Քաղաքակրթության առաջընթացին զուգահեռՙ թմրամոլությունը սկսեց վայելել ոչ պակաս մասսայականություն, քան հնում էր: Ավելինՙ քաղաքակրթության «պտուղներն» իրենց անմիջական արտահայտությունը գտան նաեւ այս երեւույթում. թմրամոլությունը որպես շահավետ խաղաքարտ, դարձավ «ոսկե երակ» կազմակերպված հանցագործության համար:
Ներկայումս աշխարհում չկա գեթ մեկ երկիր, որ ընդգրկված չլինի թմրաբիզնեսի ամենազոր ցանցում: Մի շարք երկրներ թմրանյութերի պատրաստման կենտրոն են, մեծ թվով երկրներ էլ ծառայում են որպես այդ արտադրանքի տեղափոխման տարանցիկ ուղի: Քանի որ աշխարհի պետությունների միջեւ հետզհետե սերտանում են տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերը, թմրաբիզնեսն էլ, այս ամենի ստվերում երկրից երկիր սողոսկելով, «նպաստում» է հանցավոր կապերի ամրապնդմանը: Թմրաբիզնեսը չի ճանաչում հարուստ ու աղքատ, մեծ ու փոքր երկիր, քանզի թմրամիջոցների պահանջարկն ամենուր էլ առկա է: Այսպիսով, թմրաբիզնեսն առանց վարանելու կարող ենք դասել համաշխարհային մասշտաբի վտանգավորության հանցատեսակների առաջին շարքում:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրականացնող միջազգային հանցախմբերի դեմ պայքարում համախմբվում են երկրներն ու կազմակերպությունները, կնքվում են միջպետական համաձայնագրեր ու գործի են դրվում ծրագրերՙ թմրամիջոցների ոչնչացման ու դրանք տարածողների վնասազերծման: Այս միջոցառումները, սակայն, լոկ ժամանակավորապես են սանձահարում թմրամոլությանՙ շարունակաբար ընդարձակվող վարակը: Սարդոստայնը մնում է անվնասՙ ծածուկ կամ բացահայտորեն գայթակղելով բոլոր նրանց, ովքեր, աշխարհի խելագար վազքից եւ այլնից հոգնած, խարխափում են խաբուսիկ նիրվանայի որոնումներում...
Ի՞նչ են ասում պաշտոնական տվյալները
Ինտերպոլի տվյալներովՙ թմրանյութ գործածողների թիվն աշխարհում հասնում է 200 մլն-ի, որից 140 մլն-ը կազմում են մարիխուանա օգտագործողները, 13 մլն-ը նախընտրում է կոկաինը, 8 մլն-ըՙ հերոինը, մնացյալն էլ նախապատվություն է տալիս առավել թույլ թմրամիջոցներին: Արձանագրվում է նաեւ, որ թմրամոլությունը տարածված է հատկապես երիտասարդության շրջանում: Թմրաբիզնեսով զբաղվող հանցախմբերից, ըստ այդ տվյալների, ամեն տարի առգրավվում է 100 հազ. միավոր հրազեն, եւ աշխարհում կատարվող հանցագործությունների ավելի քան 50 տոկոսն առնչվում է հենց նրանց գործունեությանը: Առգրավվում են այդ հանցախմբերին պատկանող թռիչքային սարքեր, գաղտնի օդանավակայաններ եւ այլն: Ի վերջո, հանցագործությունների ընդհանուր թվի ճիշտ կեսը կատարվում է թմրանյութերի ազդեցության տակ գտնվողների ձեռքով:
Այսօրինակ համատարած չարիքի դեմ պայքարելն իրոք դժվար է: Թմրամոլիՙ ֆիզիկապես ու հոգեբանորեն կախյալ վիճակը թմրանյութից հաճախ է պատճառ դառնում, որ խաբուսիկ նիրվանայի անմեղ որոնողից նա վերածվի հանցագործի: Այդ մարդկանց հիվանդագին կախյալությունն օգտագործվում է նաեւ իրենցՙ թմրանյութ մատակարարողների կողմից: Փաստն այն է, որ թմրամոլների հսկայական բանակի գումարներով իրենց հարստությունը դիզող «բիզնեսմեններն» այդպիսով միջոցներ են ստանում նոր հանցախմբեր ձեւավորելու եւ թմրանյութի նոր պաշարներ իրացնելու համար: Աղետաբեր այս շրջանառության արդյունքում վտանգվում է բնակչության գենոֆոնդը, եւ սա ամենամտահոգիչն է:
Այդուհանդերձ, թմրամոլության դեմ կազմակերպված պայքարի եղանակներ մշակվել են դեռեւս անցյալ դարասկզբին: 1909-ին Շանհայում տեղի ունեցավ առաջին միջազգային գիտաժողովը, 1912-ին Հաագայում ստորագրվեց միջազգային մի պայմանագիր, համաձայն որի պայքար էր ծավալվելու մի շարք երկրներում ափիոնի հսկայածավալ շրջանառության դեմ: Թմրամոլության դեմ պայքարին 1961-ին, 1971-ին ու 1988-ին հռչակած իր կոնվենցիաներում անդրադարձել է ՄԱԿ-ը, որի շրջանակներում գործում է Թմրանյութերի վերահսկողության միջազգային խորհուրդ: Այս խորհրդի հիմնական գործառույթներն ենՙ թմրանյութերի արտադրության վերահսկումը եւ պայքարը դրանց անօրինական տարածման ու օգտագործման դեմ: Ի դեպ, վերոնշյալ կոնվենցիաներին, արդեն 8 տարի է, միացել է նաեւ Հայաստանը: Մեր հանրապետությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխարգելելու վերաբերյալ համաձայնագրեր ունի կնքած Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների հետ: Համաշխարհային մասշտաբի այս պայքարն, անշուշտ, մեծ հակակշիռ է թմրամոլության չարիքին, սակայն առայժմՙ ընդամենը հակակշիռ, քանի որ երկու բեւեռների բախումը շարունակվում է...
Թմրաբիզնեսի «աշխարհագրությունը»
Թմրանյութերի արտադրության խոշորագույն կենտրոններից մեկն ավանդաբար համարվում է Հարավային Ամերիկան, որ միայն կոկաինի վաճառքից (տարեկան 1000 տոննա) ունենում է միլիարդավոր դոլարների շահույթ: Պերուում, օրինակ, կոկա թմրաբեր բույսի պլանտացիաները զբաղեցնում են 150 հազ. հա հողատարածություն, ավելի պակաս չափովՙ սակայն աճեցնում են նաեւ խաշխաշ բույսըՙ հերոին ստանալու նպատակով: Թմրաբեր բույսերի վերամշակման գաղտնի լաբորատորիաները, որ հարյուրներով են հաշվվում, պարբերաբար հայտնաբերում ու ոչնչացնում են իրավապահները, եւ, այնուամենայնիվ, ոչնչացվածներին փոխարինում են նորերը: Այլ թմրատեսակների արտադրության «հանրահայտ» կենտրոններն են Իռլանդիան, ուր նախապատվությունը տրվում է հիմնականում մարիխուանային, Աֆղանստանը, որն ափիոն է մատակարարում ողջ Կենտրոնական Ասիային: Ասիական պետություններն առհասարակ հերոինի հիմնական ներմուծողն են եվրոպական երկրներ, իսկ ներմուծումն իրականացվում է այսպես կոչված «բալկանյան ուղիով»ՙ Ռուսաստանի Դաշնության տարածքով կատարվող թուրքական բեռնափոխադրումների «շնորհիվ»:
Թմրաբիզնեսի «աշխարհագրական քարտեզը», սակայն, կարելի է ներկայացնել առավել որոշակի, քանի որ աշխարհում թմրամիջոցների պատրաստման կենտրոնները երեքն ենՙ «Ոսկե եռանկյունի», «Ոսկե գեղմ» եւ «Ոսկե կիսալուսին» անվանումներով: Սրանցից վերջինի գործունեությունը հատկապես մտահոգիչ է, քանզի առնչվում է անմիջականորեն մեր տարածաշրջանին եւ մասնավորապես Հայաստանին: Այս տարածաշրջանն ավելի քան հարմար էՙ որպես տարանցիկ ուղի օգտագործվելու եւ թմրամիջոցների հոսքը Ռուսաստանով դեպի եվրոպական երկրներ ապահովելու համար: Թուրքիայի եւ Իրանի հարեւանությամբ գտնվող Հայաստանը եւս մեծ վտանգի է ենթարկվում, քանզի վերոհիշյալ 2 երկրները տարանցիկ են համարվում եւ ունեն թմրանյութերի առաքման ավանդական դարձած երթուղիներ: Այդ երթուղիների պարբերաբար խստացող հսկողությունը պատճառ է դառնում, որ թմրաբիզնեսով զբաղվողներն իրենց «արտադրանքը» Ռուսաստանում իրացնելու նոր ուղիներ փնտրեն, իսկ Հայաստանն այս պարագայում ամենակարճ ու հարմար ճանապարհն է: Պատահական չէ, որ նախորդ մի քանի տարիների համեմատ այժմ ավելի է մեծացել «ծանր» թմրատեսակների շրջանառությունը Հայաստանում: Անցյալ տարվա ընթացքում մեր իրավապահ մարմիններին հաջողվել է բացահայտել թմրամիջոցները մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրելու 9 դեպք. ներկրումը կատարվել էր Իրանիցՙ Մեղրիի անցակետով, Ռուսաստանից, Թուրքիայից, Վրաստանիցՙ Բագրատաշենի ու Բավրայի անցակետերով: Պաշտոնական վիճակագրությունն, այդուհանդերձ, փաստում է, որ Հայաստանը թմրանյութերի շրջանառության առումով համեմատաբար ավելի բարվոք վիճակում է, քան հարեւան երկրները: Թեպետ միանշանակ էՙ թմրամոլությունը հանրապետությունում մեծ աճ է ապրել:
Թմրամոլությունն ու Հայաստանը
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 229 հոդվածիՙ վաճառելու նպատակով թմրամիջոցների ապօրինի պատրաստումը, ձեռքբերումը, պահպանումը, փոխադրումը, առաքումն ու իրացումը պատժվում են մինչեւ 10 տարի ազատազրկմամբ, իսկ առանց վաճառելու նպատակիՙ մինչեւ 3 տարի ժամկետով: Ընդ որում, քրեական օրենսգրքում առանձին հոդված է նվիրված (հոդված 230) հատկապես կանեփ ու խաշխաշ ցանելու ցանկություն ունեցող անձանց. ըստ վերոհիշյալ հոդվածի, այդ «ցանկությունը» պատժվում է 3-5 տարի ազատազրկմամբ: Պատճառն այն է, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները նպաստում են հենց կանեփի ու թմրաբեր խաշխաշի աճին, բացի այդ, որպես թմրատեսակ, սրանք ավելի մատչելի են հասարակության ստվար հատվածի «գրպանին»: Պատահական չէ, որ թմրամոլությունը հանրապետությունում տարածված է հենց հաշիշամոլության տեսքով, այստեղ դեր է խաղում նույնՙ մատչելիության սկզբունքը, ինչի հետեւանքով այսպես կոչված ծանր թմրատեսակները Հայաստանում չեն «մրցակցում» առավել թույլ թմրամիջոցների հետ:
Կանեփ ու խաշխաշ աճեցնում են գլխավորապես գյուղերում: Բազմաթիվ են իրավապահների բացահայտած դեպքերը, երբ գյուղացին, չդիմանալովՙ իր իսկ ձեռքով եւ վաճառելու նպատակով աճեցրած կանեփի «գայթակղանքին», սկսել է օգտագործել մարիխուանա: Հաճախ գյուղերում գոյանում են հանցավոր փոքրիկ խմբակներՙ համագյուղացիներից կազմված, նրանք կազմակերպում են կանեփի աճեցումն ու վաճառքը: «Կանեփ-կակաչ» ամենամյա համալիր կանխարգելիչ միջոցառումը, որ անցկացնում են ՆԳ նախարարության աշխատակիցները, ծառայում է հենց վերոհիշյալ բույսերի ցանքատարածությունները հայտնաբերելու եւ ոչնչացնելու նպատակին: Իսկ այդ ցանքատարածությունները հսկայական են, միայն անցյալ տարվա ընթացքում ոչնչացված կանեփն ու կակաչը կազմել են 222 տոննա, այնինչ սա ընդամենը հայտնաբերված մասն է...
Թմրամոլության դեմ պայքարի միջոցներ են ձեռք առնում ոչ միայն իրավապահները, այլեւՙ կառավարական մարմինները: 1993-ին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց թմրաբիզնեսի եւ թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական հանձնաժողով, ավելի ուշ կազմավորվեց եւս միՙ թմրամիջոցների հսկման մշտական հանձնաժողով, որի գործառույթների թվում էին հանրապետությունում առկա թմրամիջոցների հսկողությունը, առողջապահական նպատակներով օգտագործվող թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերիՙ ձեռնարկատիրության ոլորտում կիրառելու վերաբերյալ թույլտվությունը եւ այլն: Բացի այդ, ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդի միջնորդությամբ Հայաստանն ու հարեւան երկու հանրապետությունները մշակում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ արդյունավետ պայքարի միջոցներ:
Ովքե՞ր են այդ ապօրինի շրջանառությունն իրականացնում Հայաստանում: Վիճակագրությունը փաստում է միայն, որ տեղական թմրաբիզնեսով, ինչպես նաեւ թմրամոլությամբ զբաղվողների ավելի քան 60 տոկոսը չունի եկամտի որեւէ այլՙ մշտական աղբյուր: Ընդ որում, հակառակ տարածված կարծիքի, այդ մարդկանց շարքերում չափազանց փոքր թիվ են կազմում ուսանողներն ու մարմնավաճառ կանայք: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թմրամոլության համար պատասխանատվության ենթարկվածների թիվն անցյալ տարի կազմել է 477, որի գերակշիռ մասը ներկայացնում են 30-49 տարեկանները (շուրջ 65 տոկոս), ավելի պակաս հատվածըՙ 25-29 տարեկանները (շուրջ 18,5 տոկոս), անչափահասների թիվը չի գերազանցել 2-ը: Սակայն այսքան են կազմել պատասխանատվության ենթարկվածները, իսկ չհայտնաբերվածնե՞րը...
Թմրամոլությունը վարակի պես չի «բավարարվում» մեկ անձի հոգին ու մարմինը ստանալով, այլՙ շղթայի պես տարածվում է ու նորանոր ճակատագրեր ընդգրկում իր սարդոստայնում: Թմրանյութից հիվանդագին կախումն անձին մոռանալ է տալիս ընտանիքն ու աշխատանքը, կանոնավոր կյանքը: Թմրանյութն առաջին անգամ ընդունում են հետաքրքրությունից կամ հոգեկան ու ֆիզիկական մի մեծ ցավից «բուժվելու» ցանկությունից դրդված: Առաջին անգամին մեծ մասամբ հաջորդում են երկրորդ, երրորդ, չորրորդ անգամները... Թմրանյութը դառնում է անհրաժեշտություն, անձըՙ թմրամոլ: Առաջին անգամ թմրանյութ ընդունելը սովորաբար հյուրասիրություն է լինում, սկզբում հյուրասիրում են, հետո, հաջորդ անգամ արդեն պահանջում, որ ինքդ հյուրասիրես: «02» շաբաթաթերթն իր էջերում բազմիցս անդրադարձել է իրական հիմք ունեցող նման պատմությունների, որոնք մանրամասնորեն չներկայացնելովՙ ներկայացնում ենք լոկ այդ դեպքերն ընդհանրացնող օրինաչափությունը. «Մեծահոգաբար թմրանյութ առաջարկող անձինք հաճախ իրենց հյուրասիրությունը հրամցնում են հենց անչափահասներին, այն էլՙ հարուստ կամ պարզապես նյութապես ապահովված ընտանիքների զավակներին: Ապա հետզհետե սկսում են գումարներ կորզել իրենց զոհերից»: Այստեղ տեղին է խոսել Հայաստանում թմրամիջոցների գների մասին: «Սեւ» շուկայում գնային պատկերն, ըստ ՆԳՆ-ից ստացած տեղեկատվության, հետեւյալն է. մարիխուանան արժե 1000-1200 ամերիկյան դոլար (մեր տվյալներովՙ 100 գր ը), կակաչըՙ 200-250, ափիոնի 1 կգ-ը-ՙ 10-12 հազ, 1 տոկոսանոց մորֆիի մեկ սրվակըՙ 5-8, հերոինի 1 կգ-ըՙ 120-150 հազ. ամերիկյան դոլար: Սոցիալապես անապահով բնակչությամբ մեր հանրապետությունում առկա գնային նման պատկերն առնվազն զարմացնում է, սակայն փաստ է, եթե կան գներ, ուրեմն կա եւ գնորդ...
Վերադառնալով անձին կամ անձանցՙ թմրամիջոցների գործածմանը հսկելու թեմային, հավելենք միայն, որ այդ հանցանքը պատժվում է մինչեւ 5 կամ 10 տարի ազատազրկմամբ: Իսկ անչափահասներին թմրամոլության դրդելու պարագայում առհասարակ ներում չկա... բարոյական առումով:
ԱՆՈՒՇ ԴՈՎԼԱԹՅԱՆ
Հ. Գ.-Հեղինակն իր շնորհակալությունն է հայտնում ՆԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությանը եւ «02» շաբաթաթերթինՙ տրամադրված տեղեկությունների համար: