Հայաստանը կարող է օգտվել հյուսիս-հարավՙ Ռուսաստան-Իրան-Հնդկաստան միջանցքից
Օրերս Աստրախանում տեղի ունեցած «Կասպից. քաղաքականությունից դեպի բիզնես» համաժողովին մասնակցում էր նաեւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչըՙ փոխարտգործնախարար Արմեն Մարտիրոսյանը: Համաժողովի մանրամասների մասին «Ազգի» թղթակցին նրա հաղորդած տեղեկությունները, կարծում ենք, հետաքրքրության արժանի են, հատկապես արտահանման միտվածություն ունեցող բիզնեսով զբաղվող Հայաստանի գործարարների համար.
- Համաժողովի կազմակերպիչներն էին Աստրախանի մարզի վարչակազմը, «Նեֆտեգազովայա վերտիկալ», «Մոսկվա» եւ մի քանի այլ թերթեր: Մասնակցում էին 15 երկրներ: Կասպիական երկրներից չէր մասնակցում միայն Թուրքմենստանը: Օրակարգը ընդգրկուն էրՙ նավթարդյունահանման եւ վերամշակման, նավթի եւ գազի տեղափոխման, Կասպից ծովի իրավական կարգավիճակի եւ բաժանման հարցերը: Համաժողովին մասնակցում էին նաեւ Ռուսաստանի էներգետիկայի երկու նախկին նախարարներըՙ Նիկոլայ Շաֆրաննիկը եւ Վլադիմիր Կալյուժնին: Վերջինս այժմ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն է կասպիական հարցերում եւ միաժամանակ փոխարտգործնախարարը:
Ադրբեջանական պատվիրակությունն, իմանալով մեր մասնակցության մասին, բողոքել էր, ասելով, թե ի՞նչ կապ ունի Հայաստանը Կասպիցի ավազանի հետ: Սակայն ինչպես Ռուսաստանի կենտրոնական իշխանության ներկայացուցիչները, այնպես էլ Աստրախանի նահանգապետը հստակ մոտեցում են ցուցաբերել, ասելով, որ կազմակերպիչներն են որոշում, թե ում պետք է հրավիրել, եւ Աստրախանի հողը տարբեր, հատկապես քաղաքական վեճեր լուծելու տեղ չէ: Ադրբեջանի ներկայացուցիչը սակայն իր ելույթի ժամանակ դարձյալ խոսեց 20 տոկոս զավթված հողերի, 1 մլն փախստականների մասին, հավելելով, որ իբր Հայաստանը շրջափակման է ենթարկել Ադրբեջանին: Բնականաբար, իմ ելույթում անդրադարձա ադրբեջանցի գործընկերոջս ելույթին, նշելով, որ այն «ծայրահեղ անտեղյակ եւ ամբոխավարական» էր: Ապա հիշատակեցի 1999 թ.-ին «Տրասեկա» ծրագրին նվիրված գագաթաժողովը, որը տեղի էր ունեցել Բաքվում: Այնտեղ Հայաստանի վարչապետն առաջարկել էր ապաշրջափակել բոլոր երկաթուղային ճանապարհները, որի հետեւանքով Նախիջեւանը եւս կապաշրջափակվի: Ադրբեջանն այդ առաջարկը մերժել էր: Սակայն քանի որ օրակարգի հիմնական հարցերը տնտեսական էին, ներկայացրի Հայաստանի հետաքրքրություններն այս տարածաշրջանում: Դրանք վերաբերում էին Հայաստանի մասնակցությանը հյուսիս-հարավ ճանապարհին:
Ռուսաստան-Իրան-Հնդկաստան միջանցքն անցնում է Կասպից ծովով, Իրանով, Պարսից ծոցով դեպի Հնդկաստան եւ այնտեղից Հարավ-արեւելյան Ասիա: Աստրախանում Հայաստանը պաշտոնապես դիմել է միանալու այդ համագործակցությանը: Դա մեզ հնարավորություն կտա զարգացնելու մեր արտահանումը: Ի դեպ, իրականացվել են Հայաստանից առաջին բեռնափոխադրումները դեպի Իրանի Էնզելի նավահանգիստ, այնտեղիցՙ Աստրախան: Հյուսիս-հարավ ճանապարհից օգտվելը մեր գործարարների համար մի շարք առավելություններ ունիՙ չեն կիրառվի լրացուցիչ մաքսատուրքեր, կլինեն տեղափոխման լավագույն եւ անվտանգ պայմաններ, տեխնիկական սպասարկում: Բացի դրանից, Աստրախանի նավահանգիստը հզոր կառույց է եւ պետք է օգտագործել նրա հնարավորությունները: Քաղաքում մի շարք կարեւոր օբյեկտներ պատկանում են տեղի հայ համայնքի գործարարներին, եւ նրանք պատրաստ են ընդառաջելու ցանկացած փոխշահավետ առաջարկի: Վերջերս Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանն Աստրախանի նահանգապետ Գուժվինի հրավերով եղել է Աստրախանում, համատեղ ուսումնասիրել են համագործակցության հնարավորությունները: Տեղի իշխանությունները մեծ հետաքրքրությամբ սպասում են այդ համագործակցությանը: Ցանկանում եմ հատուկ ընդգծել մեր ազդեցիկ սփյուռքի ներկայությունը Աստրախանի մարզում, որի ուժերի ճիշտ եւ նպատակային օգտագործումը հնարավորություն կտա աշխուժացնել գործարար կապերը:
- Հյուսիս-հարավ միջանցքը ե՞րբ է սկսել գործել:
- Երկու տարի առաջ գործընթացը սկսվել է: Երեք երկրների (Ռուսաստան, Իրան, Հնդկաստան) խորհրդարանների վավերացումից հետո տեխնիկատնտեսական հիմնավորումներն արդեն ավարտվել են, առաջին բեռներն արդեն տեղափոխվել են: Դա ամենակարճ եւ շահավետ ուղին է հարավ-արեւելքից Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ բեռների տեղափոխման համար:
- Փաստորեն Հայաստանը Կասպից ծովով միանում է այդ ճանապարհին:
- Հայաստանը չլինելով տարանցիկ երկիր այդ ճանապարհի վրա, կարող է օգտվել դրանից, եւ մեր արտադրողներն այդ ճանապարհով կարող են իրենց մրցունակ արտադրանքը ներկայացնել արտաքին աշխարհին: Այդ նպատակով դիմել ենք համագործակցությանն անդամագրվելու խնդրանքով:
- Աստրախանի համաժողովում քննարկվե՞ց Բաքու-Ջեյհան խողովակաշարի հարցը:
- Այո: Մեր կասկածները դրա իրականացման վերաբերյալ կարծես թե ավելի խորացան, հատկապես Իրանի ներկայացուցչի ելույթից հետո: Նշվեց, որ Իրանը թույլ չի տա ստորջրյա խողովակաշարի անցկացումըՙ նկատի ունենալով Կասպից ծովի սեյսմիկությունն ու էկոլոգիական անվտանգությունը: Ռուսաստանի ներկայացուցչի մոտեցումը եւս բացասական էր: Ասվում էր, որ չի կարելի վտանգի ենթարկել Կասպից ծովի յուրահատուկ բուսական եւ կենդանական աշխարհը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ