«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2001-05-30 | #99, 2001-05-31 | #100, 2001-06-01


ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԱԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱ՞Ն ՄԵՋ

Մայիսի 21-24-ը Մոսկվայում տեղի ունեցած ռուս-հայկական կլոր սեղանի արդյունքները ամփոփելով, երեկ ՀՀ Արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը անկեղծորեն խոստովանեց. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մենք Նյու Յորքի համաժողովից հետո անմիջապես գնացինք Մոսկվա, բայց հավատացեք, Մոսկվայի հանդիպումը ավելի վաղ էր պլանավորված»:

Այնուհանդերձ, պրն Ղազարյանը հակված է այն մտքին, որ մեր պետությունը կոմպլեմենտար քաղաքականություն պետք է վարի նաեւ տնտեսության բնագավառում: ՀԱԳՄ նախագահի գնահատականներով, Հայաստանն այսօր, օգտագործելով առկա ներուժն ու հնարավորությունները, կարող է վերականգնել Ռուսաստանի հետ նախկին տնտեսական կապերի 10-15 տոկոսը: Ի՞նչն է խանգարում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացմանը, այս հարցը, Ա. Ղազարյանի խոստովանությամբ, բավականին սրությամբ ու կոնկրետությամբ քննարկվել է մոսկովյան գործարար հանդիպման կլոր սեղանի երեք օրերի ընթացքում: Հայաստանից ժամանած 24 գործարարներն ու ՌԴ գործարարները (ի դեպ, բավականին ներկայանալի, որոնց ներկայությունը անսպասելի է եղել նույնիսկ պրն Ղազարյանի համար) Մոսկվայում ՀՀ դեսպանատանը մանրամասնել են այդ խոչընդոտներըՙ իրավական դաշտը, օրենքների անհամապատասխանությունը, հարկային-մաքսային վարչարարությունը եւ այլն: Ընդունվել է երեք կարեւոր որոշում. առաջինըՙ վերջապես գլուխ է եկել հայ-ռուսական առեւտրի տան գաղափարը, որը պետք է նպաստի հայկական ապրանքների միասնական ներթափանցմանը Ռուսաստան: 2-3 ամսում պետք է ամեն ինչ արվի առեւտրի տունը գործուն կառույց դարձնելու համար: Երկրորդը բիզնես-տեղեկատվության փոխանակության շուրջ պայմանավորվածությունն է եւ երրորդըՙ նախապես հունիսին պլանավորված հայ-ռուսական գործարար համաժողովի հետաձգումը մինչեւ սեպտեմբեր, եւ ՌԴ նախագահ Վ. Պուտինի Հայաստան սպասվելիք պաշտոնական այցի շրջանակներում երեք կարեւոր երկկողմանի փաստաթղթերի պատրաստումը տնտեսական համագործակցության բնագավառում, որոնք տեղ կգտնեն երկու նախագահների ստորագրելիք փաթեթների մեջ: Աչքի առաջ ունենալով նախադեպը, պրն Ղազարյանը հայտարարեց, որ այս անգամ ամեն ինչ անելու են խոսքը գործ դարձնելու համար: Նույնը վերաբերում է նաեւ Նյու Յորքի համաժողովին: Այդ մասին կարծիք հայտնելով, պրն Ղազարյանն անկեղծացավ այն աստիճան, որ սկսեց քննադատել հայաստանյան գործարարներին: Եթե անգամ կարծիք կա, թե համաժողովը հաջող չի անցել, ապա մեղքը նաեւ գործարարներինն է, որոնք դեռ աճելու, սովորելու շատ բան ունենՙ հատկապես համակարգված աշխատանքի, կորպորատիվ մտածողության առումով: Պրն Ղազարյանը չխորշեց նույնիսկ նշելու, որ Նյու Յորքում ներկայացված մի քանի բիզնես-ծրագրեր հաջող ու հետաքրքիր չեն եղել, եւ դրանց ներկայացման ընթացքում ներկաները սկսել են հորանջել:

ՀԱԳՄ նախագահը, որը միաժամանակ թուրք-հայկական գործարար հանձնաժողովի նախագահն է, տեղեկացրեց նաեւ մի շատ կարեւոր փաստ. Նյու Յորքից վերադառնալիս միությունը առաջին անգամ պաշտոնական նամակ է ստացել Թուրքիայի համանման միությունիցՙ համագործակցության առաջարկով, իսկ Մոսկվայից հետոՙ Ստամբուլի պալատից, որի հետ սկսված հարաբերությունները 98-ից մի փոքր սառեցվել էին հայտնի իրավիճակի հետ կապված: Այդ նամակների փաստը պրն Ղազարյանը գնահատեց իբրեւ թուրքական կողմի լուրջ քայլ ու վերաբերմունքի էական փոփոխությունՙ հաշվի առնելով, որ այդ երկրում հասարակական կազմակերպությունները երբեք չեն նախաձեռնումՙ առանց ունենալու կառավարության համաձայնությունը: Ա. Ղազարանը երեկվա դրությամբ դեռ չէր հստակեցրել հայկական կողմի դիրքորոշումը համագործակցության առաջարկով նամակների առնչությամբ:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4