«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2001-05-30 | #99, 2001-05-31 | #100, 2001-06-01


ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼՈՒ ԵՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ՀԵՏՔԵՐԸ

Ինչպես գրվել էր նախապես, Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Խոջիվանքիՙ հայ մշակույթի գործիչների պանթեոնում սրբապղծություն է կատարվել. մասնավորապես շրջել էին Րաֆֆու տապանասյունը, գողացել ու տարել յոթ հայ գործիչների գերեզմանների մարմարե անվանասալիկները: Մայիսի 27-ինՙ Սայաթ-Նովայի վարդատոնին մասնակցելու համար Թբիլիսի մեկնած հայ գրողների պատվիրակությունը եղավ պանթեոնում: Րաֆֆու տապանասյունը վերադրված էր, իսկ յոթ գործիչների գերեզմանները դեռ մնում են որպես «անհայտ զինվորի գերեզմաններ»:

Պանթեոնում են հանգչում 19-20-րդ դդ. հայ մշակույթի մեծանուն գործիչներ Սունդուկյանը, Թումանյանը, Աղայանը, Մուրացանը, Մակար Եկմալյանը, Ծերենցը, Նար-Դոսը, Ալեքսանդր Ծատուրյանը, Բագրատ Այվազյանը, Գրիգոր Արծրունին, Ջիվանին, Հակոբ Հակոբյանը, Մկրտում Հովնաթանյանը, Իսահակ Ալիխանյանը, Օլգա Մայսուրյանը եւ շատ ուրիշներ: Այժմ այս շիրմաթմբերը նույնպես անխնամ վիճակում են, պոկված է գերեզմանատան երկաթաճաղերի մի մասը, անտերության մատնված շիրմաքարերը կուչ են եկել գերեզմանատան ավերակումից գոյացած եւ նրա տեղում կառուցվող վրացական եկեղեցու շինարարական թափոնների հողաբլուրների արանքում:

Հայտնի է, որ Երեւանի եւ Թբիլիսիի քաղաքապետարանները որոշել են վերականգնել պանթեոնը: Այս թեմայի շուրջն է մեր խոսակցությունը Վրաստանի հայերի միության նախագահ, Վրաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Հենրիկ Մուրադյանի հետ:

- Հարցը ժամանակին բարձրացրել ենք Վրաստանում ՀՀ դեսպանությունում եւ Թբիլիսիի քաղաքապետարանում, ասաց նա: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը գա Թբիլիսի, հանդիպի քաղաքապետին: Ապա պայմանագիր կնքվեց, որ երկու քաղաքապետարանները վերականգնողական աշխատանքներ կատարեն: Ես շատ ուրախ եմ, որ անմիջապես եկան երեւանցի ճարտարապետները, պատրաստեցին համապատասխան նախագծեր, ու ջանք գործադրեցինք, որպեսզի Թբիլիսիի քաղաքապետարանի բյուջեից գումար հատկացվի այդ աշխատանքների համար (30 հազար լարի): Մնացած 50 հազարը նույնպես կհավաքվի:

Վրաստանի հուշարձանների պահպանության վարչությունը մայիսի 26-ին հաստատել է վերակառուցման նախագիծը, եւ շուտով աշխատանքները կսկսվեն: Գերեզմանների վերականգնման հետ կառուցվելու է նաեւ մատուռՙ աղոթքի եւ մոմավառության համար: Ենթադրում եմ, որ աշխատանքներն ավարտվելու են հոկտեմբերին, եւ պանթեոնի վերաբացումը կկայանա այդ ամսինՙ «Թբիլիսոբա» տոնի օրերին:

Ուզում եմ առիթից օգտվել եւ շնորհակալություն հայտնել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությանը, որը ստանձնել է մարմարյա գերեզմանասալիկների ապահովման գործը:

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ, Լուսանկարըՙ հեղինակի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4