տակ անցկացնել: «Ազգի» հարցին, թե ի՞նչ եղավ վերջերս ՀՀ ԿԲ-ի հայտարարած վնասված փայլաթիթեղով 20 հազարանոցների ճակատագիրը, տեղեկացվեց, որ նման մոտ 200 թղթադրամ է հայտնաբերվել, ու դրանով էլ հոսքը դադարել է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4