Նրան կհետեւեն եվրոպական այլ երկրներ
Մայիսի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց մի օրինագիծ, որով նախատեսվում է ուժեղացնել պայքարն աղանդների դեմ: Սենատում օրինագիծը քննարկման էր ներկայացրել աջ ազատական սենատոր Նիկոլա Աբուն: Ազգային ժողովում նրա օրինակին հետեւել էր սոցիալիստ պատգամավոր Կատրին Պիկարը: Աջակողմյան եւ ձախակողմյան բոլոր քաղաքական խմբակցությունները կոչ էին արել քվեարկել օրինագծի օգտին: Սա նշանակում է, որ աղանդները մեծ գլխացավանք են դարձել նույնիսկ Ֆրանսիայի նման հզոր մի պետության համար (մինչդեռ դրանք ազատորեն գործում են փոքրիկ Հայաստանում): Օրենքը մայիսի 30-ին ընդունվեց գրեթե միաձայն. դեմ քվեարկեց միայն մեկ պատգամավոր:
Նույն օրն եւեթ Փարիզի խոշոր հյուրանոցներից մեկում բողոքի միջոցառում կազմակերպեցին աշխարհի առավել ազդեցիկ եւ հարուստ աղանդներից մեկիՙ այսպես կոչված «գիտաբանական եկեղեցու» ներկայացուցիչները: Այս աղանդի կենտրոնակայանն ԱՄՆ-ում է: Եվրոպայում առանձնապես ուժեղ է Գերմանիայի մասնաճյուղը: Ֆրանսիական մասնաճյուղի ներկայացուցիչ Մարկ Բրոմբերգը փարիզյան միջոցառման ժամանակ հայտարարեց, թե օրենքն ընդունվել է «մի խումբ ծայրահեղականների ջանքերով, որոնք ուզում են Ֆրանսիայում պետական աթեիզմ հաստատել»:
Օրենքի ընդունումից երկու շաբաթ առաջ կաթոլիկ կարդինալ Բիյեն եւ բողոքական պաստոր Կլերմոնը վարչապետ Լիոնել Ժոսպենին հղած նամակում երկյուղ էին արտահայտել անձի հիմնական իրավունքների սահմանափակման վտանգի առնչությամբ: Սակայն «Մոնդ» թերթը վկայում է, որ նոր օրենսդրությունը զերծ է այդ վտանգից: Այսուհետեւ արդարադատության մարմինները կարող են արգելել այն աղանդների գործունեությունը, որոնք կդատապարտվեն անձի դեմ ոտնձգությունների կատարման, վստահության չարաշահման, շորթումների, խարդախության, ապօրինի բուժումների եւ դեղագործության համար: Այս դրույթն ուղղված է մասնավորապես «գիտաբանների» դեմ, որոնց ներկայիս կամ նախկին ղեկավարներից շատերն արդեն ենթարկվել են քրեական պատասխանատվության:
Միաժամանակ նոր օրենսդրությունը զոհերին թույլ կտա «անգիտության կամ թուլության չարաշահման» դրույթի շնորհիվ առավել հեշտությամբ դատի տալ աղանդներին եւ դրանց առաջնորդներին: Այսպես, «խոցելի» (անչափահաս, հաշմանդամ, ֆիզիկական կամ հոգեբանական կախման մեջ գտնվող) մարդկանցՙ նրանց լրջորեն վնասող գործողությունների դրդելու դեպքում մեղավորները կպատժվեն 3 տարվա բանտարկությամբ եւ 2,5 մլն ֆրանկ (381122 եվրո) տուգանքով:
ԱԺ պատգամավոր Կատրին Պիկարի բնորոշմամբ, ընդունված օրենքն աշխարհում այդ կարգի առաջին փորձն է, քանի որ ուղղված է հենց այն աղանդների դեմ, որոնց գործունեության «նպատակը կամ հետեւանքը հետեւորդների ֆիզիկական կամ հոգեբանական կախվածության ստեղծումն է կամ դրա չարաշահումը»: Նրա տվյալներով, եվրոպական մի շարք երկրների խորհրդարաններ պատրաստվում են ընդունել համանման օրենքներ, չնայած ԱՄՆ վարչակազմը կտրականապես դեմ է դրանց ընդունմանը:
Պ. Ք.