«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2001-05-30 | #99, 2001-05-31 | #100, 2001-06-01


Հ. ԱԼԻԵՎ. ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ՉԷ, ԹՈՂ ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԻ...

ԲԱՔՈՒ, 31 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 31-ին Ադրբեջանի նախագահ Հ. Ալիեւը մեկնել է Մինսկՙ մասնակցելու ԱՊՀ գագաթաժողովի աշխատանքին: Բաքվի օդանավակայանում լրագրողները խնդրել են Ալիեւին մեկնաբանել մայիսի 30-ին ռուսական ՕՌՏ հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Այդ առնչությամբ Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Զարմանալի է, որ նման հաղորդումը եթեր է դուրս եկել»: Ըստ նրա, դա կարող է պատճառաբանվել խոսքի եւ մամուլի ազատությամբ եւ հեռուստատեսության անկախությամբ: Սակայն, գտնում է Ալիեւը, «Արկադի Ղուկասյանին նախագահ ներկայացնելը հնարավոր է դարձել հայանպաստ տրամադրված անձանց որոշակի ջանքերի արդյունքում»: Նախագահ Ալիեւը հայտարարել է տվյալ հարցը Մինսկում առաջիկա բանակցությունների ընթացքում բարձրացնելու մտադրության մասին:

Մեկնաբանելով Ղուկասյանի պնդումները, որ Քոչարյանի հետ հանդիպումներում «ադրբեջանական կողմը խոսում է պատերազմի լեզվով», նախագահ Ալիեւը նկատել է, որ նման արտահայտությունների առիթ են ծառայել ադրբեջանական կողմի պահանջները: Ինչպես գտնում է Ալիեւը, նման հայտարարությունները չեն ազդում բանակցությունների ընդհանուր ընթացքի վրա: «Հակամարտության կողմ է, ընդգծել է Հ. Ալիեւը, ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը, եւ դա հայտնի է աշխարհին: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում պետություն եւ չի գնա բանակցությունների այդ կազմավորման հետ: Եթե Հայաստանը կապ չունի, թող մի կողմ քաշվի, մենք ինքներս կլուծենք խնդիրը ԼՂ-ի հետ»:

Նախագահ Ալիեւը հերքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դե Սյուրմենի պնդումըՙ իբր Ժնեւի հանդիպման Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների նախաձեռնությամբ հետաձգվելու մասին, նշելով, որ իր կողմից նման առաջարկ չի եղել: Փոխզիջման կողմերի անպատրաստության մասին Ք. Քավանոյի հայտարարության առնչությամբ նախագահ Ալիեւը ընդգծել է, որ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը կարող էր այդպիսի եզրակացության հանգել երկու հանրապետություններում իր ունեցած հանդիպումների հիման վրա: Մինսկում հանդիպումներից հետո, հայտարարել է նախագահ Ալիեւը, «պարզ կդառնաՙ Ժնեւում կկայանան բանակցություններ, թե՞ ոչ», հաղորդում է Էմ Փի Էյ գործակալությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4