«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2001-05-30 | #99, 2001-05-31 | #100, 2001-06-01


ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆՙ ԱՌԱՆՑ ՁԳՁԳՈՒՄՆԵՐԻ

Երեկ ԼՂՀ խորհրդարանը գումարեց իր հերթական լիագումար նիստը: Ազգային ժողովի քննարկմանն էր դրված 9 հարց, որից միայն 7-ը ներկայացրել էր ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հանձնաժողովը:

Խորհրդարանն առաջինը քննարկեց «ԼՂՀ 2000 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Թեկուզեւ օրինագիծը վիճահարույց էր, սակայն ընդունվեց, հաշվի առնելով, որ անցնող տարվա բյուջեն ընդունվել էր նախորդ խորհրդարանի կողմից:

Ազգային ժողովն ի գիտություն ընդունեց ԼՂՀ կառավարության տեղեկատվությունը 2001 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին: Պատգամավորների մի մասը դժգոհ էր եռամսյակի արդյունքներից, քանի որ 17 եկամտային աղբյուրներից նախատեսված առաջադրանքը կատարվել էր սոսկ մեկ աղբյուրի գծով: Բյուջեի մուտքերի գումարի շուրջ 80 տոկոսը կազմել է միջպետական վարկը (առաջին եռամսյակի համար նախատեսված էր 16 տոկոս, որն էլ ամբողջությամբ ստացվել է):

Մյուս օրինագծերն առավելապես վերաբերում էին հարկային ոլորտին, որոնք լրամշակման էին վերադարձվել ԼՂՀ նախագահի կողմից: Անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո խորհրդարանը դրանք եւս ընդունեց:

Փոփոխություններ ու լրացումներ կատարվեցին նաեւ «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին», «Զինապարտության մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» օրենքներում:

ԵՂԻՇԵ ԱՐՇԱԿՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4