«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2001-05-30 | #99, 2001-05-31 | #100, 2001-06-01


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՎԵՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 3200 ԿՈԹՈՂՆԵՐ

«Վերջին վկաները բռնագրաւեալ հայրենիքի մը իսկական տէրերուն» ընդարձակ հոդվածում Վ. Ավագյանն անդրադարձել է, իր իսկ խոսքերով, «Արեւմտահայաստանի եկեղեցական կոթողներու մշակութային ցեղասպանութեան» հարցին:

Անիի պարիսպների շվաքում կիզիչ արեւից պատսպարվում են քրդերի անասունները, Մշո Առաքելոց վանքը կիսավեր է եւ վերածվել է ախոռի, Մշո Ս. Կարապետ վանքից միայն հետքեր են մնացել, Անիի Մայր տաճարը 1972-ից այս կողմ խոշոր եղջերավոր անասունների ախոռ է... Ո՞ր մեկը նշես: «Մինչ անդին ամբողջովին քանդուած կամ կիսաքանդ 3200 այլ կոթողներ տակաւին կը սպասեն իրենց ցաւալի կորուստը հաստատող վերջին վկաներուն... Բագրատունիներու չքնաղ մայրաքաղաք Անին թէեւ կը ծանուցի իբրեւ զբօսաշրջութեան վայր, սակայն աւերակները այցելելու համար պետք է արտօնագիր առնել Կարսի զբօսաշրջութեան, ոստիկանութեան գրասենեակներէն... Նուազ բախտաւոր չեն նկատուիր Վան, Մուշ, Սասուն այցելողները, որոնց իւրաքանչիւր քայլափոխը ունի թուրք ոստիկանի մը շուքը», գրում է Վ. Ավագյանը: Եղեռնից առաջ Օսմանյան Թուրքիայի վարչական 17 շրջաններում հայ առաքելական եկեղեցիների ընդհանուր թիվը եղել է 2.538, մինչդեռ Կ. Պոլսի պատրիարքության հովանու տակ այսօր գործող եկեղեցիների թիվը ընդամենը 42 է: Հոդվածում եւ լուսանկարներում, որ տպագրել է Բեյրութում լույս տեսնող ՀՅԴ «Ազդակ» օրաթերթը, ներկայացված է Արեւմտահայաստանի հայ մշակույթի ցեղասպանությունը:

«Ազդակ» օրաթերթի բացառիկ այս համարը, որն ամբողջությամբ նվիրված է Եղեռնի 86-րդ ամյակին, լույս է տեսել 200 էջով: Առանձին հետաքրքրություն են ներկայացնում նաեւ «Դոկտ. Յոհաննէս Լեփսիուսն Ա աշխարհամարտի տարիներին», «Անաստուածները եւ անհաւատները», «Հայկական հարցը» եւ այլ հոդվածներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4