Հունիսի 2-ին եւ 6-ին 2002 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերում հերթական տուրերի հանդիպումներ կանցկացվեն եվրոպական ինը խմբերում:
Երկու խաղ կանցկացնի նաեւ 5-րդ խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը: Հունիսի 2-ին մեր ընտրանին կմրցի Բելառուսի, չորս օր անցՙ Լեհաստանի հավաքականի հետ: Այդ խաղերը կանցկացվեն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Արդեն մի քանի օր է, ինչ մեր թիմը, գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի ղեկավարությամբ, նախապատրաստվում է այդ կարեւորագույն խաղերին: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են հետեւյալ ֆուտբոլիստները. դարպասապահներՙ Հարություն Աբրահամյան («Արաքս», Երեւան), Մայիս Ազիզյան («Արարատ», Երեւան), պաշտպաններՙ Հարություն Վարդանյան («Յանգ բոյզ», Բեռն, Շվեյցարիա), Երվանդ Սուքիասյան («Կլոպենբուրգ», Գերմանիա), Ռոմիկ Խաչատրյան («Օլիմպիակոս», Նիկոսիա, Կիպրոս), Ֆելիքս Խոջոյան («Արաքս», Երեւան), Հովհաննես Դեմիրճյան («Ստալ», Ալչեւսկ, Ուկրաինա), Արմեն Պետիկյան («Միկա», Աշտարակ), Արկադի Դոխոյան («Արաքս», Երեւան), Աղվան Մկրտչյան («Արարատ», Երեւան), Հայկ Գեւորգյան («Արաքս», Երեւան), կիսապաշտպաններՙ Արթուր Պետրոսյան («Յանգ բոյզ», Բեռն, Շվեյցարիա), Ալբերտ Սարգսյան («Լոկոմոտիվ», Մոսկվա, Ռուսաստան), Վարդան Մինասյան («Փյունիկ», Երեւան), Կարեն Դոխոյան («Կռ. սովետով», Սամարա, Ռուսաստան), Արտավազդ Քարամյան («Փյունիկ», Երեւան), Արտակ Մինասյան («Արաքս», Երեւան), Կոլյա Եփրանոսյան («Արաքս», Երեւան), հարձակվողներՙ Արմեն Շահգելդյան («Դինամո», Մոսկվա, Ռուսաստան), Արման Քարամյան («Փյունիկ», Երեւան), Արամ Հակոբյան («Արաքս», Երեւան):
Ցավոք, մի քանի առաջատար ֆուտբոլիստներՙ Ռոման Բերեզովսկին, Սարգիս Հովսեփյանը, Անդրեյ Մովսիսյանը, Արթուր Ոսկանյանը վնասվածքներ ունեն եւ չեն մասնակցի այս երկու հանդիպումներին: Պետք է կարծել, որ այդ խաղերը շատ դժվար կլինեն մեր ֆուտբոլիստների համար: Լեհաստանի հավաքականը խմբի միանձնյա առաջատարն է ու հիմնական ֆավորիտը: Բելառուսի ընտրանին եւս մեծ վերելքով է հանդես գալիս եւ ընթանում է երկրորդ տեղում, ինչը շատերի համար բավականին անսպասելի է:
Հունիսի 1-ին եւ 5-ին Եվրոպայի առաջնության ընտրական խաղեր կանցկացնի նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականը: Մեր ֆուտբոլիստները Աբովյան քաղաքում նախ կմրցեն Բելառուսի, ապաՙ Լեհաստանի իրենց հասակակիցների հետ:
Մեկ այլ, չափազանց հետաքրքիր հանդիպում է սպասվում հունիսի 5-ին: Այդ օրը «Հանրապետական» մարզադաշտում կմրցեն Հայաստանի եւ Լեհաստանի վետերանները: Մեր հյուրերն իրոք տպավորիչ կազմ ունեն. Լեհաստանի հավաքականում ընդգրկված են 70-80 թթ. այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Զբիգնեւ Բոնեկը, Յան Դոմարսկին, Գժեգոժ Լյատոն, Վլոձիմեժ Լյուբանսկին, Ստեֆան Մաեւսկին, Անտոնի Շիմանովսկին, Յան Տոմաշեւսկին, Վլադիսլավ Ժմուդան եւ ուրիշներ: Հայաստանի վետերանների հավաքականի կորիզը կկազմի հոյակապ «Արարտ-73»-ը: Մեր թիմում հանդես կգան հետեւյալ ֆուտբոլիստները. Ալյոշա Աբրահամյան, Արտաշես Մարկոսյան, Սուրեն Մարտիրոսյան, Ալեքսանդր Կովալենկո, Ալբերտ Սարգսյան, Նորայր Մեսրոպյան, Արտյուշա Մովսիսյան, Արթուր Միրզոյան, Հովհաննես Զանազանյան, Խորեն Հովհաննիսյան, Արկադի Անդրեասյան, Սերգեյ Պողոսյան, Ալեքսանդր Քերոբյան, Սամվել Պողոսյան, Էդուարդ Մարգարով, Նիկոլայ Ղազարյան, Պողոս Գալստյան, Գագիկ Հովհաննիսյան: Թիմը կգլխավորի Նիկիտա Սիմոնյանը:
Ռ. Ա.