Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ցուցադրությամբ
Մայիսի 30-ին Ստանիսլավսկու անվան. ռուսական պետական թատրոնի դահլիճում ներկայացվեց Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի Նորաձեւություն-2001 գարնանային 5-րդ մրցույթի եզրափակիչ փուլի ցուցադրությունը: Բեմահարթակին գեղեցկության, ներդաշնակության, ստեղծագործական երեւակայության, գույնի ու պլաստիկայի համադրումն իրոք տոնական մթնոլորտ էր ստեղծել դահլիճում:
ԳԱԱԱ-ն հիմնադրվել է 1996 թ.ՙ դիզայներների միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ դիզայներների միության, դիզայներների միջազգային ասոցիացիայի, նկարիչների միության անդամ, ԳԱԱԱ ռեկտոր պրոֆեսոր Էդուարդ Ամիրբեկյանի ղեկավարությամբ եւ ջանքերով: Նույն տարում ՀՀ հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի աջակցությամբ շենքի տարածքում սկսվեցին ակադեմիայի դասընթացները: Նույն տարին Լուսինե Դադայանի նախաձեռնությամբ ստեղծված ուսանողական գիտաստեղծագործական խորհուրդը սկսեց կազմակերպել եւ անցկացնել ամենամյա ցուցահանդես-ցուցադրություններ: 1996 թ. կայացած մրցույթը պատասխանատու էր այնքանով, որ այն առաջին փորձն էր, որի ընթացքում ներկայացվեցին գեղանկարչական, գրաֆիկական, ծավալատարածային աշխատանքներ: Հանրապետական նորաձեւության տանը կազմակերպված մրցույթին մասնակցեցին 60 ուսանողներ: Ապա եւ հաջորդ տարիներին կազմակերպված նույնատիպ ցուցադրություններն ավելի համարձակ դարձանՙ ստեղծագործական ազատ երեւակայությամբ, պրոֆեսիոնալ մոտեցումներով, որոնք արտահայտված էին ցուցադրվող նմուշների բազմազանությամբ, ոճերի հարստացմամբ:
ԳԱԱԱ-ն, անշուշտ, Հայաստանում նորաձեւության դպրոցի զարգացման գործում իր ուրույն տեղն ու անգնահատելի ծառայություններն ունի: ԳԱԱԱ-ն առաջիններից մեկն էր, որ ժամանակակից մարդու համար նորաձեւության դերի կարեւորագույն ըմբռնումով, ստեղծագործաբար եւ լրջորեն վերաբերվեց այս արվեստին:
Իր գոյության 5 տարիների ընթացքում Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան աշխատանքային բազմաթիվ դժվարություններ է ունեցելՙ վերելքներով ու վայրէջքներով: Ակադեմիայիՙ 1999 թ. առաջին 20 շրջանավարտներից 6-ը դարձել են ՀՀ դիզայներների միության եւ դիզայներների միջազգային ասոցիացիայի անդամներ: ԳԱԱԱ-ի ուսանողները մասնակցելով բազմաթիվ փառատոներիՙ հաղթողներ են ճանաչվել: Այս ուսումնական տարվա սկզբներին «Նաիրիտ» գործարանի մշակույթի պալատում անցկացված «Հայկական սիլուետներ» մրցույթում ԳԱԱԱ-ի մասնակիցներից երեքը գրավեցին մրցանակային տեղեր, իսկ մյուսներն արժանացան այլ պարգեւատրումների:
1996 թ.-ից սկսած յուրաքանչյուր տարին ներկայացնող նորաձեւության հավաքածուում ընդգրկված նմուշները հերթագայությամբ ներկայացնելուց հետո սկսվեց նորաձեւություն-2001 աշխատանքների ցուցադրությունը, որը երկարատեւ տքնաջան աշխատանքի, ստեղծագործական որոնումների արդյունք էր: Մրցութային հավաքածուների հետաքրքրական մտահղացումներն ընդգրկում էին հետեւյալ թեմաներըՙ ազգային հագուստը ժամանակակից լուծմամբ, ավանգարդ եւ քրիստոնեություն:
Բավականին հետաքրքրական ու կոլորիտային էր գույների ինչպես մեղմ, այնպես էլ ավելի ակտիվ երանգների համադրություններով ներկայացված ազգային հագուստը ժամանակակից լուծումներով: Նորաձեւ, բազմազան, ձեւի մեջ ազատ, նրանք կրում էին ազգային երանգավորումՙ հագուստի առանձին դետալների ճաշակավոր զուգակցումով (նախշազարդ գոգնոցներ, գլխադիրներ, գոտիներ, զոլավոր զուգագուլպաներ, կտորե պայուսակներ): Ակնահաճո էին մոխրագույն ֆոնին զետեղված նուրբ գույների նախշազարդերով, բոլորագծերով, դարչնագույնի եւ շագանակագույնի հաճելիորեն հանգիստ տոնայնությամբ, ձեւերի բազմազանությամբ (հատկապես թեւերի) հագուստները: Ժամանակակից լուծումներով ազգային հագուստը հանդիսականն ընդունեց ջերմությամբՙ հայկական երաժշտության հնչյունների ուղեկցությամբ:
Ավելի համարձակ, բազմաոճ, թեթեւ, պլաստիկ, ընդգծված ազատ եւ ինքնատիպ (շյուղերով զգեստները) հավաքածու էր ավանգարդ ոճը ներկայացնող ցուցադրությունը, որի ընթացքում իր ինքնատիպությամբ առանձնացավ թերթերի «էջերից» («Հայոց աշխարհ», «Երկիր») կատարված զգեստավորումը, որոնցից ավելի աչքի էր ընկնում «Ազգ» թերթը: Երկարափեշ զգեստները յուրահատուկ լրատվական միջոց էին ասես բեմին, գուցե «հետաքրքիր»ՙ ընթերցվելու համար մատուցման այս նոր ձեւի մեջ, թերեւս «ցանկալի» նրբագեղ ու հաճելի աղջիկների անմիջական մարմնավորումներով:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ