«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2001-05-30 | #99, 2001-05-31 | #100, 2001-06-01


ԲԱՑԱԿԱ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԹԵՐՑՎՈՒՄ ԵՆ Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ

Մայիսի 31-ին դատարան բերվեցին «Հոկտեմբերի 27»-ի գործով 6 ամբաստանյալները, որոնց համար դատական նիստերի քարտուղարն ընթերցում էր ամբաստանյալ Նաիրի Հունանյանի ավելի քան 1,5 ամսվա ցուցմունքները: Դատարանի որոշումով, «Հոկտեմբերի 27»-ին անմիջական մասնակցություն ունեցած ամբաստանյալները Ն. Հունանյանի ցուցմունքների ժամանակ հեռացվել էին դահլիճիցՙ գործի կարեւորությունից ելնելով:

Դահլիճը գրեթե դատարկ էր, անգամ դատավարության մասնակից կողմերն իրենց պարտավորված չէին զգում կրկին ծայրեծայր լսելու ամբաստանյալի ցուցմունքները: Լրիվ կազմով ներկա էին միայն մեղադրողները, որոնց հետ լրագրողները քննարկում էին, թե ճի՞շտ էր այս պահին ամբաստանյալներին դահլիճ բերելը, երբ Ն. Հունանյանին դեռեւս հարցեր չեն տրվել: Մեղադրողների ասելով, դատարանի որոշումը վերաբերում էր ամբաստանյալներին Ն. Հունանյանի ցուցմունքների ժամանակ դահլիճից հեռացնելուն, երբ սկսեն հարցեր տալ, նրանց կրկին կհեռացնեն դահլիճից: Մեղադրողները գտնում են, որ ամբաստանյալների համար կարեւոր էր մինչ հարցաքննությունը ցուցմունքներն ընթերցելը, որովհետեւ Ն. Հունանյանը դատաքննական ցուցմունքներում ավելի ծանրացրել է գործընկերների վիճակը եւ նրանց պետք է հնարավորություն տալ Ն. Հունանյանին հարցեր նախապատրաստելու համար:

Ս. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4