ՎԱՆԱՁՈՐ, 31 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 7200 մարդ տարահանվեցՙ Լոռու մարզում մայիսի 30-ին անցկացվածՙ ուժեղ երկրաշարժի դեպքում համապատասխան միջոցառումների իրականացման ուսումնավարժանքի ընթացքում. իրավիճակային պլանի համաձայն, «տեղի էր ունեցել» 8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ (էպիկենտրոնըՙ Մարգահովիտ-Ֆիոլետովո հատվածը):
Առավոտյան ժամը 9-ից մարզի հեռուստառադիոխմբագրությունները պարբերաբար հուշում էին բնակչությանը, թե ինչպես պաշտպանվել հետագա ցնցումներից, ինչպիսի միջոցներ ձեռք առնել հրդեհներից խուսափելու համար: Ուսումնավարժանքում ներգրավված ծառայությունների ղեկավարների հետ Լոռու մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ գեներալ-մայոր Հ.Հարոյանը, վարչության այլ պատասխանատուներ:
Ուսումնավարժանքի ծրագրով նախատեսված էր նաեւ «Պրոմեթեւս քիմպրոմ» ձեռնարկությունում ամոնիակի գլանատակառի վթարի վերացում, փլուզված բնակելի շենքի բնակիչների փրկարարական եւ առաջին օգնության աշխատանքներ, «Տարոն-2» թաղամասում դպրոցին սպառնացող վերամբարձ կռունկի ապամոնտաժում եւ այլն:
Աղետի վերացման աշխատանքներին ներգրավվել էին նաեւ Գուգարք եւ Դարպաս համայնքների բնակիչները: